Եթե բաց հանք լինի, ապա թող կապանցիներին տեղափոխեն ՎԶԵԲ-ի ստանդարտներն ու վարկերը 2

Եթե բաց հանք լինի, ապա թող կապանցիներին տեղափոխեն ՎԶԵԲ-ի ստանդարտներն ու վարկերը 2

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը շարունակում է նյութերի շարքը, որոնք վերաբերում են  «Deno Gold Mining Company» ընկերության համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 45 միլիոն դոլլարի վարկի տրամադրմանը: Վարկի նպատակը շրջակա միջավայրի, սոցիալական պայմանների, առողջության եւ անվտանգության, ինչպես նաեւ գործունեության թափանցիկության վերաբերյալ ավելի բարձր չափանիշների եւ պրակտիկաների հաստատումն է: Վարկը պետք է իրականացվի այն երկրներում, որտեղ գործունեություն է ծավալում բանկը:Հայաստանում «Deno Gold Mining Company» ընկերությունն իր գործունեությունը ծավալում է կապանում, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատերն է եւ շահագործում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը: Նախորդ ռեպորտաժում ՎԶԵԲ-ի չափանիշների կատարման վերաբերյալ իր կարծիքը ներկայացրեց «Deno Gold Mining Company» ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Գարկովը: Այս հրապարակման մեջ իրենց կարծիքն են ներկայացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Ռոման Նավասարդյանը եւ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը:

Ռաֆայել Ասրյան. «Անվտանգությունն իրենց եւ մեր հասկացողությամբ հարաբերական է: …Երեւի դուք գիտեք, որ ժողովրդին տարհանեցին Շահումյան բանավանից, քանի որ սողանքներ տվեց Շահումյան բանավանը: Անվտանգությունն այնքան չեն պահել իրենք, որ հնարավոր չէր, որ մարդիկ այնտեղ բնակվեին: Իմիջիայլոց, վերջերս էլ մեծ սողանք է տվել, մեծ  ճաք է առաջացել մինչեւ ընդհուպ Երեւան-Մեղրի ճանապարհը: Դա հենց «Գեոռիսկ»-ի (ընկերություն, որը գնահատել է Շահումյանի հանքերի երկրաբանական ռիսկերը) ասած նորմերի խախտումներից հետո է առաջացել: Հիմա ինչ է կատարվում, հանքը, որ փորում են, դատարկ ապար է առաջանում: Դատարկ ապարը պետք է լցնեն այդ փոս մնացած տեղերը, որպեսզի նստվածք չտա:… Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունում այդ դատարկ ապարի տոկոսային հարաբերությունը` պնդության աստիճան ասենք, այդ նորմաների թույլտվությունը 11 աստիճանից պակասը պարտադիր պետք է լցվի, դատարկ տեղերը փակվի, որ սողանքները, նստվածքները պահի: Շահումյանի բանավանում 7-8 աստիճան է»:

«ԷկոԼուր»-ի նկատառում: «Deno Gold Mining Company» ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Գարկովը «ԷկոԼուր»-ի հետ հարցազրույցում ասաց. «Ես չգիտեմ, թե ով է որոշում այդ տոկոսը: Դատարկությունները լցված են այնքանով, որքան պետք է, այսինքն` ընտրովի` ըստ անհրաժեշտության: Մենք լցնում ենք այն ժամանակ, երբ պետք է լինում լցնել»:

Ռոման Նավասարդյան. «Շահումյանի ծննդավայրը յուրօրինակ ծննդավայր է եւ Հայաստանի ամենալավ ծննդավայրերից է, հաշվարկված էր տաեկան 300 000 տոննա հանքաքար մշակել, եւ խոսքը վերաբերվում էր ստորգետնյա ձեւով` եւ պարտադիր հաշվի առնելով ապարների ամրությունը: 60 տարի պիտի շահագործվեր: Իրենք (ընկերությունը) արտադրողականությունն են բարձրացնում, հատկապես մեր լսածներով եթե բաց հանք են բացում, ուրեմն բաց հանքում բացառվում է, որ վերամշակվի 300 000 տոննա: Կմշակվի մինիմում 1 միլիոն տոննա: … Եթե 1,5 միլիոն լինի, ապա պաշարները թույլ է տալիս, որ այդ հանքը աշխատի 15 տարի:… Եթե բաց հանք բացվեց Շահումյանում, ուրեմն Ղափանը պիտի փակվի: …Էլեմենտար մի երեւույթ, որը պարտադիր ձեւով քամիների ուղղություն է կոչվում: Ղափանը գտնվում է մի ձորում, այսինքն` քամին այս ձորով կամ ներքեւ է գնում, կամ վերեւ է գնում: Եթե այդ հանքը գտնվում է քամիների ուղղության այդ գոտում, այդ փոշին ու՞ր պիտի գնա: Իսկ այնտեղ ի՞նչ մետաղներ են` ծանր մետաղներ են չէ` պղինձ, կապար, ցինկ…»:

Ռաֆայել Ասրյան. «Եթե իրենք աշխատում են IFC ստանդարտով, այդ ստանդարտում միանշանակ գրված է` բաց հանքը պետք է բնակավայրից 20 կմ ուղիղ գծով հեռու լինի: Արդյո՞ք իրենք դա ապահովում են: Շահումյանի բաց հանքը Կապանից ուղիղ գծով 1 կմ-ից էլ քիչ է:  Հենց այդ մի տողը հերիք չէ՞, որ իրենք չպիտի բաց հանք բացեն: Եթե ցանկացած ղափանցի, ես պաշտոնապես հայտարարում եմ, որը բնակվում է Ղափանում, որը ունի երեխաներ, թոռներ եւ այլն, եթե ինչ-որ մեկը կգտնվի, որ համաձայն է բաց հանքի բացվելուն, ես կհամարեմ ազգի թշնամի… Պղինձ,  կապար, ցինկ, ոսկի, արծաթ, կադմիում, սելեն, թելուր, գալիում, ինդիում, բիսմուտ, հելմանիում`այս բոլորը, պաշտոնապես ֆիքսած է, Շահումյանի հանքում կա, …Հիմա այսքանի մեջ եթե կողմնակի ազդեցություններըւ տեսնենք, թե ինչքան է վնաս ժողովրդի առողջության համար, այն ժամանակ թող իրենք աշխարհին ասեն, որ ժողովրդի անվտանգությունն ապահովում ենք: Եթե կա այսօր այնպիսի մի մեխանիզմ, որ պայթեցնում են բաց, եւ այդ ամբողջ պայթեցումը փոշին վերցնում է ու չի թողնում` դուրս գա մթնոլորտ, ուրեմն իրենք, այո, կարող են աշխատել: Բայց նման բան չկա այսօր: Եթե ուզում են բաց հանք բացեն, թող բարի լինեն, Կապան քաղաքը տեղափոխեն»:



Դեկտեմբեր 19, 2012 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր