Էկոլոգիական հասարակական դաշինք. «Մենք հնարավոր չենք համարում քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հայտարարությունը»

Էկոլոգիական հասարակական դաշինք. «Մենք հնարավոր չենք համարում քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հայտարարությունը»

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը դեկտեմբերի 20-ին հրավիրեց հասարակայնության ներկայացուցիչներին` քննարկելու քաղաքացիական նախաձեռնությունների` Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պաշտոնից ազատելու եւ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու մասին  հայտարարությունը: Հիշեցնենք, որ իրենց հայտարարությունը «Թեղուտի պաշտպանության», «Թռչկան», «Խոսրովի արգելոց» եւ «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունները նոյեմբերի 5-ին ուղղել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին:

Իր ելույթում Սիմոն Պապյանը նշեց. «Նախաձեռնությունները հրաժարվեցին մասնակցել քննարկմանը, եւ դա նրանց իրավունքն է, որը մենք հարգում ենք: Բարդ խնդիրներից դուրս գալու ուղիներ կան, եւ ես ցանկանում եմ քննարկել դա ձեզ հետ»:

Սակայն հասարակայնության ներկայացուցիչները հրաժարվեցին քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հայտարարությունը:  Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը հայտարարություն արեց. «Մենք հնարավոր չենք համարում քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հայտարարությունը, այն էլ որ ինքներս տարբեր նախաձեռնություններում ենք: Օրինակ` ես «Խոսրովի արգելոց» նախաձեռնության մեջ եմ»: Սիլվա Ադամյանը բարձրացրեց նաեւ Բնապահպանության նախարարության հետ նամակագրության  հարցում իր կարգավիճակը: Բանն այն է, որ նախարարությունը Էկոլոգիական հասարակական դաշինքին ուղղված պատասխան նամակներում համակարգողին դիմում է որպես քաղաքացի` անտեսելով այն փաստը, որ նա հասարակայնության ներկայացուցիչն է: Նախարարության բացատրությունը, թե Դաշինքը ոչ իրավաբանական, ոչ էլ ֆիզիկական անձ է, չբավարարեց Սիլվա Ադամյանին, ով լքեց նիստը:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը եւ նույն հաստատության լաբարատորիյի վարիչ Մամիկոն Ղասաբյանը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը եւ նույն ինստիտուտի առաատար գիտաշխատող Գոհար Օգանեզովան, «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ժաննա Գալյանը հարց բարձրացրեցին «Հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագիծը շահագրգիռ հասարակայնության ծայրաստիճան բացասական վերաբերմունքն է առաջացնում: Ժաննա Գալյանի խոսքերով` օրինագիծն ուղղված է նրան, որպեսզի արգելոցային գոտիները եւ Խոսրովի արգելոցը համեղ կտորների բաժանի բարձրաստիճան անձանց միջեւ:

Սիմոն Պապյանը պատասխանեց, որ օրինագիծը վերադարձվել է վերամշակման, եւ որ շտապելու ոչինչ չկա, եւ որ ցանկություններն ու դիտողությունները հաշվի կառնվեն:

Նա նաեւ պատասխանեց «ԷկոԼուր»-ի այն հայտարարությանը, որ հասարակայնության վրա է լցվել առողջության եւ շրջակա միջավայրի համար բարձր ռիսկեր պարունակող նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների մի ողջ փաթեթ: Սիմոն Պապյանը բացատրեց, որ դրանում որեւէ չար միտում չկա, որ 2 շաբաթվա ընթացքում հանքարդյունաբերական նախագծերի վերաբերյալ անցկացվել են միանգամից 10 լսումներ. «Դա կապված է նրա հետ, որ ընկերությունները հանկարծ հիշել են, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրամադրված լիցենզիաների ժամկետների հետ կապված խնդիրներ ունեն եւ իրենց նախագծերի հասարակական լսումները նշանակել են տարվա վերջին»,- բացատրեց նա: Ի պատասխան` «ԷկոԼուր»-ը պահանջեց օգտագործել ունեցած մեխանիզմները եւ պաշտպանել ոչ թե ընկերությունների, այլ շրջակա միջավայրի շահերը: Արդյունքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կարելի է ապահովել հասարակայնության մասնակցությունը` հատուկ վտանգավոր նախագծերի վերաբերյալ լրացուցիչ լսումներ կազմակերպելով:   Արամ Գաբրիելյանը նշեց, որ այս հարցում կարեւոր է այն, որպեսզի արտահայտված կարծիքը հաշվի առնվի նախագծի վերաբերյալ տրվող եզրակացության մեջ:

Դեկտեմբեր 21, 2012 at 11:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր