ՀՀ բնապահպանության նախարարությունը կաջակցի Արցախի հանքարդյունաբերության զարգացմանը

ՀՀ բնապահպանության նախարարությունը կաջակցի Արցախի հանքարդյունաբերության զարգացմանը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը կաջակցի Արցախի հանքարդյունաբերության զարգացմանը: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Դեկտեմբերի 19-ից երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: ՙԱստիճանաբար զարգանում է հանքարդյունաբերությունը և այս առումով մենք մեծապես կարևորում ենք ձեր մասնակցության անհրաժեշտությունը: Արցախում հանքարդյունաբերությունը ավանդական ճյուղ չի եղել, ուստի մենք կարևորում ենք դրա զարգացումը և այդ ուղղությամբ աշխատանքներ ենք նախատեսում՚, - նշել է Արա Հարությունյանը: Նա կարևորել է Հայաստանի աջակցությունը որակյալ կադրեր պատրաստելու հարցում: Ըստ վարչապետի` Արցախում բնապահպանական խնդիրների շարքում են ջրերի և անտառների կառավարումը: ՙՀամապատասխան գույքագրում և հաշվարկներ չունենալու պատճառով տեղի է ունենում ռեսուրսների վատնում, իսկ դա կարող է հանգեցնել ջրային և անտառային ռեսուրսների նվազմանը՚,- նշել է վարչապետ Հարությունյանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը,  խոսելով հանքարդյունաբերության խնդիրների մասին՝ անդրադարձել է ֆլոտացիայի, կոնցենտրատների և պոչամբարների հարցերին: Նա նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների հնարավորին կիրառմամբ կարելի է լուծել այդ խնդիրները, իսկ Հայաստանի բնապահպանության նախարարությունը լայնորեն կաջակցի Արցախի կառավարությանն այդ հարցում: ՙՋրերի կառվարման հարցում մենք բավականին խորը ուսումնասիրություններ ունենք: Հայաստանում ստեղծվել է ջրերի կադաստր, ջրավազանային համակարգ, որը բաժանված է մի քանի մասերի՚,-նշել է նախարար Հարությունյանը: Նախարարը խոսել է բնության հատուկ պահպանվող տարածքների մասին, ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում դրանց համակարգային ու կառուցվածքային կառավարման մեխանիզմները, խոսել այդ ուղղությամբ տարվող հետագա աշխատանքների մասին: Արամ Հարությունյանն այդ համատեքստում անդրադարձել է Իրանի հետ նախատեսվող ՙԽաղաղության այգու՚ ստեղծմանը, և հույս հայտնել որ այս նախագծում կքննարկվի նաև Արցախի ներգրավման հարցը: Կադրերի պատրաստման հարցում Արամ Հարությունյանը խոստացել է բոլոր ձևաչափերով ու հնարավոր տարբերակներով օգնել ԼՂՀ-ին: ՙՄենք տրամադրված ենք, արցախյան կողմին ներգրավել տարբեր մասնագիտական դասընթացներում, կազմակերպել փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ՚,-ասել է Արամ Հարությունյանը: Հայկական և արցախյան պատվիրակությունների ղեկավարները քննարկել են նաև ձկնաբուծության զարգացման և ԼՂՀ ամենամեծ ջրային ավազանում՝ Սարսանգի ջրամբարում, մանրաձուկ բաց թողնելու վերաբերյալ հարցեր: Հայկական  կողմը ԼՂՀ կառավարությանը նվիրել է ավտոմեքենա, տեսչական համազգեստներ և համակարգիչներ:  Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել:

Դեկտեմբեր 21, 2012 at 16:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր