

ԷկոԼուր
Մենք շարունակում ենք Կապանի մասին նյութերի հրապարակումը, որտեղ իր գործունեությունն է ծավալում «Deno Gold Mining Company» ընկերությունը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 45 միլիոն դոլլարի վարկ է տրամադրում «Deno Gold Mining Company» ընկերությանը: Վարկի նպատակը շրջակա միջավայրի, սոցիալական պայմանների, առողջության եւ անվտանգության, ինչպես նաեւ գործունեության թափանցիկության վերաբերյալ ավելի բարձր չափանիշների եւ պրակտիկաների հաստատումն է:
«Deno Gold Mining Company» ընկերությունն իր գործունեությունը ծավալում է Բուլղարիայում, Հայաստանում եւ Նամիբիայում: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը վարկ է տրամադրում միայն այն երկրներում, որտեղ գործում է: Վերը թվարկված երկրներից բանկը գործում է Բուլղարիայում եւ Հայաստանում: Բանկի նախագծային առաջարկության մեջ ասված է. «Deno Gold-ը Հայաստանում կընդունի եւ կյանքի կկոչի Սոցիալական եւ բնապահպանական միջոցառումների պլանը, որպեսզի Deno Gold-ի գործունեությունը համապատասխանեցվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պահանջներին»: «ԷկոԼուր»-ի ռեպորտաժում ներկայացվում է Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանի եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի տեսակետը: Գլխավոր հարցերից մեկը, որը հուզում է հասարակայնությանն ու տեղի բնակիչներին, Deno Gold-ի մտադրությունն է` անցնել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց շահագործման, որի մի մասը մտնում է Կապան քաղաքի տարածքի մեջ:
Աշոտ Ավագյան, «Ես տեղյակ եմ, որ իրենք («Deno Gold Mining Company») սոցիալական խնդիրներին անդրադառնում են: …Զոհված ազատամարտիկների ընտանիքներին ես գիտեմ, որ այդպիսի բաներ արվում են, նախատեսվել են այս տարվա վերջ մինչեւ էլի միջոցառումներ անելու: … Քաղաքի ներսում այգիներ, ծառատուկեր, որոնց ես էլ եմ մասնակցել, մանկապարտեզներին այս տարի բավականին միջոցներ է տրամադրել:… Մի ծրագիր է պատրաստ` շրջակա միջավայրում անտառային գոտու ստեղծման վերաբերյալ, որը պետք է իրականացնի մեր Կապանի լավագույն մասնագետ Վլադիկ Մարտիրոսյանը: Ինչ վերբերում է անվտանգությանը, ապա լեռնահանքային արդյունաբերության մեջ մանավանդ ստորգետնյա մշակումը ամենանվազագույնն է, չի կարելի ստորգետնյան համեմատել վերգետնյա բաց եղանակի հետ: ....Փակ ցիկլով պոչամբարը դա արդեն մեծ պլյուս է, որ կեղտաջրերը չեն լցվում գետը:
….Բացել են տեղեկատվական կենտրոն, , օպերատիվ ձեւով իրենք պատասխանները տալիս են: … Ինչ դիմել ենք, բավարարել են: … Եթե ես նամակ գրեմ ու ասեմ` խնդրում եմ` տրամադրեք ինձ ձեր բնապահպանական ծրագիրը, ես կարծում եմ, որ խնդիր չեմ ունենալու: Ուղղակի ես դա չեմ գրել:
Ինչ վերաբերվում է բաց հանքին, ապա կարող եմ միանշանակ ասել, որ հասարակական կազմակերպությունները կտրականապես դեմ են բաց եղանակով հանքի մշակմանը, քանի որ այդ հանքավայրերը խիստ մոտիկ են քաղաքին: Մենք մի անգամ ասել ենք, նախագիծն ունենք, քամիների առավելագույն ուղղությունը հարավ-արեւմտյան է, այսինքն` գալիս է Կապան քաղաքի վրա: Այն ժամանակ վնասը լինելու է առավելագույն: Ոչ մի փող չի կարող փոխարինել մարդկանց առողջությանը: …Հանրության հետ մենք հաճախ ենք հանդիպում, քաղաքացիները հաճախ են հարցնում, ինչ եղավ, ոնց եղավ, ես միշտ էլ պատասխանում եմ, որ մենք պայքարելու ենք բաց եղանակով մշակման դեմ: …Մարդիկ կան, ովքեր ասում են, որ եթե ես իմանամ, որ 10 տարի հետո ռակից եմ մահանալու, ավելի լավ է` 10 տարի աշխատելով մահանամ, քան թե 2 տարի հետո սովից մահանամ: Այդպիսի մարդիկ լինելու են, բայց բաց հանքի հասարակական լսումը պետք է լինի ամբողջ Կապան քաղաքի հանրության մասշտաբով հանրաքվեի պես մի բան: Եթե մեծամասնությունը ցանկացավ, որ պատրաստ են ինքնազոհության մի քանի գումարի համար, դա հետագայի խնդիր է»:
Լեւոն Պետրոսյան. «Մեր տեսչության կողմից գնահատումը կտրվի, երբ որ լինի Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց շահագործման նախագիծ եւ հանձնված մեր նախարարությանը բնապահպանական փորձաքննության պահանջով: Ամեն դեպքում ձեզ վստահեցնում եմ, որ մեր կողմից միանշանակ հաշվի կառնվի շրջակա միջավայրի վրա բացասական ցանկացած ազդեցություն: Եթե ունենա ինչ-որ բացասական ներգործություն, մենք միանշանակ կլինենք այդ նախագծին դեմ: Բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ ես որպես կապանցի, Կապան քաղաքի բնակիչ, պաշտոնյան թողնենք մի կողմի վրա, ես միանշանակ դեմ եմ այդ բաց հանքի բացմանը»:
Հիշեցնենք, որ նախորդ ռեպորտաժներում իրենց կարծիքն են ներկայացրել Deno Gold-ի գլխավոր տնօրեն Իլյա Գարկովը, Սյունիքի մարզի նախկին մարզպետ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Ռոման Նավասարդյանը եւ Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը:
Դեկտեմբեր 25, 2012 at 17:39
