

ԷկոԼուր
Բնապահպանական տեսչությանը, որն անչափ թույլ կատարեց իր պարտավորությունները, կառավարությունն ու պատգամավորներն էլ ավելի կոշտ շրջանակների մեջ դրեցին: Այժմ խոշոր տնտեսվարողների համար տեսչական ստուգումները վերածվում են ֆարսի: Տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իրավիճակն այսպես մեկնաբանեց. «Կառավարությունն այլ մոտեցում է ցուցաբերում ստուգումներին: Այսինքն` մենք չենք կարող կամայական սկզբունքներով ստուգումներ իրականացնել: Առաջին կարեւոր սկզբունքը, որ դրված է, որպեսզի անհարկի տնտեսվարողին չանհանգստացնենք, այսինքն մենք պետք է իրականացնենք ռիսկի վրա հիմնված ստուգումներ:… Մենք մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ունենք` մասնավորապես «Բնապահպանական վերահսկողության ինքնահսկման մասին» օրենքը, որի ընդունումից հետո մենք չենք ուզենա ընդհանրապես անհարկի անհանգստացնել (երբ իրենց տվյալները պետք է հրապարակեն հենց ընկերությունները):… Մեր խնդիրը նրանում է, որպեսզի մենք կարողանանք բնապահպանական խնդիրները լուծել առանց անհարկի անհանգստացնելու: … Ստուգումների մասին օրենքով նաեւ մեզ մոտ մի շարք սահմանափակումներ կան, մասնավորապես մեկ անգամից ավելի տարին չի կարելի ստուգել: Եթե այլ կառույցներ ստուգել են, դուք չեք կարող…»:
Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչի համար է անհրաժեշտ բնապահպանական տեսչությունը: Ինչպե՞ս կարելի է վստահել ընկերությունների կայքերում հրապարակված տեղեկատվությանը, որը կստացվի ինքնավերահսկման արդյունքում: Ինչպե՞ս հայտնաբերել ռիսկերը, երբ ստուգումներն իրականացվում են բնապահպանության նախարարի պաշտոնական հանձնարարականից հետո:
Նշենք նաեւ, տեսչական ստուգումների ընտրովի բնույթը բարձր կոռուպցիոն ռիսկեր է կրում, որոնց դեմ պայքարի մասին այդքան սիրում է խոսել մեր կառավարությունը:
Հունվար 15, 2013 at 11:40
