

ԷկոԼուր
Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները կտրականապես դեմ են Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտում հանքավայրերի շահագործմանը: Ինչպես հայտնի է, Բնապահպանության նախարարությանն են ներկայացված Մեղրաձորում ցիանային արտադրության կառուցման, Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման նախագծերը: Ներդրումների եւ ռիսկերի մասին «ԷկոԼուր»-ին ներկայացնում է «Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը:
«Կառավարության ներկայացրած այն ծրագրերը, թե հանքարդյունաբերությունը պիտի լոկոմոտիվի դեր կատարի, եւ մենք պիտի սկսենք մեր տնտեսության զարգացումը հանքարդյունաբերությունից, մեր զարգացման այս էտապում, ինքը որեւէ քննադատության չի դիմանում: Ես կոնկրետ օրինակի վրա ասեմ, երբ որ մենք Հանքավանի մոլիբդենի հանքի շահագործման հետ կապված գյուղացիների հետ փորձում էինք զրուցել եւ մեր կարծիքներն էինք ասում, այնտեղ մի գյուղացի, որ, իրոք, չարքաշ վիճակում էր եւ օրվա հացի խնդիր ուներ, շատ պարզ միտք ասաց, որը, կարծում եմ, շատ բնորոշ է այդ տարածաշրջանին: Ասաց, տղա ջան, ինչ կապ ունի՝ ես հիմա սովածությունից մեռնեմ, թե մեռնեմ հանքարդյունաբերությունից ստացած հիվանդություններից: Հասարակությունը, բոլորս գիտենք, սոցիալական անելանելի վիճակում է: Հատկապես գյուղերում սոցիալական ծանր վիճակ է, եւ մարդիկ հազիվ են կարողանում գոյատեւել, անգամ գոյատեւման խնդիր է: Եւ բոլորս գիտենք արտագաղթի այդ շատ նսեմացուցիչ վիճակները, որ հիմա կա, այդ բոլորը հայտնի է: Բայց ես համոզված եմ, որ, ճիշտ կազմակերպչական հարցերը լուծելով, Հայաստանի հողը ամուլ հող չի, Հայաստանի հողը կարող է կերակրել իր բնակչությանը: Տեսեք, մենք գնացինք խոտոր ճանապարհով. մենք հողը սեփականաշնորհեցինք առանց լուրջ ծրագրի, գյուղացուն մատնեցինք անգործության, որովհետեւ գյուղացին միայնակ չի կարող հողը մշակել: Այդտեղ հազար խնդիրներ կան, որ տարիներով քննարկվում է ու ոչ մի առաջխաղացում չկա: Տուրիզմը՝ մենք հսկայական կապիտալ շինությունները թողեցինք կիսանտեր վիճակում: Հանքավանի ձորում առնվազն 50-60 կապիտալ շինություններ, որոնք առաջ ճամբարներ էին, գործարանների հանգստյան տներ էին, բոլորը հիմա կիսաքանդ, կիսավեր վիճակում են, կամ կիսասեփականաշնորհված, եւ բոլորը սպասում են, որ կախարդական փայտիկով մի արտասահմանցի գալու է ու իր ներդրումն անի: Այստեղ պիտի պետությունը լուրջ առաջադրանքներ դնի եւ լուծի, պիտի քաղաքական որոշում կայացնի: Մենք ի՞նչն ենք զարգացնում: Այդ հնարավորությունը մեզ տվել է բնությունը` Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները, Հայաստանի կլիման, եւ տվել է հարուստ հանքեր, լեռներ, որոնց մեջ պարփակված է հարստություն: Հանքարդյունաբերության ոլորտը եկամուտների բաշխման աումով ամենաանմարդասիրականն է: Այնտեղ եթե մի միլիոն ներդրումը բերում է մի 50 զբաղվածություն, մի 50 մարդու, մնացածը մնում են կողք: Եւ այնտեղ շահույթնրը գնում է 1-2 հոգու՝ հանքատերերին կամ անհայտ մարդկանց, որի հետ համեմատած լռիվ հակառակ բնագավառ է զբոսաշրջությունը: Զբոսաշրջությունն այն բնագավառն է, որտեղ միավոր եկամուտն ամենաբարձր բաշխվածությունն ունի: Այսինքն՝ եթե այնտեղ մի միլիոն եկամուտ կա, դրանից կարող են օգտվել առնվազն, տեսեք, այն գյուղացուց, որը կարող է տանը լավաշ, հաց թխել, վաճառել, հուշանվեր պատրաստողից, կովի կաթ վաճառողից մինչեւ հյուրանոցի սպասուհին, մինչեւ տուրիստական գործակալը: Այսինքն` բաշխավածությունը շատ է, այն, ինչ հիմա պետք է մեր հանրապետությանը: Նոր տեխնոլոգիաները հնարավորություններ են տալիս. Մոսկվայում նստած մեկը որոշում է, որ ուզում է գալ Ծաղկաձոր՝ հանգստանալու եւ դահուկ քշելու: Շատ ընդունված է, եւ հիմա մենք մեծաքանակ տուրիստների ենք սպասում: Նա մինչեւ գալը վերցնում է, բոլոր սպուտնիկային ծրագրերով կա, քարտեզով գալիս է, Ծաղկաձորն ուսումնասիրում է, թե ինքը ուր է գնում, ինչ կա այնտեղ, ինչ հետաքրքրություն կա բացի նրանից, որ ինքը պետք է դահուկ քշի: Եվ ինքը քարտեզով գալու է Ծաղկաձոր հասնի, տեսնելու է կողքը մոլիբդենի հանք` 30 կմ հեռու, կողքը ալյումինի հանք՝ 10 կմ հեռու, կողքը երկաթի հանք՝ 3 կմ հեռու: Այդ տուրիստին ուզում ես, անվճար դու հրավիրի այստեղ, ուզում ես իրեն ինչ ծառայություն մատուցի, նա երբեք չի գա այս երկիրը: Այդտեղ կորուստներ ունեցա՞նք: Կորցրեցի՞նք տուրիստներին, որոնք պիտի գային այստեղ եւ պիտի վճարեին այդ ծառայությունների համար: Մենք զուգահեռ կորցրեցինք աշխատատեղերը. բոլոր հյուրանոցներում կկորցնենք բազմաթիվ աշխատատեղեր, եւ կկորցնենք, ամենակարեւորը, որ էլի կառավարության արգումնենտներից է, թե ներդրումներ ենք ներգրավում: Այսօր միայն Ծաղկաձորում այս պահին շինարարության գործընթացի մեջ են առնվազն 4-5 խոշոր հյուրանոցային համալիրներ, որոնց վրա ներդրումը միջին հաշվով 50 միլիոն դոլլարից անցնում է: Ես ասեմ, որ դա ոչ միայն Ծաղկաձորի, ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ Հայաստանի համար կործանարար ծրագրեր են, որոնք, փուլ առ փուլ իրագործելով, մենք փուլ առ փուլ կործանում ենք այս մի ոտքաչափ երկիրը, որ մեզ բաժին է հասել: Մենք այս գարնանը բնապահպանների մի փոքր խմբով Թեժ լեռում էինք, եւ այնտեղ ուզում էինք նկարահանումներ անել: Ասեմ՝ այնտեղ բնական ինչ միջավայր է: Անգամ այնտեղ եթե ուզում ես դու քայլել այնպես, որ ծաղիկները չտրորես, հնարավոր չէ քայլել, որովհետեւ այնքան ծաղկառատ երկիր է, ամեն մի քարի տակից ջրեր է հոսում, դա դրախտային մի վայր է: Եթե դուք գնաք մայիս-հունիս ամիսներին, հազարերանգ ծաղիկներ, բազմատեսակ թռչունների ծլվլոցը, ջրերի քրքչոցը, ամեն քարի տակից աղբյուր է հսում, եւ այդ բնությունը փոխանակ մենք վերցնենք, սարքենք էտալոնային մի բան, եւ իրեն էկոտուրիզմի մեջ օգտագործենք..: Ես չեմ կարծում որ աշխարհում շատ այդպիսի կուսական բնություն կա պահպանված, որ մենք այդպես հեշտ ուզում ենք դրա վրայով անցնենել: Եթե այդ ծրագիրը կյանքի կոչենք, այնտեղ 300-500 աշխատատեղ բացենք, մի տարում կկորցնենք այդքան աշխատատեղ տուրիզմի բնագավառում եւ կրկնակի աշխատատեղեր մենք կկորցնենք գյուղատնտեսության ոլորտում. Գյուղացին չի կարող իր մի բուռ հողը մշակի, այնտեղից կաղամբ ու կարտոֆիլ ստանա, եթե չի էլ վաճառում, իր հոգսերը հոգալու համար: Եւ դա էլ է աշխատատեղերի կորուստ: Դա բարիքների կորուստ է, մանավանդ եթե հաշվի առնենք մեր պետության վիճակը այնպիսին է, որ ամեն քայլափոխի մենք կարող ենք շատ դառը իրականության առաջ կանգնել, երբ որ մենք կտրված ենք ամբողջ աշխարհից եւ մենք պիտի հոգանք մեր ուտելու խնդիրը, մեր գոյատեւելու խնդիրը, մեր տաքանալու խնդիրը, իսկ հիմա մի հարվածով՝ հանքարդյունաբերությունը զարգացնելով, մենք ամեն ինչից աստիճանաբար զրկվում ենք եւ երկիրը բերում ենք մի վիճակի, երբ որ մենք չենք կարողանում ապահովել մեր ամենանվազ կենսական պայմանները՝ կորցնելով այդ ամեն ինչը»:
Հունվար 21, 2013 at 15:56
