ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կիսում է «ԷկոԼուր»-ի մտահոգությունը` կապված Սեւանա լճի խնդիրների հետ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կիսում է «ԷկոԼուր»-ի մտահոգությունը` կապված Սեւանա լճի խնդիրների հետ

ԷկոԼուր

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կիսում է «ԷկոԼուր»-ի մտահոգությունը` կապված Սեւանա լճի խնդիրների հետ: ՀՀ ԳԱԱ-ի պաշտոնական նամակն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին եւ վերաբերում է «ԷկոԼուր»-ի` կառավարությանն ուղղված դիմումին, որը հիմնված է 2012թ. Գեղարքունիքի մարզի 40 ափամերձ համայնքներում անցկացված հասարակական մոնիտորինգի արդյունքների վրա:  ՀՀ ԳԱԱ-ի նամակում ասված է. ««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի կողմից բարձրացված հարցերը խիստ հրատապ են եւ ընդհանուր առմամբ համապատասխանում են իրականությանը: Թեպետ կան որոշ հարցադրումներ, որոնք առավել մասնագիտական մեկնաբանությունների եւ ճշգրտումների կարիք ունեն:

Մասնավորապես, իշխանի պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները գնահատելիս, Ի. Զարաֆյանը նշում է տեղափոխման արդյունքում մանրաձկան զգալի կորուստների մասին: Նման գործընթացների ընթացքում կորուստներ, անշուշտ, լինում են, եւ կորուստների նվազեցումը տեխնիկական հարց է, որից կարելի է խուսափել գիտական կառույցների մասնագետներին այդ գործընթացում ներգրավելու ճանապարհով: Սակայն ավելի լուրջ հիմնախնդիր է ձվադրավայր հանդիսացող գետերի հուների անմխիթար վիճակը, հուների փոփոխությունը, հիդրոտեխնիկական կառույցների` փոքր ՀԷԿ-երի առկայությունը, չկարգավորվող ջրառը, ինչը խոչընդոտում է լճում առկա իշխանի սեռահասուն առանձնյակների բնական վերարտադրման ընթացքը: Այդ մասին արդեն մի քանի տարի է` ՀՀ բնապահպանության նախարարությանն է ահազանգում ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը: Էնդեմիկ ձկնատեսակների համար ձվադրավայր հանդիսացող գետերի վրա նման կառույցների առկայությունն արդեն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի խախտում է:

Իշխանի վերարտադրման ուղղությամբ ներդրված ջանքերի ու ֆինանսական միջոցների կորստի հիմնական պատճառներից է նաեւ գետաբերաններում սեռահասուն առանձնյակների որսագողությունը, որի դեմ պետք է պայքարել բոլոր մակարդակներով` տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, բնապահպանական տեսչության, ՀԿ-ների ուժերով եւ այլն:

Ինստիտուտը հաճախ է խոսում նաեւ պետական ձկնաբուծարանի կառուցման անհրաժեշտության մասին, սակայն ձկնաբուծարանի ընտրությունը պետք է կատարել միայն հնարավորությունների եւ մասնագիտական կարողությունների գնահատում կատարելուց հետո, եւ ամենեւին էլ պարտադիր չէ այն գործարկել Լճավանում:

Լճի վիճակը բարելավեու եւ ռազմավարական նշանակությունն ապահովելու համար պետք է վերականգնել ոչ միայն էնդեմիկ, այլեւ արդյունագործական ձկնատեսակների պաշարները:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ջրի մաքրության եւ որակի վերականգնման հարցին:

Ցավոք, էկոհամակարգի կառավարման ընթացքում շատ հաճախ են անտեսվում գիտական հիմնավորումներն ու առաջարկները, որի արդյունքում տուժում է լիճը եւ ավազանի բնակչությունը»:  

Հունվար 22, 2013 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր