Րաֆֆի Հովհաննիսյան` մեզ պետք է բնապահպանական ոստիկանություն

Րաֆֆի Հովհաննիսյան` մեզ պետք է բնապահպանական ոստիկանություն

ԷկոԼուր

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում զգալի տեղ է զբաղեցնում բնության պահպանությունը: Ծրագրի բնապահպանական մասը սկսում է «Հայկական բնաշխարհը եւ բնական պաշարներն ազգային հարստություն են» խոսքերով: Ապա նշված է. «… Հասարակության յուրաքանչյուր անդամ` բնական ռեսուրսների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների սեփականատեր: Օրենքի ուժով պետք է խրախուսել արդյունահանող ձեռնարկությունների անցմանը բաց բաժնետիրական ընկերությունների` մեխանիզմներ ամրագրելով, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա բաժնետոմս ձեռք բերելու նման ձեռնարկություններից որեւէ մեկում: Սա նաեւ բարոյական խնդիր է…»:

Րաֆֆի Հովհաննիսյանը բերում է վճարումներ չկատարելու դասական օրինակներ, եւ, հետեւաբար, ընդերքօգտագործման ոլորտում ստացված գերշահույթների ստացման օրինակներ: ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` սահմանված կարգով շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների տեղադրման դիմաց բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որը 2010թ. արդյունահանել է շուրջ 16 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել գրեթե նույնքան առնվազն 2-րդ կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրվեր 384 մլրդ դրամ ...2007թ.-ից ի վեր, երբ ընդունվել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղադրել է ավելի քան 55 մլն տոննա թափոններ, որի համար պարտավոր էր, սակայն չի վճարել Հայաստանի Հանրապետությանը 1,3 տրլն դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլար…»:

Ապա ծրագրում նշված են սկզբունքներ եւ անհապաղ ձեռնարկվելիք միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են երկրի կայուն զարգացման եւ երկարաժամկետ քաղաքականության անցկացման համար: Օրինակ` «… օրենսդրորեն այնպիսի մեխանիզմների ձեւավորումը, որոնք տնտեսվարող սուբյեկտների համար բնապահպանական միջոցառումների կիրառումը կդարձնեն տնտեսապես շահութաբեր…»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ անհրաժեշտ է ընդունել  բնական պաշարների արդյունավետ օգտագործման մասին ՀՀ օրենք, բնապահպանական ոլորտում վերացնել օրենսդրական հակասությունները, խստացնել բնապահպանության ոլորտի պահպանման եւ կարգավորման հիմնախնդիրների լուծմանն ուղղված նորմատիվային-իրավական պահանջները, հիմնել բնապահպանական ոստիկանություն:

Լուսանկարը վերցված է www.raffi4president.am կայքից

Հունվար 24, 2013 at 17:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր