

ԷկոԼուր
«Ոչ ցիանիդին», «Հանուն մեր երեխաների», «Փրկիր Մեղրաձորը»: Այսպիսի ցուցապաստառներով Մեղրաձոր գյուղի բնակիչները հունվարի 25-ին դուրս եկան բողոքի ակցիայի ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Ավելի քան 500 բնակիչ իր ստորագրությունն էր դրել նախագահին ուղղված դիմումի տակ, որով խնդրում էին կանգնեցնել Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցումը: «Մեզ մոտ արդեն իսկ վատ էկոլոգիական վիճակ է: «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը բացել է հանքը, եւ ամբողջ փոշին գալիս է մեզ վրա, իսկ հիմա էլ ցիանիդը…Ընկերությունն ասաց, որ եթե իր աշխատակիցներից ինչ-որ մեկը խոսի ցիանիդի մասին, ապա թող հեռացման դիմում գրի…Գյուղում շատ լարված իրավիճակ է. ընկերությունն այնպես է անում, որ եղբայրը գնա եղբոր վրա…Առավոտյան, երբ մենք գյուղից դուրս էինք գալիս` ակցիայի գալու, մեզ զանգեցին եւ ասացին, որ տնօրինությունն իր աշխատակիցներին հրամայել է, որպեսզի նրանք արագ ստորագրություններ հավաքեն իրենց ընտանիքներից հօգուտ նախագծի, հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից…»,- ասացին ակցիայի ներկայացուցիչները:
Մեղարձորցիների պահանջ-նամակը հանդիպման ընթացքում հանձնվեց Աիդա Ասատրյանին` նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի ղեկավարը: Խնդիրը ներկայացրեցին Մեղրաձոր գյուղի բնակիչներ Կարեն Հովհաննիսյանը, Արսեն Կրակոսյանը, Սամվել Մկրտչյանը եւ «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Հանդիպման ավարտին մեղրաձորցիներն ասացին, որ երկու կոնկրետ առաջարկ ունեն: Առաջինը` կանգնեցնել Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիը, երկրորդը` Մեղրաձոր գյուղում հասարակական լսումներ անցկացնել` պարզելու, թե «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը ինչպես է Մեղրաձորի ոսկու հանքավայրի փակ եղանակով շահագործումից անցել բաց շահագործման:
Հիշեցնենք, որ «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը ցիանային ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ անցկացրել է 2 հասարակական լսում, որոնց ժամանակ նախագծի օգտին հանդես են եկել միայն ընկերության աշխատակիցները, իսկ դեմ` բնակիչները, ովքեր գյուղատնտեսությամբ են զբաղվում: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանի ստորագրությամբ նամակ է ստացել, որ բնակիչները դրական են գնահատում նախագիծը: Ավելի ուշ պարզվեց, որ որոշումն ընդունվել է միակողմանիորեն` 2012թ. դեկտեմբերի 23-ի քննարկան ժամանակ, որը վարել է ոչ թե գյուղապետը, այլ «Մեղրաձոր Գոլդ»-ի տնօրեն Վարդան Մարգարյանը, եւ որտեղ եկել էին հիմնականում ընկերության աշխատակիցները:
Հունվար 25, 2013 at 16:43






