

ԷկոԼուր
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հրաժարվեց նախընտրական քարոզարշավից:
Արման Մելիքյան.
-Հայտարարությունը քարոզարշավը կասեցնելու վերաբերյալ առնչվում է բացառապես մեր նախընտրական ծրագրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հատվածների քարոզչությանը, որովհետեւ մենք սխալ ենք համարում խոսել այս բաղադրյալների մասին` առանց վստահ լինելու, որ ընտրությունները չեն կեղծվի: Նախորդող փորձը ցույց տվեց, որ համապետական ընտրություններում առնվազն 400-ից 500 հազար ձայններն` այն մարդկանց, ովքեր հեռացել են Հայաստանից, հաշվարկվել են հոգուտ Հայաստանի գործող իշխանությունների, եւ սա հսկայական թիվ է: Թեկնածուներից որեւէ մեկը որեւէ ռացիոնալ առաջարկ չի արել այս խնդրում առաջընթաց գրանցելու համար: Փաստացի մարդիկ քարոզում են իրենց ծրագրերը, բայց ամենեւին որեւէ երաշխիք չունեն, որ փետրվարի 18-ին ընտրությունները կլինեն օրինական … Ոչ Պարույր Հայրիկյանը, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ Հրանտ Բագրատյանը չեն խոսում կեղծված ընտրությունների ավանդույթը կասեցնելու մասին եւ որեւէ դեղատոմս չունեն, որի միջոցով կկարողանան ապահովել ընտրությունների իրավաչափությունը: Պարոն Անդրեաս Ղուկասյանը, Արամ Հարությունյանը պատրաստ են հանել իրենց թեկնածությունները, դիմել հացադուլի, բայց սրանով եւս այդ խնդիրը կհետաձգվի եւս 5 տարով: … Եթե մենք կարողանանք իշխանության հետ երկխոսելու միջոցով հասնել այն բանին, որպեսզի իշխանությունները հրապարակեն Հայաստանում փաստացիորեն այսօր ֆիզիկապես ներկա գտնվող ընտրողների վերաբերյալ արժանահավատ որեւէ թիվ, մենք կարող ենք արդեն ձեռնամուխ լինել մեր նախընտրական գործունեության երկրորդ փուլին, այսինքն` արդեն զբաղվել բուն քարոզչությամբ:
ԷկոԼուր.
-Եթե ընտրվեք նախագահ, ի՞նչը կփոխեք Հայաստանում:
Արման Մելիքյան.
-Մենք կվերացնենք կոռուպցիոն կառավարման համակարգը: Համակարգային կոռուպցիան Հայաստանում կհասնի իր վերջին: Եվ սա ամենակարեւոր խնդիրն է, որ ես տեսնում եմ, որ անհրաժեշտ է լուծել, որովհետեւ առանց դրա որեւէ ոլորտում առաջընթաց գրանցելը կլինի անհնար: Դա մասնագիտական խնդիր է: Սակայն թիվ մեկ պայմանն այն է, որ պետության ղեկավարն ինքը չլինի կոռուպցիոն գործընթացների մասնակից, էլ չասեմ դրանց ղեկավարը: Սա կարեւորագույն նախապայմանն է, մնացյալն արդեն կախված է մասնագիտական մոտեցումներից եւ մեծ թվով մարդկանց աշխատանքից: …Բայց սա գործի մի մասն է: Մյուս մասը` մենք պետք է աշխատենք նաեւ հասարակության հետ, որովհետեւ, դժբախտաբար, մեր հասարակության առնվազն 95%-ը այս կամ այն կերպ ներգրավված է կոռուպցիոն գործընթացների մեջ կամ որպես կաշառատու, կամ որպես կաշառառու: Եվ այդ տեսանկյունից հասարակության մեջ արմատավորվել է այն համոզմունքը, որ կոռուպցիան բնական երեւույթ է եւ դրա դեմ պայքարն անհնար է եւ արդյունավետ լինել չի կարող:
ԷկոԼուր.
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա բնապահպանական իրավիճակը եւ այս ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը:
Արման Մելիքյան.
- Հայաստանում, ըստ էության, մեր բնական պաշարները, մեր շրջակա միջավայրը ենթարկվում է լուրջ ճնշման: Ընդերքի օգտագործումը, տարատեսակ հիմնարկությունների թունավոր արտազատումները, մեքենաների թունավոր արտազատումները չեն վերահսկվում: Կա Սեւանի ավազանի պրոբլեմը, կան բազմաթիվ հանքավայրերի պրոբլեմներ, այդ հանքավայրերի շահագործումը նոր է սկսվելու, կամ ծրագրվում է: Դրա հետ կապված համարժեք էկոլոգիկան փորձաքննություն չի իրականացվել: Պետական մարմիններն իրենք են շահագրգիռ, որպեսզի տարբեր գործարարներ առանց պատշաճ վերահսկողության սկսեն արդյունահանել մեր ընդերքը: Եւ սա, ես կարծում եմ` ընդունելի բան չէ: Բայց մենք միայն համակարգային փոփոխությունների արդյունքում կկարողանանք հասնել առաջընթացի կենսոլորտի պահպանման ոլոորտում: Եւ այստեղ մենք պետք է համադենք պետության, հասարակության եւ տեղի բնակիչների ջանքերը, որովհետեւ սա, ըստ էության, եռաստիճան համակարգ է: Բոլոր երկրներում էլ կան հանքավայրեր, կամ երկրների մեծ մասում դրանց մի մասը շահագործվում է: Բայց դրա համար անհրաժեշտ է ստեղծել անհրաժեշտ տեխնիկական պայմաններ, վերահսկողություն, եւ եթե որոշում է կայացվում, այնուամենայինվ, որ այս կամ այն հանքավայրը պետք է շահագործման ենթարկվի, իհարկե, պետք է նախատեսել այդ շահագործման բացասական հետեւանքները վերացնելուն ուղղված շատ գործուն, արդյունավետ ծրագրեր, որոնք կարողանան դրական ներազդել շրջակա միջավայրի վիճակի վրա: Բայց սա խնդրի եւս մի մասն է, այսպես կոչենք պայմանականորեն արդյունաբերական մասն է: Կա նաեւ այլ կողմ, որը ես պակաս չեմ կարեւորում, դա հանրության վերաբերմունքն է մեր կենսոլորտին, այն միջավայրին, որում ինքներս ենք ապրում, անհատների անտարբեր վերաբերմունքը մեր ապրած միջավայրին, որովհետեւ այն մաքուր եւ անաղարտ պահելու պարտականություն մարդիկ իրենց ներսում չեն զգում: Եւ սա եւս հասարակության հետ աշխատելու այս առումով նոր հայացք, նոր մշակույթ ձեւավորելու խնդիր է, որին պետք է ձեռնամուխ լինենք:
ԷկոԼուր.
-Ո՞ր բնապահպանական խնդիրներն առաջնահերթ լուծում կստանան Ձեր նախագահ դառնալու դեպքում:
Արման Մելիքյան.
- Իհարկե, ուշադրության կենտրոնում կլինի Սեւանա լիճը: Բայց մենք պետք է պարզապես որոշակի գույքագրում կատարենք, թե այս, թե մնացած բոլոր ոլորտներում, որպեսզի հասկանանք, թե փաստացի իրավիճակն ինչպիսին է: Այդ մասին համապարփակ տեղեկատվություն չկա, առավել եւս այդ խնդրին վերաբերող համապարփակ վերլուծություն: Տարբեր կազմակերպություններ այդ ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրել եւ շարունակում են գործադրել, բայց դա հասարակական մակարդակում: Երբեմն ինչ-որ բան հաջողվում է անել թերեւս պետական կառույցների հետ համատեղ: Բայց որքան ես եմ հետեւում գործընթացներին, ավելի շատ են այս ուղղությամբ եղած անհաջողություններն ու բացթողումները կամ վրիպումները, եւ դա հիմնականում իշխանության մեղքն է: Այնպես որ, պետք է սկսենք գույքագրումից: Կգույքագրենք բոլոր առկա խնդիրները եւ կփորձենք համակարգային լուծում տալ դրանց: Այսինքն, ձեւավորել ընդհանուր մոտեցում, ընդորում, հասարակության ակտիվության ներգրավմամբ:
ԷկոԼուր.
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում բնապահպանական շարժումը, եւ արդյոք կհամագործակցե՞ք ակտիվիստների հետ:
Արման Մելիքյան.
-Անկասկած կհամագործակցեմ, ես կողջունեմ այդպիսի համագործակցությունը եւ կաշխատեմ ամեն ինչ անել, որպեսզի այս խնդրում մենք էական առաջխաղացում գրանցենք Հայաստանում: Այս հարցը առանց հանրության ներգրավման եւ առանց ակտիվիստների աշխատանքի լուծելն անհնար կլինի: Եւ ցանկացած հանրային ակտիվությունն այս ուղղությամբ միայն կողջունվի:
ԷկոԼուր.
-Ո՞ւմ եք տեսնում բնապահպանության նախարարի պաշտոնում, ինչպիսի՞ որակներ պիտի ունենա այդ մարդը, որ կարողանա այդ պաշտոնը զբաղեցնել:
Արման Մելիքյան.
-Ես վստահ եմ, որ նա առաջին հերթին պիտի մասնագետ լինի եւ անբասիր վարքի տեր մարդ: Ես կնախընտրեմ, որ այդ մարդը լինի հասարակական սեկտորի ներկայացուցիչ եւ կքննարկեմ այս ոլորտի հասարակական կազմակերպությունների առաջարկները:
Հունվար 29, 2013 at 16:34
