«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն -2՝ երկիրը կաթվածահար վիճակում է

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն -2՝ երկիրը կաթվածահար վիճակում է

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը շարունակում է նյութերի հրապարակումները,  որոնք վերաբերում են առողջություն եւ առողջ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքներին:  Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»  հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը Մարդու իրավունքների պաշտպանման ազգային ռազմավարության մասին հանրային քննարկման շրջանակներում, որը Երեւանում կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, հանդես եկավ տվյալ թեմայով զեկույցով:

«Տնտեսական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է այնպես, որ միմիայն հաշվի են առնվում նրա ֆինանսական օգուտները: Դրա ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա որեւիցե կերպ հաշվի չի առնվում, եւ արդյունքում ոտնահարվում է նրա առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, նրա սննդի անվտանգությունն է վտանգվում,  խմելու որակյալ ջուր ստանալու իրավունքը»,- ասաց Սոնա Այվազյանը: Անդրադառնալով այդ գործընթացների զարգացման գործում միջազգային ֆինանսական ինստիտուտների մասնակցության մասին «ԷկոԼուր»-ի հարցին՝ Սոնա Այվազյանը այդ կառույցների գործունեությունը խիստ հակասական գնահատեց: «Միջազգային ֆինանսական կառույցների մասնակցությունը այս գործընթացներում շատ հակասական են եւ, իսկապես, մտահոգության տեղիք են տալիս, որովհետեւ մի կողմից այդ կառույցներն` իրենք, ունեն շրջակա միջավայրի ոլորտի լավ մշակված քաղաքականություն եւ, կարծես թե, պարտավորվում են իրականացնել պատշաճ եւ պատասխանատու շրջակա միջավայրի քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն: Իրենք նաեւ պահանջում են իրենց գործընկերներից նման քաղաքականության ապահովում: Ինչ-որ չափով դնում են այդպիսի ստանդարտներ երկրի առաջ, որպեսզի իրականացվեն դրանք: Սակայն մյուս կողմից նրանք խթանում են ոչ պատշաճ գործընթացներ: Կարծում եմ, որ նման դեպքում հասարակությունը պարզապես պետք է ավելի ակտիվ լինի եւ թիրախավորի նաեւ այդ միջազգային ֆինանսական կառույցներին, որովհետեւ, կարծում եմ, մենք եւս թերանում ենք նրանց վրա դնելու այդ պատասխանատվությունը, որ իրենք պետք է կրեն: Մենք չենք մատնացույց անում նրանց իրենց սխալները, որովհետեւ նրանք օգնություն են տրամադրում երկրին, եւ կարծես աչք ենք փակում նրանց կողմից իրականացվող սխալ գործունեության վրա»:

Քաղաքացիական ակտիվիստների հաջողություններին գնահատական տալով՝ Սոնա Այվազյանը նշեց. «Առանձին գործերի արդյունքում քաղաքականությունը, ըստ էության, չի փոխվել որեւիցե կերպ: Այդպես առանձին երեւույթներ եղել են, առանձին պայքարներ եղել են, այս կամ այն դեպքում դրանք պսակվել են հաջողությամբ, եւ դա  եղել է հասարակության ջանքերի, էներգիայի, ժամանակի հաշվին: Արդյունքում միայն տվյալ փոքրիկ խնդիրն է լուծվել, եւ ինչպես ասացի, քաղաքականություն չի փոխվել:

Կարծում եմ, որ նախագահը ճիշտ կլիներ, ոչ թե զբաղվեր առանձին գործերի լուծումներով, ինչպես Մաշտոցի պուրակի այդ տաղավարների վերաբերյալ քաղաքական որոշման ընդունումն է, այլ երաշխավորեր համապատասխան կառույցների պատշաճ գործունեությունը: Այսինքն` ստացվում է, որ որոշ դեպքերում պետական կառույցներն իրենք չեն գործում պատշաճ կերպով, եւ նախագահն իր սեփական կամքով, PR  նկատառումներով, ինչ-ինչ պատճառներով որոշումներ է կայացնում մանր գործընթացների վերաբերյալ: Դա պարզապես ապացուցում է, որ երկրում անդամալույծ վիճակ է: Պետական կառույցները չգործող կառույցներ են, ըստ էության, կաթվածահար վիճակում են գտնվում: Եւ այդպիսի նախագահությունը ես չգիտեմ, թե որքանով կարող է արդյունավետ լինել: Այսինքն` նախագահը պետք է ապահովի պետական կառույցների պատշաճ աշխատանքը: Եւ այդ պետական կառույցները պետք է գործեն այնպես, որպեսզի չծագեն այդպիսի խնդիրներ: Մենք որեւէ հաջողություն չենք տեսնում այդ ամենի մեջ, որովհետեւ այդ բոլորը եղել են հասարակության ռեակցիոն գործունեության ընթացքում: Այսինքն` հասարակությունը միշտ ռեակցիա է տվել հիմնականում կառավարության  կողմից իրականացվող անօրինական գործընթացներին»:



Փետրվար 04, 2013 at 12:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր