Ռուսաստանցի էկոլոգ Սուրեն Ղազարյանը` քաղաքական փախստական

Ռուսաստանցի էկոլոգ Սուրեն Ղազարյանը` քաղաքական փախստական

ԷկոԼուր

Ռուսաստանցի էկոլոգ Սուրեն Ղազարյանը դարձել է քաղաքական փախստական, եւ հիմա գտնվում է երկրի սահմաններից դուրս` Էստոնիայում: Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց «Էկոլոգիական հերթապահություն Հյուսիսային Կովկասում» (“Экологическая вахта по Северному Кавказу”) հասարակական կազմակերպության համակարգողի տեղակալ Դմիտրի Շեւչենկոն, ներկայումս կազմակերպությունը փորձում է հասնել նրան, որպեսզի Սուրեն Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դադարեցվի: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր կազմակերպությունը հանդես եկավ Սեւ ծովի ափին բարձրաստիճան չինովնիկների  եւ եկեղեցական բարձր հիերարխիայի կողմից անօրինական կառուցապատման դեմ: 2011թ. մենք հասարակական տեսչական աշխատանքներ իրականացրեցինք անտառային ֆոնդի հողերի այն տարածքում, որտեղ կառուցվել են երեք օբյեկտներ` այսպես կոչված Պուտինի պալատը, Ռուսական Ուղղափառ Եկեղեցու պատրիարքի ամառանոցը եւ Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւայի ամառանոցը:  Անտառային ֆոնդի հողերը ենթակա չեն կառուցապատման: Բայց մենք տեսանք, որ ծառեր են հատվել` այդ թվում եւ Կարմիր գրքում գրանցված ղրիմյան սոճի եւ  պիցունդյան սոճի: Մեզ, իհարկե, անմիջապես վռնդեցին, բայց մենք հասցրեցինք լուսանկարել: Եւ 2011թ. փետրվարին շաբաթօրյա պիկնիկ կազմակերպեցինք անտառային ֆոնդի տարածքում, այսինքն` նահանգապետ Տկաչեւայի ամառանոցում: 5 կազմակերպիչների` Սուրեն Ղազարյանի, Եւգենի Վիտիշկոյի, Զուֆար Աչիլովի եւ իմ նկատմամբ կիրառվեց վարչական կալանք:  Ես եւ Սուրենը բանտախցում նստեցինք 7 օր: Մեր հաջորդ ակցիան եղավ 2011թ. օգոստոսին, երբ մենք փորձեցինք ամառանոցի տարածք մտնել ծովի կողմից:  Մեզ նորից վռնդեցին Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը: 2011թ. նոյեմբերին, երբ կրկին փորձեցինք նկարահանել նահանգապետի ամառանոցը, կառուցապատող ընկերությունը քրեական գործ հարուցելու հայտարարությամբ հանդես եկավ: Ապացույցների բացակայության պայմաններում Սուրեն Ղազարյանին դատապարտեցին պայմանական 3 տարով: Բայց այն բանից հետո, երբ նա կարողացավ մտնել Պուտին պալատի տարածք, պայմանական ժամկետը դարձավ իրական, եւ Սուրենը ստիպված էր փախչել»: Ինչպես նշեց Դմիտրի Շեւչենկոն, ներկայումս Կովկասի կենսոլորտային պետական արգելոցում, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, կառուցվում է Պուտինի  լեռնադահուկային ամառանոցը:

Փետրվար 08, 2013 at 12:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր