Ինչո՞ւ է խուսանավել ավագ դատախազը

Ինչո՞ւ է խուսանավել ավագ դատախազը

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

«Թռչկան», «Խոսրովի արգելոց», «Ջերմուկը հանք չի դառնա», «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունները դեռ 2012 թ. հոկտեմբերի 25-ին հանդես գալով հայաստանյան ԶԼՄ-ներով, պահանջեցին պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մեղքով ու հանցավոր անգործության պատճառով տուժել է բնությունը և պետությանը հասցվել է զգալի վնաս: Հիշյալ նախաձեռնությունները դեկտեմբերի 18-ին կրկին հրապարակայնորեն կոչ արեցին պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Հիշեցնելով, որ դեռևս 2012 թ. հոկտեմբերի 25-ին իրենք զանգվածային լրատվամիջոցներին ներկայացրել էին Հայաստանում բնության ահագնացող չափերի ավերման, բնական ռեսուրսների անխնա շահագործման և տնտեսության ոչ ռացիոնալ զարգացման վերաբերյալ դիմում ու դրան կից հիմնավորող տեղեկանք, իսկ նշված բողոքը և պահանջները նոյեմբերի 5-ին պաշտոնական նամակի տեսքով ներկայացրել ՀՀ վարչապետին և գլխավոր դատախազին, վերոնշյալ նախաձեռնությունները տվյալ խնդրի առնչությամբ իրենց երկրորդ հրապարակային դիմումում գրել են.

«Ավաղ, լրանում է արդեն երկրորդ ամիսը, մեր նախաձեռնությունները տեղեկացված չեն մեր բողոքի ոչ քննարկման ընթացքի, ոչ էլ արդյունքների մասին: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությանն ու Ձեր աշխատակազմին, ինչպես նաև դատախազությանը բացարձակապես չեն հետաքրքրում մեր կողմից բարձրացված հույժ կարևոր և առանցքային հարցերը, որոնք պետական մոտեցում և լուծում են պահանջում, այլ ոչ թե անտարբերություն»:

Նշելով, որ ակնկալում են գործուն և կտրուկ քայլեր, այլ ոչ թե իմիտացիոն բնույթի միջոցառումներ և զգացմունքային ու հրապարակային երկարաշունչ ելույթներ, հիշյալ նախաձեռնություններն իրենց դեկտեմբերի 18-ի դիմումում շարունակել են.

«Այսպիսով, կրկին դիմում ենք ՀՀ վարչապետին և դատախազությանը` առաջարկելով արձագանքել մեր նախաձեռնությունների կողմից 05.11.2012 թ. իրենց ուղղված մեր բողոքին և դրան կից ներկայացված տեղեկանք-հիմնավորմանը, և առաջնահերթ լուծել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին պատասխանատվության կանչելու և նրա` ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցերը:

Համարում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության համար պետք է գերակա լինեն պետական հարստության ողջամիտ և բանական օգտագործումը, շրջակա միջավայրի շարունակական բարելավումը ներկա և ապագա սերունդների համար, այլ ոչ թե բիզնես միջավայրի բարելավումը` ի հաշիվ բնության:

Այսպիսով, ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ պաշտոնական գրավոր արձագանք, ինչպես նաև գործողությունների հստակ և տեսանելի արդյունքներ»:

Հիշյալ դիմումին ՀՀ վարչապետի ոչ պատշաճ արձագանքին «Հայացք»-ի նախորդ համարում արդեն անդրադարձել ենք, իսկ ի՞նչ է պատասխանել ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հիշյալ քաղաքացիական նախաձեռնությունների երկրորդ դիմումից շուրջ մեկ շաբաթ հետո ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ա. Բադալյանի 5.12.2012 թվագրությամբ պատասխանը:

Ցավոք, ծավալուն դիմումի էջուկես չկազմող պատասխանում ակնհայտորեն շրջանցված են քաղաքացիական նախաձեռնությունների 05.11.2012 թ. դիմումում բարձրացված բազմաթիվ հարցեր: Թե դա ինչի՞ արտահայտություն է` պրոֆեսիոնալիզմի բացակայությա՞ն, պաշտոնեական անփութությա՞ն, թե պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ գլխավոր դատախազի, հատուկ քննչական ծառայության պետի, ԱԱԾ տնօրենի, իսկ, անհրաժեշտության դեպքում, ՀՀ նախագահի պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդիրն է: Մենք այժմ դեռ նրա ու նրա վերադասների գործունեությանը վերջնական գնահատական չտալով, ընդամենը փաստենք, որ ավագ դատախազ Ա. Բադալյանն իր պատասխանում շրջանցել է հիշյալ դիմումում բարձրացված հետևյալ հարցերը.

1. Սևանա լճի արդյունագործական ձկնապաշարների գրեթե իսպառ ոչնչացման, կենսաբազմազանության խաթարման:

2. Հանքարդյունաբերության ոլորտում (Սոթք, Թեղուտ, Քաջարան և այլն) էկոլոգիական առումով առաջացած ճգնաժամային իրավիճակի:

3. Օդի աղտոտման (Ալավերդի, Արարատ և այլն):

4. «Օրինական» կամ անօրինական անտառահատումների:

5. Բնապահպանության նախարարության աշխատողների ցածր մասնագիտական պատրաստվածության և զանգվածային անպատասխանատվության:

6. Բնապահպանության նախարարության ողջ համակարգում պատշաճ կառավարման և վերահսկողության բացակայության:

Այս ցանկը, իրոք, կարելի է դեռ երկար շարունակել: Ընդգծենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության խնդիրներից է նաև` կանխարգելել և նվազեցնել ՀՀ շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունները, իրականացնել բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերականգնման պետական քաղաքականությունը:

Քաղաքացիական նախաձեռնությունների դիմումում նշված է. «Փաստորեն, ՀՀ բնապահպանության նախարարությունը` նախարար Ա. Հարությունյանի ղեկավարությամբ, տապալել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման պետական քաղաքականության իրականացումը: Մեր կարծիքով կամ բնապահպանության նախարարն ի վիճակի չէ իրականացնելու իր գործառույթներն ու պարտականությունները, կամ նա իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին հանցավոր համաձայնության մեջ է գտնվում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ` Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի սեփականության հաշվին»:

Ի՞նչ է արել պարոն Բադալյանը դիմումում նշված ու վերը մեջբերված պնդումը ստուգելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: Քանի որ նրա պատասխանում այս կապակցությամբ ոչինչ նշված չէ, կարող ենք եզրակացնել` ոչինչ:

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրության` ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման և տիրող իրավիճակի համար: Շրջակա միջավայրի պահպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք իրականացման և առանձնացված գործառույթների համար պատասխանատու է նաև բնապահպանության նախարարության աշխատակազմը` աշխատակազմի ղեկավարի ղեկավարությամբ: Իսկ լիազորությունների չկատարման պատճառով պետությանը հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման, և պատասխանատու պաշտոնյայի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պառճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

Ըստ հիշյալ նախաձեռնությունների դիմումի, ՀՀ բնապահպանության նախարարությունը չի կատարում օրենքով իր վրա դրված գործառույթներն ու պարտավորությունները, նախարարության համապատասխան պաշտոնյաները չեն տիրապետում իրավիճակին, ինչը թույլ է տալիս արձանագրելու, որ նրանք ցուցաբերում են հանցավոր անգործություն և փորձում են կոծկել տիրող իրավիճակը: Ավագ դատախազը դիմումում նշված վերոնշյալ իրողություններն ու խնդիրները նույնպես շրջանցել է:

Ընդգծենք, որ վերոնշյալ քաղաքացիական նախաձեռնությունները ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել ու պահանջում են քայլեր ձեռնարկել` ՀՀ բնապահպանության նախարարին և նախարարության համապատասխան այլ պաշտոնյաներին իրենց հանցավոր անգործության և չարաշահումների համար քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

 

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Փետրվար 13, 2013 at 12:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր