Արցախի բարձրաստիճան այրերը քննարկել են երկրի հանքարդյունաբերական հարցերը

Արցախի բարձրաստիճան այրերը քննարկել են երկրի հանքարդյունաբերական հարցերը

ԷկոԼուր

Ընդերքը, եւ բնությունը Արցախի հարստությունն են, եւ մեկի զարգացումը չպետք է լինի մյուսի հաշվին՝ հավելելով, որ ապագա սերունդներին պետք է թողնել առողջ շրջակա միջավայր եւ դինամիկ զարգացող տնտեսություն: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությունը նվիրված էր հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2013 թվականի անելիքներին: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչներ, անվանի մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից, պաշտոնատար այլ անձինք: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից, Բակո Սահակյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը Արցախի տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է, որն ունի խոստումնալից հնարավորություններ` դառնալու տնտեսության շարժիչ ուժն ու զբաղվածության կարեւոր աղբյուրներից մեկը եւ արդեն իսկ ապահովում է արդյունաբերական արտադրանքի ու պետական բյուջեի ընդհանուր մուտքերի պատկառելի մասը: Ըստ նախագահի`վերջին տարիներին բավականին աճել են ոլորտում իրականացվող կապիտալ ներդրումների ծավալները` ինչպես պետական բյուջեի, այնպես էլ մասնավոր հատվածի հաշվին՝ կարեւոր համարելով ոլորտում մենաշնորհային դրսեւորումների բացակայությունը, ինչը խթանում է առողջ մրցակցությունը եւ տնտեսության դինամիկ զարգացումը:

Լուսանկարը` www.president.nkr.am կայքի

Փետրվար 15, 2013 at 17:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր