Այսպիսին են մեզ մոտ 2013թ. ընտրությունները

Այսպիսին են մեզ մոտ 2013թ. ընտրությունները

ԷկոԼուր

Նախընտրական կարճ ժամանակահատվածն ավարտվեց: Առաջին անգամ Հայաստանի նախագահական ընտրություններում մենք չտեսանք ընդդիմադիր թեկնածուների կողմից կազմակերպված որեւէ բողոքի հանրահավաք: Բայց բողոքի հանրահավաքներ եւ ակցիաներ եղան: Քաղաքական գործիչներին փոխարինեց Քաղաքացիական հասարակությունը:  Իհարկե, նախագահի ընդդիմադիր թեկնածուներն արտահայտեցին իրենց բողոքը, բայց ոչ հանրահավաքի տեսքով:

Նախընտրական քարոզարշավի հենց ամենասկզբից՝ հունվարի 21-ից, «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով հացադուլ հայտարարեց նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:  Սկզբում հացադուլն ընդունվեց հեգնանքով, բայց արդեն 4-րդ շաբաթվա ընթացքում լռեցին նույնիսկ չարակամները. ուզում ես հեգնել, ապա ինքդ սոված մնա ձյան եւ անձրեւի տակ: Հանրահավաք Անդրեաս Ղուկասյանը այդպես էլ չանցկացրեց:

Թեկնածու Արման Մելիքյանն իր բողոքն արտահայտեց՝ չմասնակցելով նախընտրական քարոզարշավին: Նա հայտարարեց, որ ինքն ընտրոթյունների չի գնալու: Թեկնածու Վարդան Սեդրակյանը եղավ հեռուստատեսային թոք շոուների հյուր, որոնցից հնարավոր եղավ պատկերացում կազմել թեկնածուի մասին, այլ ոչ նրա ընտրազանգվածի:

«Ազգային ինքնորոշում» կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ արված մահափորձը նույնիսկ առիթ չհանդիսացավ  հանրահավաք կազմակերպելու ոչ թեկնածուի կողմնակիցների, ոչ առավել եւս այլ քաղաքական ուժերի կողմից:

Հանրահավաքային հանդիպումներ անցկացրեցին նախագահի երեք թեկնածուներ՝ Հանրապետական կուսակցությունից ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ազատություն» կուսակցությունից Հրանտ Բագրատյանը: Բնական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը հակադրեցին իրենց ծրագրերը Սերժ Սարգսյանի ծրագրին: Բայց նրանց հանրահավաքները դժվար է բողոքի հանրահավաք կոչել, հատկապես եթե հիշենք 1996թ., 2003թ. եւ հատկապես 2008թ. ընդդիմության հանրահավաքները:

Իրենց ընդդիմություն հայտարարած քաղաքական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, ընդհանրապես չօգտվեցին հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 17-ն ընկած այս կարճ ժամանակահատվածից, որպեսզի հանրահավաք անցկացնեն թեկուզ եւ ոչ որեւէ թեկնածուի համար, այլ այն բանի համար, որ իրենց ուժերը հավաքեին ապագա գործողությունների համար:

Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ քաղաքական գործիչներին փոխարինեց Քաղաքացիական հասարակությունը: Բողոքի հանրահավաքներն ու ակցիաները գրեթե ամեն օր էին անցկացվում: Facebook սոցիալական ցանցի «միջոցառումներ» բաժինը լի էր հայտարարություններով: Հատկապես ակտիվ էին  «կանաչ» սոցիալական խմբերը: «Դալմա-Սոնա» հիմնադրամը, որը հանդես է գալիս Դալմայի այգիների կառուցապատման դեմ, սկսեց ակցիաների շարք հունվարի 21-ին տրված նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո: Հունվարի 24-ին «կանաչ» քաղաքացիներն աջակցեցին Նոր Նորքի բնակիչներին , որոնք հանդես էին գալիս քարի արտադրամասի կառուցման դեմ: Հունվարի 25-ին նախագահական նստավայրի առաջ անցկացվեց «Ոչ ցիանիդին Մեղրաձորում» ակցիան, որին մասնակցեցին Մեղրաձորի բնակիչները, եւ քաղաքացիական հասարակությունը՝ «Համահայկական բնապահպանական ճակատ», «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»-ը,  «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները: Փետրվարի 7-ին անցկացվեց «Ոչ ռեժիմին» ակցիան «կանաչ» ակտիվիստների ակտիվ մասնակցությամբ: Փետրվարի 11-ին տեղի ունեցավ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության ԱՕԿՍ-ի շենքի քանդման դեմ ուղղված բողոքի ակցիան: Փետրվարի 13-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ Սյունիքի արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ադրբեջան նահանգին վարձակալության տալու:  Բողոքի ակցիաները զուգակցվեցին բազմաթիվ միջոցառումներով, ֆորումներով, հանդիպումներով, կլոր սեղաններով, հավաքներով: Հեշտությամբ մանիպուլիացիայի ենթարկվող զանգվածի փոխարեն եկան նոր մարդիկ: Նրանք գիտակցում են իրենց քաղաքացիական իրավունքն ու ազատությունները: Նրանց հետ իշխանությունները չեն կարող դեմագոգիկ խաղեր խաղալ: Իսկ եթե խաղում են, ապա պարտվում են: Եւ դա արդեն լավատեսություն է ներշնչում:

Փետրվար 18, 2013 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր