

ԱրմԻնֆո
«WWF-Արմենիայի» և Բնապահպանության նախարարության հարաբերությունները վատացել են Խոսրովի արգելոցին առնչվող սկանդալից հետո:
Փորձաքար է դարձել արգելոցի տնօրենի պաշտոնը, որն անցյալ տարի քիչ էր մնում զբաղեցներ որսագող Գաբրիել Պողոսյանը` «Նոնո» մականունով: Այն ժամանակ ի նշան բղոոքի Կովկասի բնության հիմնադրամը հայտարարեց Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը դադարեցնելու մասին, իսկ «WWF-Արմենիան» դադարեցրեց իր աշխատանքները պահպանվող տարածքում: Բարձրացած աղմուկից հետո Բնապահպանության նախարարությունը հայտարարեց տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ անցկացնելու պատրաստակամության մասին, որը կընթանա այս տարվա մարտի 15-ին:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում խոստովանել է «WWF-Արմենիայի» ղեկավար Կարեն Մանվելյանը, այդ պատմությունից հետո նախարարության հետ հարաբերությունները լարված են: «Այժմ մենք, գործնականում, չենք շփվում: Այնպես, նամակների մակարդակով: Սակայն, չնայած դրան, մեր դիրքորոշումը չի փոխվել. Խոսրովի արգելոցը պետք է գլխավորի արժանի մարդ» - ընդգծել է նա: Մանվելյանը նշել է, որ սառեցնելով WWF աշխատանքն արգելոցում, ինքը գործել է իր լիազորությունների շրջանակում: «Իմ կարծիքով, դրանից հետո նախարարությունը դիմել է WWF գլխամասային գրասենյակ, սակայն այնտեղ գիտեն, որ մենք չենք կարող պաշտպանել որսագողի թեկնածությունը»- նկատել է նա:
Նրա ասելով, Խոսրովի արգելոցին «WWF-Արմենիայի» աջակցությունը շարունակելու մասին որոշում կկայացվի տնօրենի ընտրությունից հետո: «Այդ արգելոցը բնության էտալոն է, այնպես որ, տնօրենն էլ պետք է լինի էտալոն, այսինքն, պետք է ունենա համապատասխան բարձրագույն կրթություն, ցանկալի է` գիտական աստիճան, և, ամենագլխավորը, հատուկ պահպանվող տարածքներում աշխատանքի փորձ: Եթե նման մարդիկ գտնվեն, մենք միայն ուրախ կլինենք» - ասել է Մանվելյանը:
2002 թվականից WWF Խոսրովի արգելոցում իրականացրել է 500 հազար դոլար ընդհանուր գումարի 3 ծրագիր, որոնց շրջանակում արգելոցի աշխատակիցներին տրամադրվել են ավտոեքենաներ, հեռադիտակներ և համազգեստ: Բացի այդ, արգելոցի տարածքում ստեղծվել են զբոսաշրջիկների համար երթուղիներ, տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ և նախազգուշական նշաններ:
Փետրվար 21, 2013 at 14:01
