

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը կարծում է, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում փետրվարի 22-ին «Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպած Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումները պետք է համարել չկայացած: Իր կարծիքը «ԷկոԼուր»-ը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանին: «ԷկոԼուր»-ի նամակում մասնավորապես ասված է.
«Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված տեղեկության` ս.թ փետրվարի 22-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշի գյուղապետարանում ացնկացվելու էին «Միկա Ցեմենտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: Մինչև այս լսումներն անցկացնելը, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ) ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, այս նախագիծը պետք է ներկայացված լիներ ազդակիր համայնքին և իրականցված լինեին առաջին լսումները: Սակայն լսումների ընթացքում պարզվեց, որ Արտանիշ համայնքում լսումներ չեն եղել, և սա առաջին լսումն է, ինչը հաստատեց նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանը: Չնայած դրան` Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանը պնդում էր, որ լսումներ եղել են, իսկ «Միկա Ցեմենտի» ներկայացուցիչը համարում էր, որ սա արդեն երրորդ լսումն է: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նորից անփույթ վերաբերմունք է դրսևորվում հանրային լսումների գործընթացի նկատմամբ: Փաստորեն կամ կայքում տեղադրված հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, կամ էլ խախտվել է ՇՄԱՓ օրենքը:
Ամեն դեպքում մենք փորձեցինք ծանոթանալ նախագծին Արտանիշի գյուղապետարարանում, սակայն պարզվեց, որ այն չկա ոչ այնտեղ, ոչ ձեռնարկողի մոտ, ոչ էլ բնապահպանության նախարարության կայքում: Այսինքն` մարդիկ հավաքվել էին քննարկելու մի նախագիծ, որին հնարավոր չէր ծանոթանալ գյուղում, կամ էլ այն ընդհանրապես գոյություն չունի: «Միկա Ցեմենտի» տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը մի քանի բառով ներկայացրեց նախագիծը, հիմնականում նշելով, որ իրենք ծավալները նվազեցնելու են, համարյա ազդեցություն չի ունենում հանքավայրը, կարևորը գյուղացիներին աշխատանքով ապահովելն է և այլն: Նախագիծը ցույց տալու մեր խնդրանքը մնաց անպատասխան և մի բան էլ առաջացրեց ձեռնարկողի ու գյուղապետի վրդովմունքը, թե ինչու՞ ենք մենք կպել այդ նախագծից և անպայման ուզում ենք տեսնել: Հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ ոչ մի կոնկրետ տվյալ, թիվ, գնահատական հնարավոր չեղավ ճշտել, քանի որ ներկայացնողները չունեին այդ տվյալները և պնդում էին, որ գյուղացիները 16 տարի է` ծանոթ են հանքավայրի գործունեությանը և ամեն ինչ գիտեն:
Ամեն դեպքում տնօրենը լսումների ընթացքում անկեղծացավ և նշեց, որ երկրորդ լսումներին իրենք կբերեն բոլոր փաստաթղթերը: Դրանից հետո գյուղապետը մեզ դուրս հրավիրեց, նշելով որ ինքը և ներկա գյուղացիները ուզում եմ առանձին քննարկում ունենալ «Միկա Ցեմենտի» ներկայացուցիչների հետ, սակայն նախարարության ներկայացուցիչը մնաց ներսում մեզ համար անհասկանալի պատճառներով:
Այս լսումները մեկ անգամ ևս ցույց տվեցին, թե ինչպես են ացկացվում դրանք Հայաստանի տարբեր համայնքներում, և քննարկում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ ընդհանրապես չէր լինի, եթե մեր խումբը ներկա չգտնվեր այդ լսումներին:
«Միկա-Ցեմենտ» ընկերության ներկայացուցիչների եւ բնապահպանության փորձագետի խոսքերով` քննարկվում էր հանքանյութի արդյունահանման նվազեցման նախագիծը:
1. Սակայն անկախ նրանից, թե արդյոք հանքահանության ծավալները նվազել են, թե ոչ հանքավայրի շահագործումը բարձր ռիսկեր է պարունակում Սեւանա լճի էկոհամակարգի համար, քանի որ ազդում է լանդշաֆտների վրա: Հանքավայրից ոչ հեռու գտնվում է «Սեւան» ազգային պարկի Արտանիշի արգելոցային գոտին: Նախագծի պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է հանքավայրն ազդում արգելոցի վրա:
2. Ցեմենտի փոշին մեծ ռիսկեր է ներկայացնում առողջության համար. առաջացնում է սիլիկոզ եւ շնչուղիների այլ ծանր հիվանդություններ: Նախագծի բացակայության պայմաններում հնարավոր չէ ասել, թե որքանով է հանքավայրը ազդում մարդու առողջության վրա:
3. «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է Սեւանա լճի ջրահավաք ավազանում: Չնայած որ ընկերությունը եւ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը պնդում էին, որ նախագիծը կարելի է ընդհանրապես չքննարկել, քանի որ հանքահանման ծավալները նվազել են 3 անգամ, սակայն նշենք, որ, «Սեւանա լճի մասին» օրենքի համաձայն, պետք է բացառվի ցանկացած ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա եւ պետք է բացառել ցանկացած գործունեություն, որն ազդում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա:
4. Ինչպես պարզ է դառնում երկրաբանական ուսումնասիրություններից, որոնք անցկացվում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տրամադրած լիցենզիաների հիման վրա, ոչ մետաղական օգտակար հանածոները պարունակում են մետաղներ եւ տոքսիկ տարրեր: Շորժայի մագնեզիումասիլիկատային հանքավայրի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ապարները պարունակում են պլատինոիդներ, նիկել, կադմիում, վանադիում: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի այս նախագծում ներկայացված լինի ապարների ամբողջ սպեկտրը:
Որպես եզրակացություն խնդրում ենք լսումները ճանաչել չկայացած»:
Մարտ 09, 2013 at 16:33
