Շորժայի նախագիծը լուրջ փորձագիտական եզրակացության կարիք ունի

Շորժայի նախագիծը լուրջ փորձագիտական եզրակացության կարիք ունի

ԷկոԼուր

Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի  շահագործման նախագիծը չի արտացոլում Սեւանա լճի համար իրական ռիսկերը: Նախագծում գործնականում բացակայում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը, թեպետ Շորժա գյուղում 2013թ. փետրվարի 22-ի մասնագիտական հասարակական լսումները նվիրված էին հենց ՇՄԱԳ-ի քննարկմանը:

Նախագծում ներկայացված է Շորժայի հանքավայրի պաշարների վերագնահատում: Ապարներում հայտնաբերված են պլատինոիդներ եւ ուղեկցող նիկելի, երկաթի, պղնձի, վանադիումի քիմիական միացություններ: Նաեւ մեծ քանակությամբ  ներկայացված է քրոմ, իսկ ոչ մեծ քանակությամբ՝ ոսկի եւ արծաթ: Արդյունահանումը կատարվում է բաց եղանակով: Հանքաքարն անմիջապես մանրացվում է եւ գրավիտացիոն եղանակով վերամշակվում է գործարանում՝ Սեւանա լճից 2-3կմ հեռավորության վրա: Դրանով խախտվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որն արգելում է վերամշակման գործունեություն Սեւանա լճի ավազանում:

Հասարակական լսումների ընթացքում ներկայացված Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եւ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության փորձագիտական գնահատականները հիմնված  են Շորժայի հանքավայրի շահագործման նախկին նախագծի վրա: Սակայն նախկին նախագծում բացակայում էին  տվյալները մետաղների պարունակության մասին, որոնք պատկանում են տոքսիկ տարրերի շարքին: Նախագծի հեղինակ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը պնդում էր, որ դա հանքաքար չէ, այլ ապար: Այժմ իրավիճակը փոխվել է: Ինչպես պարզվեց «Գեգամետ պլյուս» ընկերության ներկայացուցիչների պատասխաններից, գործարանում վաղուց կուտակվում է արժեքավոր եւ այլ մետաղներ պարունակող կոնցենտրատ: «ԷկոԼուր»-ի հարցին ի պատասխան «Գեգամետ պլյուս»-ի ներկայացուցիչ Շահեն Խաչատրյանն ասաց. «Գործնականում հիմքային ապարներ են տարածված ամբողջ Սեւանի հյուսիս-արեւելյան մասում, պարունակում են նիկել, կոբալտ, վանադիում, քրոմ: Եթե այս մետաղները չլինեն, այդ ապարը կդառնա գրանիտ օրինակի համար, կամ, ասենք, կդառնա մեկ ուրիշ ապար: …Այդ մետաղն ինքնանպատակ չի գտնվում օգտակար հանածոյի մեջ, ինքը գտնվում է ինչ–որ  միացության տեսքով: Այդ բոլոր իմ թվարկած մետաղները գտնվում են քրոմիտի մեջ: Հիմա քրոմիտը մենք հանում ենք, նա հետը դուրս է գալիս: Ընդ որում, ասեմ, որ բոլոր դեպքերում արժեք ունի այդ մետաղների խումբը: Մենք այս 2 տարվա ընթացքում մոտավորապես 180 տոննա կոնցենտրատ ենք ստացել, այդ մետաղներն էլ մեջը»:

Ուշադրություն հրավիրենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նվազագույն պահանջները (հոդված 5)` լանդշաֆտների վրա ազդեցության, առողջության վրա ազդեցության, կենսաբազմազանության վրա ազդեցության եւ ամենագլխավորը` Սեւանա լճի վրա ազդեցության մասին, նախագծում արտացոլված չեն: Թեպետ ակնհայտ է, որ փոշին արդեն տարածվում է լճի վրա: Եւ հնարավոր է` դրա համար է Սեւանը` խմելու ջրի պոտենցիալ պաշարը, աղտոտված վանադիումով, իսկ աղտոտման աղբյուրը հայտնաբերված չէ:  Ինչպես նշեց լսումների մասնակից Լեւոն Գալստյանը. «…Այստեղ, ըստ էության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում չկա ընդհանրապես: Օրենքում պարզ գրված է, թե ինչը պետք է լինի, որ փորձաքննությունը կարողանա ուսումնասիրել: Չունեք նախնական զրոյական իրավիճակի գնահատական: Դա օրենքի պահանջ է: Եթե դու զրոյական վիճակը չունես գնահատած, ինչ վիճակում են ջրային ռեսուրսները, ինչ վիճակում է ջրային ռեսուրսների կազմը, օդի կազմը, հողի կազմը, ինչի՞ հետ պիտի համեմատեք: … Գրված է, կա մեծ հեղեղատ, փոքր հեղեղատ, որոնք գարնանը լցվում են, այդ ջուրը Սեւան է չէ՞ գնում վերջ ի վերջո: Եթե մենք  քանդենք, բոլոր ապարները մերկացնենք, այդ ջուրը նույն ձեւ կգնա՞, Սեւան կլցվի՞, ինչ որ առաջ էր:.. Այստեղ կատարվել են լանդշաֆտի լուրջ խախտումներ, մենք վերացրել ենք լանդշաֆտ: Լանդշաֆտի ազդեզության գնահատում չկա:… Էլ չեմ ասում բուսական աշխարհը, ասում է բուսականությունը բացակայում է: Հայաստանում չկա այդպիսի տեղ, որ բուսականությունն իսպառ բացակայի:  Այստեղ կա լուրջ բուսական էկոհամակարգ: …Կողքը Սեւան ազգային պարկն է, գոնե գրված լիներ, թե ինչպես կազդի այդ ամենը Սեւան ազգային պարկի վրա: …Աշխատողների առողջությանն ազդեցության գնահատականն էլ պետք է լինի, որովհետեւ ինքը հիմնականում լավ փոշի արտադրող արտադրամաս է, եւ մարդը պետք է աշխատի այդտեղ»:  

Վերոնշյալը վկայում է, որ նախագիծը թերի է մշակված եւ պահանջում է փորձագիտական լուրջ եզրակացություն` ներառյալ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների եւ անկախ փորձագետների եզրակացությունները` հաշվի առնելով օրենքով ամրագրված Սեւանա լճի ռազմավարական նշանակությունը:

Մարտ 11, 2013 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր