Գերմանական KfW բանկը կարող է վերանայել Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման մեջ ներդրումներ անելու քաղաքականությունը

Գերմանական KfW բանկը կարող է վերանայել Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման մեջ ներդրումներ անելու քաղաքականությունը

ԷկոԼուր 

Գերմանական KfW բանկը կարող է վերանայել Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման մեջ ներդրումներ անելու քաղաքականությունը:Այս կապակցությամբ անհանգստություն է հայտնել Փոքր ՀԷԿ-երի ասոցիացիայի նախագահ Արմեն Հայրապետյանը  «Ստեփանավան-2» ՓՀԷԿ-ի նախագծի քննարկման ժամանակ: Նրա կարծիքով` փոքր էներգետիկայի ոլորտն այլընտրանք չունի, իսկ Հայաստանում դրա հետ մեկտեղ փոքր ՀԷԿ-երի գործունեությունն ապահովված է օրենսդրությամբ եւ վերահսկողությամբ: «Շումեն» ՍՊԸ-ի փաստաբան Արա Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ներդրումներ կատարելու հարցում ներդրողների երկմտելու պատճառը հասարակական կազմակերպություններն են, որոնք անհիմն խնդիրներ են առաջ քաշում: «Մենք լավ գիտենք, KfW բանկն էլ, որոնք այդ թվում Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են նման ծրագրեր եւ վարկավորում են իրականացնում հնարավորինս ցածր տոկոսադրույքներով, քանի որ բարձրով ուղղակի հնարավոր չի լինի, եւ այս գործունեությունը 10-15 տարի հետո նոր իր ծախսերը հանում է: …Այսօրվա դրությամբ KfW բանկը կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում արդեն գնում է խոսակցություններ այն մասին, քանի որ այսպիսի խնդիրներ են առաջ բերում բնապահպանական կազմակերպությունները, այդ թվում շատ դեպքերում նաեւ անհիմն, այս մարդիկ ասում են, եթե այսպես է շարունակվելու, մենք պիտի վարկը տանք ու մի 10 տարի գցենք, բռնենք, կառուցենք, թե չկառուցենք, թույլ տանք, թե չտանք, էսօր թույլտվությունը տալիս ենք, վաղը, մյուս օրը փոշմանում ենք: Ես էլ ասում եմ, կարող է պատահի, եւ մենք վերցնենք ու մեր ծրագիրն ընդհանրապես փակենք»,- նշեց Արա Սարգսյանը:

Նշենք, որ գերմանական KfW բանկը ֆինանսավորում է  Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում: Դա զուտ ֆինանսական համաձայնություն է: Նրա սկզբնաղբյուրը «Ֆինանսական համագործակցության մասին» երկկողմանի պայմանագիրն է, որը կնքվել է 2004թ-ին: Առաջին վարկային պայմանագրի գումարը կազմել է 6 միլիոն եվրո, երկրորդինը` 18 միլիոն եվրո (2010թ.): 2012թ. կնքված երրորդ պայմանագրի չափը կազմել է 40 միլիոն եվրո: Հակառակ Փոքր ՀԷԿ-երի ասոցիացիայի նախագահի պնդումներին KfW բանկի միջոցներով կառուցված ոչ մի ՓՀԷԿ-ում ստուգումներ չեն անցկացվել, եւ բնապահպանական տեսչությունն այնտեղ չի մտել: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք առաջին հերթին բարձրաձայնում են համայնքները, որոնք մնացել են առանց ջուր, քանի որ ողջ ջուրը վերցվում է խողովակների մեջ: Բնապահպանական օրենսդրությունն այս հարցում այնքան թույլ է, որ էկոլոգիական թողքը կարող է կազմել գործնականում 0 լիտր վայրկյանում, եւ ոչ մի օրենք դրան ընդդիմանալ չի կարող: Վերահսկողության եւ էկոլոգիական աղետները կանխարգելելու միջոցառումների բացակայությունը նկատվում է փոքր ՀԷԿ-երի ողջ սպեկտրում, անկախ նրանից թե ինչ միջոցներով են կառուցվել:

Մարտ 14, 2013 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր