

ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի եւ հասարակայնության՝ էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Բնապահպանության նախարարությունը մարտի 15-ին Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպեց “Խաչաղբյուր-2” փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել միայն անցագրով կամ հատուկ թույլտվությամբ, ինչը “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում է: 3-րդ հոդվածն ասում է. “…ապահովել հասարակության ներգրավումը եւ մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում”: Դրա հետ մեկտեղ նախարարության աշխատակիցները, ովքեր ապահովում են նախարարության հրավիրած անձանց մուտքը, հրաժարվեցին անցագրեր տրամադրել “Շանթ”, “Իջեւան”, “Սիվիլնեթ” հեռուստաընկերությունների, “Լրագիր”-ի, “ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ-ի լրագրողներին: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Այդպիսով, Բնապահպանության նախարարությունը խախտեց “Զանգվածային լրատվության մասին” օրենքի 4-րդ հոդվածի (Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները) 3-րդ կետը. “լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը”: Նախարարության պարզաբանումը, որ բոլոր նրանց մասնակցությունը, որոնց թույլ չի տրվել մասնակցել լսումներին, ապահովված է lifestream-ով, որեւէ քննադատության չի դիմանում:
Նշենք, որ lifestream-ը չի ապահովում մասնակցություն, այլ ապահովում է կողքից հետեւելու հնարավորություն: Ի տարբերություն դիտորդների` մասնակիցները, այդ թվում եւ լրագրողներն իրավունք ունեն հարցեր տալու, արտահայտելու իրենց կարծիքը, աշխատելու հասարակական լսումների մյուս մասնակիցների հետ: Այս հնարավորություններից նրանք զրկվեցին նախարարության մեղքով: Խնդրում ենք Մարդու իրավունքների պաշտպանին իրավական գնահատական տալ նախարար Արամ Հարությունյանի եւ նախարարության մյուս իրավասու անձանց գործողություններին, ովքեր պատասխանատու էին մարտի 15-ի միջոցառման կազմակերպման համար, որոշել, թե որքանով են այդ գործողությունները ենթակա վարչական կամ այլ պատասխանատվության` համաձայն ՀՀ ազգային օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների պահանջով Հայաստանի ստանձնած պարտավորությունների:
Մարտ 16, 2013 at 10:46
