

ԷկոԼուր
Երեւանում Պոեզիայի պուրակը նոր երեւույթ է: Նրա ստեղծումը ցանկանում են իրագործել Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա ապրիլի կեսերին: Այս նախաձեռնությամբ հանդես է գալիս Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նա մտադիր է պուրակը հիմնել Մաշտոցի այգում, որպեսզի փառատոնի յուրաքանչյուր մասնակից ծառ տնկի, որպեսզի տեղադրվի խորհրդանշական արձան, եւ կազմակերպվեն պոետների հրապարակային ելույթներ:
Բայց ինչպես կարձագանքնեն Մաշտոցի այգու պաշտպանները այս նախաձեռնությանը: Մարտի 14-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան, որի շուրջ հավաքվեցին Լևոն Անանյանը, «Զիկատար» բնապահպանական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը, ակտիվիստներ Վահրամ Սողոմոնյանը, Արթուր Գրիգորյանը, Թեհմինե Ենոքյանը, Դավիթ Ստեփանյանը, Լեւոն Գալստյանը, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը: Ներկայացնում ենք կլոր սեղանի տեսանյութն ու տեքստային տարբերակը:
Լեւոն Անանյան.
-Սա քննարկելու հարց է, քանի որ հետո մեզ պիտի միանան եւ քաղաքապետարանը, եւ գլխավոր ճարտարապետը, բնապահպանական վարչությունը եւ այլն:
Արթուր Գրիգորյան.
- Մաշտոցի պուրակը պայքարի խորհրդանիշ է դարձել: Ես չէի ուզի, որ Մաշտոցի պուրակը վերանվանվեր պոեզիայի պուրակ:
Լեւոն Անանյան.
-…Մաշտոցն այնքան է սրբագործված, այնքան նշակետեր ունենք հիշելու, բայց երբ որ մի ժողովուրդ ունի իր պոեզիայի պուրակը, մի ժողովուրդ, որ այդքան բարձրացնում է բանաստեղծությունը, սա էլ սրնդին է ուղղվաщ: Մաշտոցը, էլի եմ ասում, հետքեր շատ ունիч իրեն սրբագործելու:
Դավիթ Ստեփանյան.
-Ինչ վերաբերում է տարածքը նորից նշանակելուն որպես ուրիշ ֆունկցիա ունեցող տեղ, ասեմ, որ տարածքն արդեն նշանակված է որպես խոսքի ազատության, որպես հանրային գոտիների պահպանման եւ վերանվաճման տեղ, որը ազատ տեղ էր, որ ով ինչ ուզեր, կարող էր գալ եւ ասել… Այսինքն, անկախ Հայաստանի պատմության մեջ միակ բացարձակ ազատ տեղն էր: …Եւ կարծում եմ, որ եթե տարածքը պետք է վերանշանակվի եւս մեկ անգամ, ապա իրեն ամենաբնորոշ տեղը Խոսքի ազատության պուրակը կարող է լինել: …Կարծես թե մարդիկ ազատություն չեն սիրում, հենց որ մի ազատ տեղ կա, փորձում են զբաղացնել: Ոչ, թող ազատ մնա տարածքը եւ բաց, խնդրեմ, դուք ապրիլին ուզում եք 6-օրյա միջոցառում անցկացնել, շատ ողջունելի է, ինքս ներկա կլինեմ: Կարող է դրա հաջորդ օրը խեցեգործներն ու ջուլհակագործները ուզենան միջոցառում անցկացնեն, ինչի պիտի դա դառնա պոեզիայի պուրակ, եւ նրանք իրավունք չունենան դա անելու:
Ինգա Զարաֆյան՝ ԷկոԼուր.
-Ի՞նչ է նշանակում պոեզիայի պուրակ ըստ Ձեզ, այսինքն՝ մենք ունենանք տարածք, որտեղ միայն պոետները լինե՞ն:
Լեոն Անանյան.
-Ձեր խնդիրն է, սիրելի երիտասարդներ: Քաղաքում, որտեղ էլ տանենք, ծառ տնկենք, քաղաքի շահն է եւ բոլորիս շահն է, եւ ես կարծում եմ, որ մենք իրար հետ բախվելու, գրողի, ջուլհակի ու խեցեգործի հետ համեմատելու առիթը չունենք: Ուղղակի մի շատ սիրուն առիթ էր, որպեսզի գրողը ծառը տնկի, եւ այդտեղ հնչի պոեզիա: Իսկ այդ պոեզիան բոլորի համար է: Սա պիտի դառնա հանրային ճաշակի ձեւավորման, ազատախոսության վայր: Պարզ է` ավագ սերունդը չի կարող կարդալ իր գրածները, այստեղ ջահելների համար է, երիտասարդության, նոր սերնդին գիրքը, գրականությունը, պոեզիան հասցնել: … Դա բոլորինն է, երեւանցիներինն է, բայց ես ուզում եմ, որ այդ տարածքն իր խորհրդով ծառայի բոլոր երեւանցիներին:
Վահրամ Սողոմոնյան.
-Մենք ՝ որպես երեւանցիներ, խնդիր ունենք հետ վերադարձնելու մեր հանրային տարածքները: Մասնավոր կապիտալի գրոհը այնքան մեծ է եղել ու դեռեւս շարունակվում է, որ մարդիկ վախենում են տարածքները, որտեղ ազատ են դեռ, այնտեղ ինչ-որ բան նախաձեռնել: Հիմա այստեղ կա քաղաքացիների ուժերով ազատագրված մի տարածք, եւ ասում են՝ կարող եք այնտեղ անել, քանի որ մասնավոր կապիտալից մենք ազատել ենք: … Գիտեք, նաեւ մեր մտահոգությունն ինչով է պայմանավորված, քանի որ կայացած մտավորականներից շատերը, որ նաեւ նստած են Երեւանի ավագանիում, այդ պայքարի ընթացքում մեր հասցեին քամահրանքից եւ վիրավորանքներից բացի գրեթե ոչինչ չտեսանք, առավել եւս` գործուն քայլեր: Մենք չենք ուզում, որ դա լինի անկենդան ակցիա, որ ծառերը տնկվեն, այդ տնկողներն էլ ափսոսան, որ տնկեցին, որովհետեւ այդ ծառերը չջրվեն, չխնամվեն, եւ այդ տարածքը չլցվի անհրաժեշտ բովանդակությամբ: Ծառատունկի մասով ես գտնում եմ, որ այդտեղ մի քանի անգամ ծառատունկ արվել է, եւ բավարար չափով այդ փոքր տարածքի համար ծառեր կան: Որպես Երեւանի համասեփանականատեր, քաղաքացի կարծում եմ, որ կարիք չկա ի հակակշիռ ճանապարհի մյուս կողմի, թշնամու երկիր չի, չէ, դա նույնպես մեր քաղաքապետի հետ համատեղ կարելի է դնել իր սեղանին: Մենք ունենք 40 փաստ այսօր իր սեղանին դրած՝ դատարկ հանրային տարածքներ, որոնք չեն խնամվում, չեն լցվում բովանդակությամբ, թշնամին երեւի այդպես չի վերաբերվի այդ տարածքներին: Ես կոնկրետ դեմ եմ արձանի տեղադրմանը եւ կարծում եմ, որ երիտասարդներից շատերը դեմ կլինեն, որովհետեւ տարածքն արդեն ստացել է իր կոնկրետ նշանակությունն ու բովանդակությունը:
Արթուր Գրիգորյան.
-Ինձ համար մի սկզբունքային հարց կա, որ պուրակը մնա Մաշտոցի պուրակ, եւ քանի որ ժամկետները սեղմում են, եւ ռեալ չէ այլ բետոնապատ տարածք կյանքի կոչել, մանավանդ միջազգային միջոցառման համար: Ես կառաջարկեի, որ պուրակում լիներ, կազմակերպված ճարտարապետների կողմից, այդ նախագծի շրջանակներում նման միջոցառում:
Լեւոն Անանյան.
-Ասենք, Մաշտոցի պուրակում պոեզիայի ճեմուղի: Մենք ուզում ենք այդ հատվածը լցնել, քո ասած, ոգով, որ հասկանան, որ պոեզիան գնահատվում է հատկապես այդ դժվար նվաճված տարածքում:
Արթուր Գրիգորյան.
- Որպեսզի միջոցառումը գլոբալ օգուտ բերի, եթե մենք կարողանանք կազմակերպել այնպես, որ ճարտարապետների նախագծի շրջանակներում այդ ամբողջ տարածքը մաքրվի սրճարաններից, բետոնապատ տարածքներից, ինքը դառնա ամբողջ այդ տարածքը, ես սկզբունքորեն դեմ չեմ, որ ճեմուղի լինի:
Դավիթ Ստեփանյան.
-Սրճարանների հատվածում ես էլ եմ կողմ, որ լինի բանաստեղծների ճեմուղի:
Լեւոն Անանյան.
Ես պատրաստ եմ, որ այս նախագիծը քննարկվի Նարեկ Սարգսյանի եւ մյուսների հետ:
Ինգա Զարաֆյան.
- Օրինակ բուսաբաններն առաջ առաջարկում էին, որ երկրորդ շերտը՝ սոսիների տակ, պետք է լինեն շատ ավելի ցածր բուսատեսակներ, եւ դա պետք է լինեն թփեր: Բայց, իհարկե, եթե մարդիկ կգան ուրիշ երկրներից, ինքը պետք է ծառ տնկի: Գոհար Օգանեզովայի հարցն է, թե ինչ ծառ պետք է այնտեղ տնկվի շարունակաբար: Գոհար Օգանեզովան ասում է, որ մենք այդքան տեղ չունենք 30-40 ծառ տնկելու, որովհետեւ լանդշաֆտի տեսակետից դա անպայման կխանգարի:
Անդրանիկ Ղուլիջանյան
-Այդտեղ ամբողջը երեւի մի 1000 քմ չկա: Այն ինչը որ դուք ասում եք, ընդամենը այդ տարածքում, եթե չեմ սխալվում, մի հատ ծիրանի անմշակ ծառ է, որեւէ այլ ծառ չկա: Բայց թեեւ տարածքը փոքր է, բայց յուրաքանչյուր աշխատանքի համար մասնագիտական նախագիծ կազմվում է: Այսօր խնդիրը կայանում է նրանում, թե ինչ ծառատեսակ պետք է տնկվի: Օրինակ, շատ գեղեցիկ կլիներ գնդաձեւ ակացիան, որովհետեւ սոսիները կան, նրանց տակով ակացիաները գնալու են շրջագծով, բայց միայն դա չպիտի լինի: Ինչի եմ ասում այդ ծառատեսակը, որովհետեւ գեղեցիկ է եւ հնարավոր է խտացնել: Մյուս կողմից չեն խանգարի թփատեսակները` գեղեցիկ դիզայն տալու համար: Ես կուզեի, որ այդ տարածքում գեղեցիկ դիզայն արվի, նախագիծը կներկայացվի:
Լեւոն Անանյան.
-Այստեղ կարեւորը ձեր համաձայնությունն է:
Թեհմինե Ենոքյան.
-Մեր բոլոր ակցիաները, մեր բոլոր որոշումները, մեր բոլոր քայլերը, ինչի որ մենք հասել ենք, մենք արել ենք մի պարզ սկզբունքի հիման վրա՝ հանրային բաց թափանցիկ քննարկումների միջոցով, լսել ենք բոլորի կարծիքը: Եւ ես ինձ իրավունք չեմ վերապահում խմբի անունից դիրքորոշում հայտնել, ձեր բոլոր առաջարկները մենք կներկայացնենք խմբում, եթե խումբը համաձայնություն կտա պոեզիայի պուրակի ձեւակերպմանը, միգուցե այդպես լինի: Բայց ինքս՝ որպես քաղաքացի, դեմ եմ, որ պուրակը անունը փոխի, քանզի այն գրվել է պատմության մեջ: Նույնիսկ ճեմուղու տարբերակը պետք է դրվի հանրային քննարկման, մի 200 մարդ թող ասի իր կարծիքը:
Լեւոն Անանյան.
-Թող ասեն, խնդիր չկա: …Ես նորից եմ ձեզ ասում, ուզած պահի, եթե այքան ակտիվ չլիներ, ես՝ ինքս, պիտի գնայի Օղակաձեւում կամ քաղաքի մեկ այլ կենտրոնական տեղ դիմեի, սիրով կընդառաջեին: Հետո վաղը, մյուս օրը դուք՝ ինքներդ էլ կգայիք: Բայց ես շարունակում եմ մտածել, որ պիտի այս ծրագիրը, քննարկումները շարունակենք, հույս ունեմ` այստեղ 4 հոգի եք, այնտեղ կլինեն 200 հոգի, եւ այնտեղ կլինեն պոեզիան գնահատողներ եւ նաեւ կիսողներ այն կարծիքը: Մինչեւ այդ ես էլ կաշխատեմ, որ անպայման նախագիծը լինի, թե ինչ ծառերով է, թե ճեմուղին ոնց է լինելու, եւ դա կլինի տեսանելի, եւ այն գաղափարը, որ այստեղ բոլորդ համարում եք, որ պոեզիայի ճեմուղի հիմնելը կարեւոր է, դա նշանակում է, որ մենք ունենք համատեղ քննարկելու նյութ:
Մարտ 18, 2013 at 15:00
