

ԷկոԼուր
Մարտի 26-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերն էին Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը եւ «Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը: Ներկայացնում ենք մամուլի ասուլիսի վերաբերյալ հրապարակումները:
ՀԱԿ-ը ավագանու ընտրություններին ներկայանում է բնապահպանական ծրագրերով
Mardik.am
Այսօր հրավիրված ասուլիսում ՀԱԿ անդամՎահագն Խաչատրյանն անդրադառնալով գալիք ավագանու ընտրություններին մասնավորեցրեց, որ կարծում է, թե Երևանի համար առաջնային խնդիրները բնապահպանական խնդրներն են: «Եթե ուզում ենք Երևանը դարձնել հարմարավետ քաղաք, ապա պետք է լուծենք բնապահպանական խնդիրները»,- ասաց նա:
Մասնավորապես անդրադառնալով Դալմային այգիներին` Վ. Խաչատրյանը նշեց, որ այն պատմամշակութային համալիր է համարվում, որը պետք է պահպանել:
Ի դեպ` Վ. Խաչատրյանը գլխավորում է ՀԱԿ ցուցակը: Նա զբաղեցրել է նաև երբեմնի քաղաքապետի պաշտոնը: Խոսելով սեփական ծրագրերից` նա նպատակային համարեց զուտ բնապահպանական խնդիրները: «ՀԱԿ-ի ծրագում ընգրկվել են հիմնականում բնապահպանական խնդիրները: Կանաչապատ տարածքների ծրագիրը շատ կարևոր խնդիր է ցանկացած երևանցու համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում կանաչ տարածքները դարձել են բիզնես միջավայր»,- ասաց նա շարունակելով, որ այսօր գրեթե բոլոր կանաչ տարածքներում, եթե այդպիսիք, իհարկե, կան`գործում են սրճարաններ ու այլ ժամանցային ու խրախճանքի գոտիներ: «Երևանի հիմնական հատակագծում պետք է կանաչ տարածքներ ավելանային, ինչը ոչ մի քաղաքային իշխանություն օրոք տեղի չունեցավ: Նախորդ ու ներկա իշխանությունները կանաչի նկատմամբ հատուկ հակակրանք ունեն. նրանք ոչնչացնում են դրանք»,- հավելեց նա հստակեցնելով, որ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնում այս ընտրությունների ընթացքում հաղթել ու լուծել երևանցիների համար այս հույժ կարևոր խնդիրը:
«Ցավում եմ, որ իմ ղեկավարած տարիներին մարդիկ վառում ու ոչնչացնում էին այդ տարածքները, սակայն հիմա ինչ կատարվել է Երևանում` սկսած Օպերայից վերջացրած Ծիծեռնակաբերդով, բավականին բարդ իրավիճակում են հայտնվել: Այսօր ցանկացած քաղաքական ուժ պետք է այս խնդրին կարևորություն տա, իսկ երևանցիներն առաջին հերթին պետք է նրանցից պահանջեն դա»,- հավելեց նա ընդգծելով, որ այսօր Երևանի ու երևանցիների համար առաջնային են բնապահպանական խնդիրները, այլ ոչ թե քաղաքական:
«Ապօրինությունները ծնվում են անպատժելիությունից»,- հավելեց «ԴալմաՍոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, ով Վ. Խաչատրյանին հարց ուղղեց`թե ինչ մեխանիզմներ են պատրաստվում մշակել դրանք վերացնելու ուղղությամբ: Ի պատասխան` Վ. Խաչատրյանը վստահեցրեց, որ պատրաստվում են պատժել անպատժելիությունը: «Պետք է վերջ դրվի այդ ապօրինություններին: Ոչ մի չինովնիկ ու պաշտոնյա իրավունք չունի ստորագրել մի փաստաթուղթ, որ կանաչ տարածքներում պետք է խանութներ ու այլ կառույցներ բացվեն: Ըստ էույթան, դա չինովնիկի մեղավորությունն է»,- հավելեց նա նշելով, որ բոլոր էկոլոգիական խնդիրները հենց այդ ապօրինությունների շնոհիվ են առաջացել, իսկ անօրենները գործել են վերևների հետ փոխհամաձայնության գալով:
«Հաստատ այդ փաստաթղթի տակ կան կոնկրետ մարդկանց ստորագրություններ. դրանք պատահական չեն առաջացել: Որևէ պաշտոնյա առանց վերևների հետ համաձայնության որևէ քայլ չի իրականացրել»,- հավելեց նա նշելով, որ հաղթանակի դեպքում պատրաստ են քայլեր իրականացնել առանց բիզնեսը վնասելու: Իսկ դա, ըստ նրա, հնարավոր է: «Երբևիցե մեղավորները չեն պատժվում, սակայն իրավական մեխամիզմները թույլ են տալիս պատիժ իրականացնել: Ինձ շատ է անհանգստացնում Դալման: Վերացնել Դալման` նշանակում է վերացնել Երևանի թոքերը »,- ասաց Վ. Խաչատրյանը:
Վ. Խաչատրյանը խոսելով ցուցակներից նշեց, որ իրենց ցուցակում հիմնականում երիտասարդներն են ընդգրկված: «Մեր ապագան մեր երիտասարդներն են, ովքեր այսօր շատ ակտիվ են ցանկացած հարցում»,- ասաց նա նշելով, որ ցուցակում ընդամենը 40-ն անց անհատներ են ընդգրկված: Ինչ վերաբերում է ընտրություններին ու հաղթանակին` ապա Վ. Խաչատրյանը հստակեցրեց, որ հաղթանակն այս անգամ միանշանակ է լինելու:
Վ. Խաչատրյան. Հնարավորություն կա իշխանությանը չթողնել վերարտադրվել Երևանում
www.panorama.am
Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ այս ընտրություններում էլ կեղծիքներ լինելու են:
«Ոնց կարող է գոյություն ունենա այսպիսի պետական իշխանական համակարգ, և ընտրությունները չկեղծվեն: Արդեն սկսվել են, իմիջիայլոց, գործողություններ, նախապատրաստություններ, մենք չենք ակնկալում, որ իշխանությունը միանգամից իր դեմքը կփոխի ու փորձի նորմալ կամ իդեալականին մոտ ընտրություններ անցկացնի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանախոսը:
Վ. Խաչատրյանի համոզմամբ, այսօր հնարավորություն կա` ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» համագործակցությամբ աշխատելու դեպքում արդյունքի հասնել` «իշխանությանը չթողնել վերարտադրվել Երևանում»:
«Պետք է փորձենք գալ դրան: Այդ հնարավորությունը կա, եթե իրար հետ աշխատենք, ես համոզված եմ, որ մենք իրար հետ կաշխատենք»,-ասաց Վ. Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյան. Իշխանությունները կանաչի նկատմամբ հատուկ հակակրանք ունեն
www.ilur.am
Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը այսօր լրագրողներին ներկայացրեց իր մոտեցումները Երևանի կանաչապատման խնդրի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ի ծրագում ընգրկվել են հիմնականում բնապահպանական խնդիրներ, իսկ իրենք պատրաստակամություն են հայտնում այս ընտրությունների ընթացքում հաղթել ու լուծել երևանցիների համար այս հույժ կարևոր հարցը:
«Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի թույլտվություն տալու, թեկուզ ժամանակավոր հիմունքներով, կանաչապատ տարածքում կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Երևանի հիմնական հատակագծում պետք է կանաչ տարածքներ ավելանային, ինչը ոչ մի քաղաքային իշխանություն օրոք տեղի չունեցավ: Նախորդ ու ներկա իշխանությունները կանաչի նկատմամբ հատուկ հակակրանք ունեն. նրանք ոչնչացնում են դրանք»,- նկատեց Վահագն Խաչատրյանը:
Խոսելով բնապահպանական տարբեր խնդիրների մասին՝ նա ասաց, որ, մասնավորապես, իր ղեկավարման օրոք Դալմայի այգիները միտումնավոր պահպանվել էին թե՛ որպես պատմամշակութային արժեք, թե՛որպես «Երևանի թոքեր»: Ըստ Խաչատրյանի՝ 2003 թվականի կառավարության համապատասխան որոշումով դրվեց Դալմայի այգիների ոչնչացման սկիզբը:
«Հաստատ այդ փաստաթղթի տակ կան կոնկրետ մարդկանց ստորագրություններ, դրանք պատահական չեն առաջացել: Որևէ պաշտոնյա, առանց վերևների հետ համաձայնության, որևէ քայլ չի իրականացրել»,- նշեց պարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ հաղթանակի դեպքում պատրաստ է քայլեր իրականացնել՝ չվնասելով բիզնեսը:
«Երբևիցե մեղավորները չեն պատժվում, սակայն իրավական մեխամիզմները թույլ են տալիս պատիժ իրականացնել: Իսկ վերացնել Դալման` նշանակում է վերացնել Երևանի թոքերը »,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը:
ՀԱԿ-ն առաջարկում է միավորվել
Ա1+
ՀԱԿ-ը ներքին բանակցություններ է անկցացնում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի հետ: Նպատակը մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին միասնական շտաբով ներկայանալն է, որը հնարավորություն կտա պայքարել ընտրակեղծիքների դեմ:
«Այսօր հնարավորություն կա Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» ուժերի միասնական աշխատելու դեպքում արդյունքի հասնել և գործող իշխանությունների թույլ չտալ վերարտադրվել Երևանում: Ես համոզված եմ, որ մենք իրար հետ կաշխատենք»,- ասաց ՀԱԿ ավգանաու անդամների ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյանի կարծիքով հաղթանակ կլինի միայն այն դեպքում, երբ այս չորս ուժերն այնքան ձայներ հավաքեն, որ կարողանան միավորվել և իրենք ընտրեն քաղաքապետին:
ՀԱԿ ներկայացուցիչն ասում է, որ ընտրությունները դեռ չսկսված՝ արդեն իսկ սկսվել է ընտրությունների արդյունքների կեղծման գործընթացը.
«Լրիվ նույն մոտեցումն է՝ թաղային հեղինակություններ, մարդկանց խմբեր, անձնագրեր, ստորագրություններ հավաքել: Որևէ ակնկալիք չկա, որ իշխանությունը միանգամից կփոխի իր դեմքը և իդեալականին մոտ ընտրություններ կանցկացնի»:
Վահագն Խաչատրյանը վերջին մի քանի տարիներին Երևանի իշանությունների գլխավոր բացթողումը համարում է այն, որ նրանք ծառայել են ոչ թե երևանցուն, այլ բիզնեսին: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքային իշխանությունները կանաչի նկատմամբ հակակրանք ունեն»:
Եթե նա դառնա Երևանի քաղաքապետ, առաջին խնդիրը, որը ձեռնամուխ կլինի լուծելու, քաղաքի կանաչ տարածքներն են։ «Ցանկացած ծրագիր, որ պետք է իրականացվի Երևանում, առաջին հերթին պետք է արժանանա բնապահպանների գնահատականին, հետո նոր միայն իրականություն դառնա»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
ՀԱԿ-ի թեկնածուն կարեւորում է ոչ իշխանական ուժերի համագործակցությունը
Կարլեն Ասլանյան, «Ազատություն» ռադիոկայան
Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրացուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը համոզված է, որ եթե ընտրապայքար մտած ոչ իշխանական ուժերը համագործակցեն, միասնաբար պայքարեն ընտրակեղծիքների դեմ, ապա հնարավոր է մեծամասնություն ձեւավորել Երեւանի ավագանիում:
Խաչատրյանը 1992-1996 թվականներին Երեւանի քաղաքապետն էր: ՀԱԿ-ի ցուցակում երկրորդ հորիզոնականում Զոյա Թադեւոսյանն է, երրորդը` Արման Մուսինյանը:
«Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն, «Բարգավաճ» եւ «Ժառանգություն» կամ «Բարեւ, Երեւան» դաշինք… հնարավորություն կա միասնական աշխատելու դեպքում իսկապես արդյունքի հասնել, իշխանությանը չթողնել վերարտադրվել Երեւանում: Ոչ իշխանական ուժերը պետք է խնդիր դնել իսկապես մաքսիմալ ձայներ հավաքել, որպեսզի Երեւանի քաղաքապետ ընտրելու հնարավորությունը մենք ունենանք: Դա կհամարենք հաղթանակ: Կարող է այդ չորսի մեջ որեւէ մեկը համարի, որ հաղթանակի չափը քիչ էր, բայց ես գտնում եմ, որ եթե մենք կարողանանք դրան հասնել, դա նաեւ ոգեւորիչ կլինի եւ քաղաքացիների համար, եւ ընդհանրապես հետագայում քաղաքական գործունեության համար», - երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց Խաչատրյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է խորհրդարանական ընտրությունների օրինակով այս անգամ եւս ոչ իշխանական ուժերը միասնական շտաբ ձեւավորեն, քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն տեղեկացրեց, որ ՀԱԿ-ն արդեն իսկ աշխատում է այդ ուղղությամբ:
«Մենք փորձում ենք դա անել, մենք ուզում ենք դա լինի, որովհետեւ միասնական ուժերի դեպքում մենք ունենք հնարավորություն կանխելու այն ընտրախախտումները, որ կլինեն տեղամասերում: Հիմա ներքին բանակցություններ են ընթանում», - ասաց Խաչատրյանը:
Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում ՀԱԿ-ը հաղթահարեց անցողիկ շեմը, սակայն հրաժարվեց մանդատներից: Այս անգամ Կոնգրեսում չեն մտածում փոքրամասնություն կազմելու մասին:
«Մենք այն ժամանակ քաղաքական որոշում ենք ընդունել: Ես չեմ կարող ասել, որ մեր մասնակցությունը ինչ-որ առումով օգուտ կբերեր` տեսնելով այն, ինչ կատարվում է Ազգային ժողովում, որտեղ այդ թվում եւ ՀԱԿ խմբակցության ելույթները` որպես ելույթներ արձանագրվելուց բացի, իրավական առումով որեւէ ընթացք չեն ստանում», - ասաց Խաչատրյանը:
Մեկ ամիս առաջ ՀԱԿ-ը չմասնակցեց համապետական ընտրություններին` պատճառաբանելով, թե ընտրակեղծարարության այս համակարգի դեպքում իսպառ բացառված է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն: Այժմ, ըստ Խաչատրյանի, մթնոլորտն է փոխվել, ինչը, սակայն, չի նշանակում, որ ընտրակեղծիքներ չեն լինելու:
«Ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ այս պետական իշխանական համակարգը, եթե ընտրությունները չկեղծեն: Արդեն սկսվել են գործողություններ, նախապատրաստություններ, նորից նույն մոտեցումները, թաղային հեղինակությունները, մարդկանց խմբեր հավաքել, էլի անձնագրեր, ստորագրություններ, որեւէ ակնկալիք չկա, որ իշխանությունը կարող է իր դեմքը փոխել միանգամից», - ասաց Խաչատրյանը:
Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն ընտրվելու դեպքում առաջին իսկ օրը քաղաքի կանաչ տարածքներով է զբաղվելու, զբոսայգիներն ազատելու է սրճարաններից, Հրազդանի կիրճը հանգստի գոտի է դարձնելու:
«Երեւանը միայն հանրապետականների համար է», - շեշտում է նա. - «Իրենց համար բիզնեսին ծառայելը ավելի կարեւոր դարձավ, քան երեւանցուն ծառայելը: Ինձ` որպես երեւանցի, ոչինչ չեն տվել»:
Վահագն Խաչատրյանը քննադատեց ՀՀԿ-ական ավագանու աշխատանքը. «Երեւանին նայում են որպես բիզնեսի սուբյեկտի»
Արփինե Սիմոնյան, Առավոտ
ՀԱԿ ավագանու ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը պնդում է՝ 90-ականների Երեւան քաղաքի խնդիրները մինչ օրս մնացել են առանց լուծման: «Շատ զարմանալի է, խնդիրներն ավելի խորացել են, քան թե մեր ժամանակ կար: Նույն բնապահպանական, աղբահանության խնդիրները: Մարդիկ առաջ են գնացել, բայց 20 տարի առաջվա աղբահանման տեխնոլոգիաները մինչեւ հիմա օգտագործվում են: 21-րդ դար է, բայց մարդիկ դեռ թասերով աղբ են հանում բարձրահարկ շենքերից»,- դժգոհեց պարոն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում: Նա դեռեւս չի շտապում ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը, բայց վստահեցնում է, որ այն երկու հիմնական մասից է բաղկացած լինելու՝ քաղաքական եւ քաղաքային տնտեսության վերաբերող բաժիններ: Պարոն Խաչատրյանն ասաց, որ իրենց ծրագիրը ամբողջական ներկայացնելու համար հաշվի են առնելու նաեւ տարբեր խմբերի հետ հանդիպումների ժամանակ ներկայացվող առաջարկությունները: Նա աչքի է անցկացրել քաղաքական այլ ուժերի ավագանու ցուցակները եւ գտնում է, որ ՀԱԿ-ն ամենաշահեկան վիճակում է. «Չեմ կարծում, որ այդ մտավորականներով այսօր ՀՀԿ-ն ներկայանալի է: Այնտեղ այնպիսի ճարտարապետներ կան, մեկը հարգված ճարտարապետ, մյուսն էլ կիսատ ճարտարապետ, որոնց առաջին հարցը պետք է տրվեր՝ ո՞նց եղավ, որ Մաշտոց պողոտայի խնդիրները եղան: Եթե այդ մարդը՝ Հրաչիկ Պողոսյանը, որը շատ հարգված ճարտարապետ է նաեւ իմ կողմից, եւ ցուցակում ընդգրկված այլ թեկնածուները, լինելով ավագանու անդամ, հնարավորություն ունեին անմիջական ազդելու իրենց գործողություններով, ավագանու հարց բարձրացնելով, տեսնում են, թե Երեւանում ինչ է կատարվում , ու այդ մարդիկ էլի էդ ցուցակում են, չեմ կարծում , որ առավելություն է»: Մեր դիտարկմանը, թե ՀԱԿ-ի ցուցակն էլ քնադատվում է անփորձ երիտասարդներին ներգրավվելու համար, պարոն Խաչատրյանն ասաց. «Անփորձ երիտասարդն ավելի լավ է, քան թե նման փորձված մարդիկ: Հիմա նույն Իգիթյանին հարց տամ՝ ի՞նչ եղավ մանկական գեղարվեստական կենտրոնի հետ: Կարո՞ղ եք բացատրել ՝ ո՞նց է լինում, որ Սայաթ-Նովա փողոցից եւ այս կողմից դառնում է բիզնես կենտրոն, դա մանուկների համար էր նախատեսված, թե՞ մարդիկ խորհրդային տարիներին չէին մտածում, որ այդտեղ կարելի էր ծաղիկ վաճառել կամ սրճարան կառուցել: Դա երեւանցուն հարիր է, հա՞: Ինքն էլ ավագանու անդամ է»: Պարոն Խաչատրյանը պարկեշտ չի համարում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատականները, թե վերջին տարիների լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է եղել. «Ես չգիտեմ՝ ինչ չափանիշներով է ինքը գնահատում: Ես մեկը կարող եմ ասել, որ քաղաքային իշխանություն չի եղել Երեւանում: Թեկուզ Մաշտոցի պողոտան, թեուզ Մաշտոցի պուրակը, թեկուզ էն փաստը, որ էդտեղ էդ կրպակները դրվել են: Ո՞նց կարելի է մարդու մտքով անցկացնել, բերել բուծիկներ դնել Երեւանի կենտրոնում, որտեղ նախատեսված էր այգի կամ մետրոյի կանգառ… երեւի այդ չափանիշներից ելնելով լավ քաղաքապետ էր: Մարդկային առումով պարկեշտ չէ, մինիմում 4 ՀՀԿ-ական քաղաքապետ է եղել: Այդպիսի գնահատական տալ, միայն ագիտացիոն նպատակներով նման հայտարարություն անել, ճիշտ չէ»: Պարոն Խաչատրյանի խոսքերով, Երեւան քաղաքի շենացման նախընտրական մի ծրագիր կա, որի մասին քաղաքական բոլոր ուժերի թեկնածուներն էլ խոսելու են. «Ի վերջո, բոլորս նույն խնդիրների մասին ենք խոսելու: Թե մենք ինչքանով ենք պատրաստ մեր խոսացածը իրականացնելու, դա է հարցը: Հիմա ոչ ոք չի գալու ասի, կանաչը վերացնելու եմ: Բայց ուրիշ է իշխանությանը հարցնես՝ եթե չես վերացնում, էս գործը ո՞նց եք անում, էս ծառը ո՞նց է վերանում, կամ Տերյան-Իսահակյան խաչմերուկում ինչ է կատարվում, որտեղ ժամանակին սրճարան էր կառուցվում, հետո մեծ աղմուկից հետո փակվեց: Քաղաքային տնտեսության խնդիրները նույնն են, կարեւորը կա կամք դրանք իրականացնել, բայց ես իշխանությունների կամքի բացակայություն եմ տեսնում, որովհետեւ Երեւանը նայում են ոչ թե աշխատելու, ապրելու քաղաք, այլ բիզնեսի սուբյեկտ»: Քննադատություններին, թե ՀԱԿ-ը ավագանու ընտրություններին մասնակցում է՝ ցույց տալու համար, որ լուսանցքում չէ, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք լուսանցքում չենք հայտնվել, տենց բան չկա: Դրանք ցանկություններ են ուղղակի, ի՞նչ է նշանակում լուսանցքում ենք, երբ էսօր մենք կանք ու հավատացեք ավելի ուժեղանալու ենք»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ո՞րն է Տարոն Մարգարյանի ամենամեծ բացթողումը
Մարինե Մարտիրոսյան, www.168.am
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ այսօր հնարավորություն կա իշխանությանը թույլ չտալ վերարտադրվել Երևանում: Չնայած դրան, Վ. Խաչատրյանի խոսքով` ընտրախախտումների մեխանիզմը շարունակելու է գործել նաև այս ընտրություններում: «Քարոզարշավը կարող էր սկսվել` էլի նույն մոտեցումները, էլի թաղային հեղինակությունները, մարդկանց խմբեր հավաքելը, էլի անձնագրեր, էլի ստորագրություններ, բայց էդ ամեն ինչը, խնդրում եմ, չընդունեք, կոպիտ ասած` նվնվոց, դա պատկերավոր պետք է ներկայացվի, դա հակաօրինական գործունեություն է: Մենք ընդամենը սրա մասին ենք ֆիքսում: Պատրաստ ենք, նորից եմ կրկնում, որևէ ակնկալիք կամ ակնածանք չկա, որ կարող է իշխանությունը միանգամից իր դեմքը փոխի, փորձի ինչ-որ նորմալ կամ իդեալականի մոտ ընտրություններ անցկացնել, որ մենք ենք պատկերացնում, բայց մենք պիտի փորձենք հենց գալ դրան»,- ասաց Վ. Խաչատրյանը, ով վստահ է, որ իրենք հաղթելու են այդ ընտրություններում: Ի դեպ, նա նաև նշեց, որ միասնական շտաբի ստեղծման մասին ներքին բանակցություններ են ընթանում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև:
168.am-ի դիտարկմանը, որ այս օրերին գրեթե բոլոր թեկնածուներն էլ, այդ թվում՝ Վ. Խաչատրյանը, նշում են, որ իրենք հաղթելու են` չբացառելով, սակայն, ընտրախախտումների գործոնը, ի՞նչ երաշխիք ունեն, որ հաղթելու են, վերջինս պատասխանեց. «Հաղթանակը միասնական պայքարն է»: Նա նշեց, որ պետք է վերահսկել՝ յուրաքանչյուր տեղամասում նվազագույնը երեք մարդկանց միջոցով: Եվ կարևոր է լրագրողների մասնակցությունը, որոնք այդ ամենն արձանագրում են: «Երկրորդը`պետք է վերահսկել վստահված անձերի, հանձնաժողովի մեկ անդամի միջոցով, որոնք կկարողանան և՛ ցուցակները հսկել, և՛ ներս մտնող-դուրս եկողին հսկել, փորձել տիրապետել այդտեղ տիրող իրավիճակին: 168.am-ի հաջորդ հարցին, թե ո՞րն է համարում Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենամեծ բացթողումը, ՀԱԿ ցուցակը գլխավորող թեկնածուն պատասխանեց. «Ամենամեծ բացթողումն ինչ որ կատարվում է Երևանում, այն, որ Երևանը միայն Հանրապետական կուսակցության անդամների համար է, և օլիգարխների համար է, միգուցե իր խոսքը տեղ չհասցնե՞լը: Դժվար է ինձնից հետո եկող քաղաքապետերին գնահատական տալը, որպես մարդ, որ այդ պաշտոնում եղել է, շատ լավ պատկերացնում է, բայց ես բոլորին, հատկապես, վերջին 2000թ.-ից հետո աշխատողների մի բացթողում կարող եմ նշել այն, որ իրենց բիզնեսին ծառայելն ավելի կարևոր դարձավ, քան երևանցուն ծառայելը: Բոլորի մասին կարող եմ մի ընդհանուր վերնագիր ասել: Ինձ`որպես երևանցի, ոչինչ չեն տվել: Հա, լավ ա, ասենք, գնում ես սրճարաններում նստում ես, բայց ես առաջին հերթին՝ այլ միջավայր էի պատկերացնում ինձ համար: Ես ուզում եմ` որպես երևանցի, որպես քաղաքի միջավայրում մեծացած մարդ, լավ զգալ, բայց հիմա հասկանում եմ, որ դա չի լավ զգալու հանգամանքը, լավն էն ա, թե որ սրճարանում ով՝ ոնց ա նստում ու ինչ երաժշտություն ա լսում: Ես կուզեի, որ մենք` որպես քաղաքացի, հավասար լինեինք»: Նրա խոսքով` Երևանում բոլորը պետք է իրենց լավ զգան, և ոչ մեկն արտոնյալ կարգավիճակ չունենա: «Էլիտար մտածողությունը բերեց էլիտար Երևան ստեղծելու գաղափարին, որը ոչինչ է, էն, ինչը որ Հյուսիսային պողոտայում է»,- հավելեց նա:
Դալմայում կանաչի նկատմամբ անարխիան չի զիջում Թեղուտի խնդրին.Վահագն Խաչատրյան
www.econews.am
Երևանի և Հայաստանի համար ամենաառաջնային խնդիրն են դարձել բնապահպանական խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն խաչատրյանը: «Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել Երևանում, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք կանաչապատման համար»,-ասաց նա:
«Վերջին տարիներին տարվող քաղաքակնության պատճառով կանաչը զոհ գնաց բիզնեսի ցանկություններին: Բիզնեսը կարելի է զարգացնել ոչ կանաչի հաշվին»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Նրա խեսքով` 1974-1995թթ. գլխավոր հատակագծում հարց էր դրված ավելացնել կանաչը, 2002թ.-ից սկսվեց կանաչի մասսայական զավթուը: «Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները կանաչի նկատմամբ հակակրանք ունեն»,- ասում է ՀԱԿ ցուցակը գլխավորող Վ. Խաչատրյանը:
Նա անդրադարձավ հատկապես Դալմայի այգիների խնդրին. «Այսօր, ինչ կատարվում է Դալմայում, անվերականգնելի է նախ և առաջ հոգեբանական առումով: Այսօրվա ցանկացած քաղաքական ուժ,որ պատրաստվում է կառավարել Երևանը, իր առջև նախ և առաջ պետք է դնի Երևանի էկոլոգիան անվտանգությունը, և մենք` քաղաքացիներս, քաղաքային իշխանությունից առաջինը պետք է դա պահանջենք: Երևանում տիրող անարխիան կանաչի նկատմամբ երևանցիներին զրկում է որպես քաղաքացի այս քաղաքում ապրելու հնարավորությունից: Այն, ինչ կատարվում է դալմայում, չի զիջում Փեղուտի խնդրին»,-ա սաց Վահագն Խաչատրյանը:
Մարտ 27, 2013 at 12:15
