

ԷկոԼուր
Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը Մեղրաձոր գյուղում “Մեղրաձոր Գոլդ” ընկերության կողմից ցիանային արտադրության կառուցման հարցում անցել է հասարակայնության նկատմամբ բաց ճնշման քաղաքականությանը: Հիշեցնենք, որ Մեղրաձորի բնակիչները մոտ 600 ստորագրություն են հավաքել ցիանային արտադրության դեմ եւ հունվարի 25-ին` Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, ստորագրությունները հանձնել են ՀՀ նախագահի աշխատակազմին:
Ապրիլի 6-ին ցիանային ֆաբրիկայի կառուցման դեմ հանդես եկող մի խումբ բնակիչների հրավերով Մեղրաձոր ժամանեցին մի խումբ լրագրողներ եւ արդյունաբերական քիմիայի ոլորտի փորձագետներ: Մեղրաձորի ճանապարհին մեզ հայտնի դարձավ, որ գյուղապետարանի շենքի մոտ մարդիկ են հավաքվել: Հենց մենք դուրս եկանք մեքենաներից, գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը ելույթ ունեցավ, որով ԷկոԼուրին մեղադրեց զրպարտության մեջ եւ կարդաց մեր կողմից տարածված հայտարարությունը. “Ապրիլի 6-ին Մեղրաձորի բնակիչները Մեղրաձոր գյուղում բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ ցիանային արտադրության: Բանակիչները լսել են, որ Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած ցիանային արտադրության նախագծին: Մեղրաձորցիները պատրաստվում են իրենց բողոքն արտահայտել եւ ակնկալում են լրատվամիջոցների մասնակցությունը: Բողոքի ակցիային կմասնակցեն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը: Եթե ցանկանում եք մասնակցել բողոքի ակցիային, ապա մեղրաձորցիները պատրաստ են ձեզ ապահովել փոխադրամիջոցով: Մեքենան ապրիլի 6-ին` ժամը 11:00-ին, կսպասի լրագրողներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնվերսատորիայի մոտ: Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել այսօր մինչեւ ժամը 15:00-ը` զանգահարելով 091876876 հեռախոսահամարով Գարսեւանին”:
Կառլեն Հովհաննիսյանը կտրուկ ձեւով պահանջեց մեզանից հեռանալ գյուղից: Նրա հայտարարությունից անիմջապես հետո ընդհարում տեղի ունեցավ “Մեղրաձոր Գոլդ”–ի աշխատակիցների եւ դեմ հանդես եկողների միջեւ, որը վերաճեց բախման: Գյուղապետը հայտարարեց, որ “Մեղրաձոր Գոլդ” ընկերությունը հրաժարվել է նախագծից, եւ նա թույլ չի տա, որ գյուղի տարածքում ցիանային արտադրություն լինի: “Էկոլոգիական ակադեմիա” ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրելյանին, այնուամենայնիվ, հաջովեց ելույթ ունենալ ցիանային արտադրության ռիսկերի մասին:
Անհասկանալի է մնում, եթե եւ գյուղապետը, եւ ժամանած հասարակայնության ներկայացուցիչները` բոլորը, դեմ են ցիանային ֆաբրիկային, ապա ինչո՞ւ վռնդել համախոհներին: Եւ եթե “Մեղրաձոր Գոլդ” ընկերությունը մտադիր է ոսկի կորզել այլ եղանակով կամ այլ վայրում, ապա ինչո՞ւ հետ չի կանչել նախագիծը Բնապահպանության նախարարությունից: Բնապահպանության նախարարության կայքում` http://www.mnp.am/?p=315 հասցեում, տեղադրված է ցիանային արտադրության նախագիծը եւ ոչ ուրիշ նախագիծ: Բնապահպանության նախարարությանն արված մեր հարցմանը` նախագծային փաստաթղթերը եւ եզրակացությունը ներկայացնելու մասին, մեզ պատասխանեցին, որ նախագծի եզրակացությունը դեռ նախապատրաստման փուլում է: Նախագծի համաձայն` ցիանային արտադրությունը պետք է կառուցվի բնակելի տներից ընդամենը 500 մետր հեռավորության վրա` Մեղրաձոր գետի կողքին, որը Մարմարիկ գետի վտակն է, որից պոմպերով ջուրը տարվում է Մեղրաձորի եւ այլ գյուղերի հողերի ոռոգման համար: Մեղրաձորը մտնում է առողջարանային եւ հանգստի գոտու մեջ, որտեղ տեղակայված են բազմաթիվ կենտրոններ եւ հյուրանոցներ, այդ թվում եւ մանկական: Մեղրաձորից հանքաքարն արդյունահանվում է արդեն նաեւ բաց եղանակով: Մեր տվյալներով` ամեն օր Մեղրաձորից Արարատի ֆաբրիկա է տեղափոխվում 26 վագոն` որոնք պարունակում են ավելի քան 2000 տոննա հանքաքար: Իսկ գյուղի տարածքում մնում են լցակույտերը: Դրանք պարունակում են սնդիկ եւ մկնդեղ (Շ. Ամիրյան, Ա. Կարապետյան, “Մեղրաձորի ոսկու հանքավայրի հանքաքարի միներալա-գեոքիմիական բնութագիրը”, Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն XVII, N2, 1964): Իդեպ, նախագծում ոչ մի խոսք չկա այդ ծայրաստիճան թունավոր տարրերի մասին:
Ապրիլ 08, 2013 at 12:09
