Եվս մեկ ստորագրահավաք Մարց գյուղում (Լուսանկարներ)

Եվս մեկ ստորագրահավաք Մարց գյուղում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Լոռու մարզի Մարց գյուղին սպառնացող վտանգը անհանգստացնում է ոչ միայն գյուղի բնակիչներին, այլև քաղաքացիական հասարարակության լայն շերտերին:

«Այս տեղանքը, որ մենք հիմա գտնվում ենք, Թումանյանի բնօրրանն է: Սա ոտնձգություն է նաև մեր մշակութային ժառանգության, մեր ապագա սերունդների և ապագայի նկատմամբ: Չենք ուզում և թույլ չենք տա, որ ՀԷԿ-ը կառուցվի»,-«ԷկոԼուրին»  ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ և իրեն ՀՀ մտահոգ քաղաքացի համարող Հասմիկ Էվոյանը: Վերջինս մի խումբ բնապահպան-ակտիվիստների հետ միասին կազմակերպել էր ուղևորություն դեպի Մարց գյուղ՝  սատարելու և իր աջակցությունը ցույց տալու գյուղի բնակիչներին:

Հիշեցնենք, որ բնակիչները դեմ են Մարց գետի վրա «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցմանը  և բազմիցս բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը: Սակայն վերջերս պարզ դարձավ, որ գյուղապետ Ռոբերտ Գալստյանը ստորագրել է արձանագրություն, որի համաձայն, գյուղացիները կողմ են ՀԷԿ-ի կառուցմանը: (Տես տեսանյութը):

Հարցով մտահոգված բնապահպան-ակտիվիստները՝ Երևանից, Վանաձորից և Ալավերդուց, իրենց այցի կարևոր նպատակը համարում էին գյուղացուն իր իրավունքներին և դրանց համար պայքարի օրինական միջոցներին ծանոթացնելը:

«Դուք ունեք իրավուքներ, դուք կարող եք պահանջել… Դուք պետք է իմանաք, որ հանրության այն հատվածը, որը սկսել է պայքարել, մինչև վերջ գնացող է, այսինքն՝ մենք»,-ասացին խմբի անդամները գյուղ հասնելուն պես:

Գյուղի բնակիչները տեղյակ չէին ստորագրված փաստաթղթից:

Գյուղի 21-ամյա բնակիչ Պարգև Հակոբյանը համոզված էր, որ միասնական ուժերով կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

«ՀԷԿ-ը մեր բնությանը վնաս կպատճառի, ուզում ենք, որ գյուղապետը չեղյալ համարի իր ստորագրությունը»,- ասաց Պարգևը, իսկ Վանաձորում ապրող, բայց Մարցի խնդրով ոչ պակաս մտահոգված Ֆլորան նշեց. «Ես քարտեզով նայել եմ, այդ մասը սեսյմիկ ամենաանկայուն գոտին էա: Երբ ջուրը չորանա, երկրաշարժերը չեն կարող կանխվել, քանի որ ջուրն է ապահովում այդ կայունությունը, ժայռերը կչորանան…Շատ եմ ուզում պայքարել, որ նման բան չլինի»:

 «Գյուղապետն էլ է դեմ, ուղղակի չգիտեմ` ինչի է տենց արել: Ճնշումներ էր, ինչ էր…ինքն էլ է  երևի վախենում, ինչի չէ», -ավելացրեց բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Այս ընթացքում փորձեցինք հանդիպել գյուղապետին, սակայն պարզվեց, որ նա գյուղում չէ: Բնապահպան Լևոն Գալստյանը  նրա հետ հեռախոսազրույց ունենալուց հետո հայտնեց, որ գյուղապետը այժմ Էջմիածնում է և ասել է, որ փաստաթղթի տակ ստորագրել է ավագանու 5 ներկայացուցիչներից մեկը և 6-7 բնակիչ, իսկ թե ինչ էր գրված այնտեղ, նա չի հիշում:

«ՀԷԿ-ի կառուցումը լավ է,  եթե իրենց պայմանները կատարեն, գյուղին օգնություն հատկացնեն»,- ասաց արձանագրությունը ստորագրած ավագանու անդամ Գոռ Գալստյանը, ով նաև գյուղապետի որդին է: «ԷկոԼուրի» այն հարցին, իսկ եթե ընկերությունը չկատարի իր խոստումները, ինչ են անելու, նա պատասխանեց՝ այդ դեպքում նրանց հետ կնքած և  նոտարով հաստատված պայմանագիրը նրանց դեմ կօգտագործենք:

Ողջ գյուղի մտահոգությունը ակնհայտ էր: Յուրաքանչյուր տան կողքով անցնելիս` կարելի էր ունկնդիր լինել բնակիչների հորդորներին՝ օգնեք, մի բան անենք, որ ՀԷԿ-ը չկառուցվի: Ի վերջո, կազմակերպվեց ևս մեկ ստորագրահավաք: Մոտ կես ժամվա ընթացքում հավաքվել էր ավելի քան 260 ստորագրություն, այն դեպքում, երբ, ըստ տվյալների, գյուղի բնակչությունը 760 հոգի է, որից ընտրելու իրավունք ունեն մոտ 350-ը: Փաստորեն, բնակչության կեսից ավելին արդեն իսկ դեմ էր:

Նշենք, որ առաջին ստորագրահավաքից հետո ներկայացված փաստաթուղթը, որտեղ կար 180 բնակչի ստորագրություն, չէր ընդուվել իրավաբանական ճիշտ ձևակերպում չունենալու պատճառով:

Բնակիչների տրամադրվածությունն ու պատրաստակամությունը հաճելիորեն զարմացրեց Լևոն Գալստյանին: «Նրանք մեզանից էլ լավ հասկանում են խնդրի կարևորությունն ու լրջությունը: Մենք համոզվեցինք, որ գյուղը 100%-ով դեմ է ՀԷԿ-ի կառուցմանը: Լինում են նման բաներ, երբ տարբեր պատճառներով մեկը մի բան է խոստանում, մյուսին վախեցնում են, երրորդին չգիտեմ ինչ են անում, բայց ես հույս ունեմ, որ մարցեցիները հետ չեն կանգնի այդ գաղափարից»,-ասաց Լևոն Գալստյանը:

«Այցի նպատակներից մեկը երևի թե հակառակն էր, որ ես գայի, ես իմ աջակցությունը ցույց տայի: Արդյունքում ստացվեց, որ իրենք էին մեզ աջակցում իրենց ոգով: Մենք իսկապես չէինք սպասում, որ կարող է նման մարդիկ լինեն, որ կկանգնեն, կընդվզեն, կբողոքեն ու չեն նայի՝ ովքեր են իրենց դիմաց»,- ոգևորությամբ  ավելացրեց Հասմիկ Էվոյանը:

Իսկ «ԷկոԼուրի» այն հարցին, թե ի վերջո ինչ որոշվեց և ինչ են պատրաստվում անել այժմ, Լ.Գալստյանը պատասխանեց, որ գյուղացիները  ստորագրահավաք արեցին և  դա պետք է ներկայացնեն գյուղապետին, իսկ իրենք էլ կօգնեն, որ նրանք  փաստաթուղթը ներկայացնեն համապատասխան պետական մարմիններին:



Ապրիլ 10, 2013 at 12:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր