ՀԱԿ-ի նախընրական ծրագիր` տարեկան 200 հա Երեւանում կկանաչապատվի

ՀԱԿ-ի նախընրական ծրագիր` տարեկան 200 հա Երեւանում կկանաչապատվի

ԷկոԼուր

Հայ ազգային կոնգրեսը 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններում իր ընտրողներին ներկայացնում է իր բնապահպանական ծրագիրը: ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի «Բնապահպանություն, կանաչապատում, բարեկարգում և աղբահանություն»  բաժնում նշված է.
«Մայրաքաղաքում աղտոտվածությունը աղետալի է նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունների չգործելու պարագայում: Օդային ավազանի աղտոտվածությունը 3 - 20 անգամ, իսկ հողերինը տասնյակ անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային չափանիշը: Մայրաքաղաքի ջրային ավազանները և հոսող գետերը ծանր մետաղներով, կեղտաջրերով և տարբեր թափոններով աղտոտված են նորմայից մոտ 11 անգամ ավելի:
Այս վիճակը շտկելու համար անհապաղ միջոցներ կձեռնարկվեն վերականգնվելու և ավելացնելու Երևանի կանաչապատ տարածքները` զանգվածային ծառատնկումների, նոր պաշտպանիչ անտառաշերտերի հիմնման միջոցով:
Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար` Երևանի կանաչ տարածքները աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին:
Կվերականգնվի բուսաբանական այգին` իր ենթակառուցվածքներով: Պատշաճ ուշադրության կարժանանա Երեւանի կենդանաբանական այգին:
Կվերականգնվեն կանաչ գոտիները, այդ թվում սիզամարգերը, կկատարվի նրանց գույքագրումը և դասակարգումը ըստ գործառնական նշանակության:
Այգիներում և պուրակներում կբացառվի կապիտալ շինություններ կառուցելը:
Կվերակառուցվի Աէրացիայի կայանը:
Երևանի կանաչ տարածքները, գյուղատնտեսական նշանակության հողերը, պուրակները, այգիները ոռոգելու նպատակով կվերականգնվի և կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը: Աստիճանաբար անցում կկատարվի ծառերի «կաթիլային» ոռոգմանը:
Աշխատանքներ կիրականացվեն մայրաքաղաքում մակերեսային ջրերի աղտոտումը կանխելու, ջրամատակարարման ցանցում կորուստները նվազեցնելու և խմելու ջրի որակը բարձրացնելու համար:
Մայրաքաղաքում կիրականացվի մշտադիտարկում (մոնիտորինգ) փողոցները, բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները բարեկարգելու և սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակում դրանք պահելու համար: Կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, որտեղ կնշվեն պատասխանատուների տվյալները և հեռախոսահամարները, իսկ բնակիչները հնարավորություններ կունենան իրենց կարծիքն ու առաջարկությունները քաղաքային իշխանություններին հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ:
Կստեղծվի փողոցների և շենքերի արտաքին կահավորման՝ ժամանակակից քաղաքին բնորոշ  համակարգ, մասնավորապես բոլոր փողոցների և շենքերի վրա կտեղադրվեն նույնականացման միանման ցուցանակներ և ուղեցույցներ:
Մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատումը կիրականացվի բացառելով դրանց ամենամյա վերանորոգման արատավոր ավանդույթը:
Մայրաքաղաքի մայթերը, փողոցային և ստորգետնյա անցումները կհարմարեցվեն և մատչելի կդարձվեն հաշմանդամների, երեխաների սայլակների տեղաշարժման համար:
Քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների որակը և կազմակերպումը արմատապես փոխելու համար կներդրվի սկզբունքորեն այլ հայեցակարգ, որը կիրառվում է իրեն ժամանակակից  համարող, իր քաղաքացուն և քաղաքը հարգող քաղաքային իշխանությունը մաքուր քաղաք, ոչ մի գրամ աղբ առանց վերամշակման սկզբունքով:
Առանձնակի ուշադրություն կդարձվի Նուբարաշենի աղբավայրին»:

Ապրիլ 13, 2013 at 12:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր