

ԷկոԼուր
1 հա անտառն ապահովում է 969 դոլլարի տարեկան օգուտ: Արևադարձային անտառների մեկ ծառի արժեքը՝ որպես փայտ, 500 դոլլար է, բայց ծառի էկոլոգիական եկամուտը իր կյանքի ընթացքում՝ ջրապահպան ֆունկցիան, թթվածին արտադրելու ֆունկցիան, եւ այն, որ ծառը միջատների, թռչունների բնակատեղի է հանդիսանում, գնահատվել է 200.000 դոլլար: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում ապրիլի 13-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանը: Մամուլի ասուլիսն անցկացվում էր ԷկոԼուրի կազմակերպած «Հայաստանի էկոլոգիական թեժ կետերը» թեմայով եռօրյա վարպետության դասընթացի շրջանակներում:
«Անտառի դերը համախառն ներքին արդյունքում կարող է 0.1-0.2%-ով հաշվել, դա շատ չնչին մեծություն է, բայց դրա մյուս դերերը՝ էկոլոգիական, կլիմայակարգավորիչ, ջրային, շարունակական եկամուտներ ապահովել տեղի բնակչությանը, այդ պոտենցիալը շատ ավելի մեծ է ու շոշափելի, քան որ դա օգտագործվի փայտը կտրելու համար»,- ասաց Հովիկ Սայադյանը:
Նրա խոսքերով` մեծ չափերի հասնող անտառահատումները վտանգի տակ են դրել անտառների գոյությունը դեռևս 1930-ական թվականներից, իսկ շրջանառվող տվյալները չեն խոսում իրական պատկերի մասին: «Գիտական շրջանառության մեջ մտած 11.2% հասկացողությունը ոչ մի տեղ չի երևում՝ փաստաթղթային, գրքային ...1986-88թթ. խոշորամասշտաբ քարտեզների թվայնացումից ստացվել է, որ անտառածածկը կազմում է Հայաստանի տարածքի 9.5%-ը: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունը, որը ես կատարել եմ Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ` Կոլորադոյի համալսարանի գործընկերների հետ միասին, 1990-ական թվականների համար ստացվում է մոտ 10%, այսինքն 300.000 հա անտառտարածք»,- ասաց Հովիկ Սայադյանը:
Տվյալների հակասությունների և անճշտությունների պատճառը Հովիկ Սայադյանը տեսնում է ոչ թե անտառտարածքի, այլ որակական փոփոխությունների մեջ. «Իրականում, ինչը որ հատվել էր 1993-ից մինչև 2003-2004թթ.-ը, դրանից հետո տեղի ունեցած անկանոն վերաճը արբանյակային նկարով երևում է որպես անտառածածկ տարածք, բայց իրականում թե դա ինչ որակի մացառուտներ, թփուտներ են և դրանից ինչ դուրս կգա,անտառ դուրս կգա, թե՝ ոչ, դա է կարևոր հարցը»:
Հ.Սայադյանը նշեց, որ Հայաստանում անտառահատումներ իրականացվել են նաև հանքարդյունաբերության նպատակով՝ Ագարակում, Կապանում: Իսկ ինչ վերաբերում է Թեղուտին, ապա տրանսպլանտացիայի միջոցով անտառի վերականգնման հնարավորությանը նա չի հավատում:
ԷկոԼուրի այն հարցին, թե ինչպիսի ռիսկեր են սպառնում մեզ, եթե չկարողանանք վերականգնել մեր անտառները, Հ.Սայադյան պատասխանեց, որ այնքան էլ պիսիմիստական չի տրամադրված, որ Հայաստանում անտառները կանհետանան, բայց Հայաստանի անտառները կրում են հսկայական ազդեցություն, ու դա այն որակի անտառը չէ, որ անհրաժեշտ է մեզ: «Որ անտառը պետք է փոխարինել՝ փաստ է, բայց մտավախությունը այն է, որ չկան էկոլոգիական ուղղվածության կառավարման պլաններ, որ դրանով հնարավոր լինի այդ աշխատանքը կատարել»,- նշեց, Հովիկ Սայադյանը:
Անդրադառնալով նաև անօրիանական անտառահատումների տվյալների ակնհայտ անճշտություններին՝ նա նշեց, որ այսօր մոնիթորինգի կենտրոնը գերատեսչական պատկանելիություն ունի, այնինչ պետք է ունենալ անկախ անտառային մոնիթորինգի կենտրոն, որը պետք է վերգերատեսչական լինի, այսինքն՝ լինի օբկեկտիվ:
Ապրիլ 15, 2013 at 18:41
