Հայ Ազգային Կոնգրեսից Երևանի ավագանու թեկնածուները երեւանցիներին հրավիրում են քննարկման

Հայ Ազգային Կոնգրեսից Երևանի ավագանու թեկնածուները երեւանցիներին հրավիրում են քննարկման

ԷկոԼուր

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայ Ազգային Կոնգրեսի ավագանու թեկնածուներ Գայանե Ղազարյանը, Արմեն Օհանյանը, Արամազդ Ղալամքարյանը և Եվա Թովմասյանը բոլոր երևանցիներին հրավիրում են «Կոնգրեսի ավագանու թեկնածուների հետ քաղաքապետարանի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության և որոշումների կայացմանը հանրության մասնակցության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ. էկոլոգիական հիմնախնդիրներ, պատմամշակութային ժառանքության պահպանություն, ճարտարապետական խեղուներ» թեմայով  քննարկմանը:

Այն տեղի կունենա ապրիլի 27-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Քննարկման մասին տեղեկատվության մեջ գրված է.

«Հայ Ազգային Կոնգրեսի՝ ավագանու ցուցակում ընդգրկված՝

Գայանե Ղազարյանը

Արմեն Օհանյանը

Արամազդ Ղալամքարյանը

Եվա Թովմասյանը

բոլոր երևանցիներին հրավիրում են քննարկելու և մշակելու այն մեխանիզմները, որոնք հանրությանը հնարավորություն կտան վերահսկել քաղաքապետարանի կողմից ընդունվող բոլոր որոշումները դեռևս դրանց նախնական փուլում:

Երևանի ավագանու անդամի իրավունքները թույլ են տալիս ծանոթանալու քաղաքային իշխանության կողմից ընդունվող որոշումներին, հայեցակարգերին, քաղաքային բյուջեից ծախսվող գումարներին և առհասարակ Երևանին վերաբերող բոլոր գործընթացներին:

Ավագանու անդամներն իրավունք ունեն նաև իրազեկել հանրությանը նշված գործողությունների մասին, ինչը հնարավորություն կընձեռի բոլոր տեսակի բացասական գործընթացները կանխարգելել վաղ փուլում, այլ ոչ թե պայքարել դրանց հետևանքների դեմ, ինչպես տեղի է ունենում այսօր:

Բացի այդ, գործող օրենսդրության համաձայն՝ հանրությունը հանրային շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու իրավունք չունի, սակայն հանրության խմբերի առաջարկությամբ նման հայցով դատարան կարող են դիմել ավագանու անդամները: Օրենքի համաձայն՝ ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու և քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով:

Ուստի մեր կողմից առաջարկում ենք քաղաքապետարանի որոշումների վերահսկման հետևյալ մեխանիզմները, որոնց հիմքով կարող է ընթանալ գալիք քննարկումը.

  1. Քաղաքացիական ակտիվիստների խմբի ձևավորում, որին ավագանու անդամի կողմից կփոխանցվի հանրության սեփականություն հանդիսացող ցանկացած տեղեկատվություն՝ խուսափելու համար պաշտոնական հարցում կատարելու և կցկտուր տեղեկատվություն ստանալու այսօրվա անարդյունավետ և ոչ թափանցիկ պրակտիկայից:
  2. Քաղաքացիական նախաձեռնությունների և ՀԿ-ների հետ մշտական կապի հաստատում և տեղեկատվության փոխանակում:

Քննարկումից զատ առանձին կներկայացնենք նաև Երևանի հանրային կանաչ տարածքների վերաբերյալ քաղաքականության, պատմամշակութային հուշարձանների պաշտպանության, ճարտարապետական տեսքի վերականգնման վերաբերյալ մեր կոնկրետ ծրագրային անելիքները»:

Ապրիլ 26, 2013 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր