«Փրկենք Երևանը» նորաստեղծ նախաձեռնությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին կոչ է անում միավորվել

«Փրկենք Երևանը» նորաստեղծ նախաձեռնությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին կոչ է անում միավորվել

ԷկոԼուր

«Փրկենք Երևանը» նորաստեղծ նախաձեռնությունը Երևանի 2013 թվականի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին կոչ է անում ձևավորե'լ  «Երևանի փրկության համար» պլատֆորմը՝ որպես գալիք ընտրություններին միասնաբար մասնակցելու քաղաքական հիմք: «Ճնշումը շատ կարևոր է իշխանության վրա, եթե թողնենք իրենց կամքին, մենք կունենանք այն, ինչ ունենք», - ապրիլի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Փրկենք Երևանը» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը: Նա նշեց, որ արդեն իսկ քայլեր են արվում «Բարև Երևան» դաշինքի, ՀԱԿ, ՀՅԴ  և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հետ համագործակցելու ուղղությամբ: «Փրկենք Երևանը» նախաձեռնությունը նպատակ ունի համախմբել բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին մեկ ընդհանուր գաղափարի՝ Երևանի կանաչ տարածքների և պատմամշակութային հուշարձանների պահպանման շուրջ:

Նախաձեռնությունը ասուլիսի ընթացքում ներկայացրեց «Երևանի փրկության արտակարգ ռեժիմ»  հռչակագիրը, որտեղ մասնավորապես ասված է. «Արձանագրելով, որ Երևանի քանդը դադարեցնելու և Երևանը փրկելու բոլոր նախորդ փորձերն անբավարար արդյունք են ունեցել. Հայաստանի կողմից վավերացված և ներկայումս ուժի մեջ գտնվող միջազգային փաստաթղթերն առանց մեր աջակցության անզոր են կանխելու պատմական Երևանի քանդն ու քաղաքի ինքնության աղավաղումը, քաղաքաշինության տարրական եւ կենսական կանոնների կոպիտ  ոտնահարումը և այդպիսով մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության խաթարումը, Երևանի քաղաքաշինական  իրավիճակը հասել է ողջ հայ ժողովրդի կոկորդին և ոսկորին՝ գործող իշխանություններից պահանջում ենք իրադրությունը փոխելու համար անհրաժեշտ անհապաղ և աննախադեպ  գործողություններ.

սառեցնե՛լ Երևանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները մինչ կարգավորման նոր մեխանիզմների  ձեւավորումը,

սառեցնե՛լ  Ազգային ժողովի, Կառավարության, Երևանի քաղաքապետարանի եւ ցանկացած այլ ատյանների` Երևանի կենտրոնի կառուցապատմանը կամ պատմամշակութային հուշարձաններին վերաբերող արդեն իսկ ընդունված որոշումների իրագործումը,

սառեցնե՛լ ցանկացած ատյանների ընթացիկ որոշումների ընդունումն այդ հարցերի շուրջ,

կասեցնե՛լ ցանկացած կազմակերպության՝ շինարարական աշխատանքները կենտրոնում,

կասեցնե՛լ ցանկացած շինարարական գործունեություն Երևան քաղաքի կանաչ գոտիներում,

ՀՀ Ոստիկանությանը հանձնարարել՝ միջամտել եւ կասեցնել վերը նշված կարգի ցանկացած աշխատանքները:

Երևանի 2013 թվականի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում՝

 ձևավորե'լ  «Երևանի փրկության համար» պլատֆորմը՝ որպես գալիք ընտրություններին միասնաբար մասնակցելու քաղաքական հիմք:

Սույն հռչակագրի ձևակերպված մոտեցումներն  ընդունել՝  որպես «Երևանի փրկության համար» միասնական պլատֆորմի նախընտրական եւ հետընտրական ծրագիր:

Սույն պահանջների չկատարման դեպքում մենք, գործադրելով օրենքով մեզ վերապահված  բոլոր միջոցները, կդիմենք բոլոր տեղական եւ միջազգային ատյաններին,

ջանքեր չենք խնայի, որպեսզի առաջիկա` Երևանի ավագանու ընտրություններին ընտրողները քվեարկեն ընդդեմ այն քաղաքական ուժի կամ ուժերի, որոնք իրենց ծրագրերում չեն ունենա համապատասխան բաժին՝ կազմված իրատեսական և գոհացուցիչ թեզերից,

պայքար կմղենք ընդդեմ այն ուժի կամ ուժերի, որոնք Երևանի ավագանի ընտրվելուց հետո կհրաժարվեն  «Երեւանի փրկության համար» առաջարկվող պահանջները կատարելուց:

Մեր պայքարը լինելու է հետևողական  եւ աննահանջ»:

Ապրիլ 26, 2013 at 16:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր