

ԷկոԼուր
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 25 միլիոն դոլլարի վարկ է հատկացնում Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար: Բանկը վարկային համաձայնագիրը ստորագրել է Ռուսաստանի հիդրոէներգիա արտադրող ամենամեծ ընկերության` «Ռուսհիդրո» ԲԲԸ-ին պատկանող Միջազգային Էներգետիկ կորպորացիայի հետ: Իսկ «Ռուսհիդրո» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 67.12%-ը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է Ասիական զարգացման բանկի պաշտոնական կայքը: Կայքում հրապարակված «Հայաստանի ծերացող ՀԷԿ-երը նոր կյանք են ստանում ԱԶԲ-ի մասնավոր հատվածին տրվող վարկերի շնորհիվ» հոդվածում նշված է, որ Սևան-Հրազդան Կասկադ ՀԷԿ համակարգին այժմ անհրաժեշտ է զգալի վերակառուցում՝ շահագործման ժամկետը երկարացնելու և մեծ վթարների ռիսկը նվազեցնելու համար: «Սևան-Հրազդան Կասկադ ՀԷԿ համակարգի վերանորոգումը կամրապնդի Հայաստանի էներգետիկայի անվտանգությունը՝ մատակարարելով մաքուր և մատչելի էլեկտրականություն, որն արտադրվել է ջրի տեղական ռեսուրսներից»,- նշել է ԱԶԲ-ի օպերացիաների դեպարտամենտի մասնավոր հատվածում օպերացիաների տնօրեն Մայքլ Բարոուն:
Սևան-Հրազդան կասկադը ունի յոթ հիդրոէլեկտրակայան և տեղակայված է Հրազդան գետի վրա` Սևանա լճից մինչև Երևանն ընկած տիրույթում: Կասկադն արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի 10%-ը:
Մայիս 24, 2013 at 16:59
