

ԷկոԼուր
Երեւանի ավագանու ընտրություններ: Խախտումների, կաշառքների, հարկադրումների իշխանական կուսակցությունների համար արտոնությունների մասին պատմում է «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Ստորեւ ներկայացնում ենք մամուլի ասուլիսում հրապարակված նյութերը
Սոնա Այվազյան. «ՀՀԿ-ն այս ընտրություններից հետո շատ ավելի շահավետ պայմաններում հայտնվեց»
Տաթև Հարությունյան, Առավոտ
«ՀՀԿ-ն այս ընտրություններից հետո շատ ավելի շահավետ պայմաններում հայտնվեց և ինչպես Ավետիք Իշխանյանն ասաց, Երևանում Տարոն Մարգարյանը հաղթեց Սերժ Սարգսյանին»,- այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում: Երևանի ավագանու ընտրությունների օրն իրենք արձանագրել են 570 խախտում, որոնք նաև հաղորդագրության միջոցով օնլայն համակարգով էին տարածվում: Ս. Այվազյանը որպես առանձնահատկություն նշեց, որ այս ընտրությունները տեղի ունեցան նախագահական ընտրությունների «շոկից» հետո: Ս. Այվազյանը մասնավորապես շեշտեց նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված լցոնումների և այլ ընտրախախտումների, մրցակցության բացակայության մասին: Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների գործընթացին՝ Ս. Այվազյանը նշեց. «Քվեարկության գործընթացն ավելի հաջող է անցել, և ՀՀԿ-ն բավականին լավ էր պատրաստվել այս ընտրություններին՝ կիրառելով արդեն փորձված մեխանիզմները, օրինակ՝ վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքները, որոնք համատարած բաժանում էին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Մյուս կողմից հանձնաժողովի անդամներն են լավ թրծվում այս ընտրական գործընթացներում, քանի որ նրանք ավելի լավ են սկսում տիրապետել այն գործիքներին, որոնց կիրառման դեպքում ամեն ինչ մաքուր կմնա, բայց կապահովեն համապատասխան ձայները: Օրինակ՝ ինչպես ասում են փողոցային, քուչի տղաների ռեսուրսների կիրառումը»: Ս. Այվազյանը տեղեկացրեց, որ ամենաշատը ահազանգեր են ստացվել կուտակումների և կողմնակի անձանց ներկայացման մասին, հանրային տրանսպորտի միջոցով ընտրողների փոխադրումների, քվեարկողների օգնության, տարբեր գույների գրիչների օգտագործման մասին, եղել են ճնշումներ անգամ իրենց հղի դիտորդի նկատմամբ, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ս. Այվազյանը շարունակեց. «Ընտրախախտումների գրանցման մեծամասնությունը մերժվել է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների կողմից: Լայնորեն օգտագործվել է օրենքի մի բաց, այն որ ուղղակիորեն չի արգելվում արդյունքների հաշվարկի ժամանակ դուրսուներս անելը, ինչը հստակ չէ: Ընտրատեղամասերի մեծ մասում դուրսուներս են արել ավագանու թեկնածուներ և թաղային հեղինակություններ, ինչն ազդել է գործընթացի վրա»: Aravot.am-ը հետաքրքրվեց, արդյոք ընտրությունների արդյունքները կանխատեսելի՞ էին և ինչի մասին են վկայում դրանք: Ս. Այվազյանը պատասխանեց. «Գրանցվեց հերթական խայտառակ ընտրությունը: Կանխատեսելի էր, որ պիտի փորձ արվեր կեղծել ընտրությունները, սակայն նախագահական ընտրություններից հետո հույս կար, որ ընդդիմության, կամ թեկուզ այսպես կոչված ընդդիմության ձայներն ավելի շատ կլինեն: Մասնավորապես ԲՀԿ-ի և մյուսների վերաբերյալ եմ ասում, քանի որ չնայած ես վստահ չեմ, թե որքանով է ԲՀԿ-ն ընդդիմություն, բայց այն այսպես կոչված ընդդիմություն է ընկալվում: Բայց դա տեղի չունեցավ»:
Ս. Այվազյան. Կանխատեսելի էր, որ ընտրությունները կեղծվելու են
Aysor.am
Երևանի ավագանու ընտրություններում առկա էր մրցակցություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
Նրա խոսքով` այդ օրը իրենց կենտրոնի կողմից արձանագրվել է 570 խախտում, սակայն չեն դիմել ոստիկանություն, քանի որ անարդյունավետ են համարում:
«Կանխատեսելի էր, որ ընտրությունները կեղծվելու են, բայց կարծում էինք, որ ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաև ԲՀԿ-ն, ավելի շատ ձայն կստանային»,-ասաց նա:
Ս. Այվազյանի խոսքով` իրենք բազմաթիվ փաստեր և տեսանյութեր ունեն և պատրաստ են տրամադրել դրանք քաղաքական ուժերին, որոնք պատրաստվում են բողոքարկել ընտրությունների արդյունքները:
Նա նշեց, որ ամենաշատը ահազանգեր են ստացվել կուտակումների և կողմնակի անձանց ներկայության, ընտրողների մասսայական փոխադրումների, քվեարկողների օգնության, տարբեր գույների գրիչների օգտագործման, ճնշումների մասին:
Մալաթիա-Սեբաստիայում հղի դիտորդին սպառնացել են. Սոնա Այվազյան
168.am
Մալաթիա-Սեբաստիայում հղի դիտորդին սպառնացել են. Սոնա Այվազյան Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ` թիվ 7, 8, 12, 13 ընտրատեղամասերում, որոնք գտնվում էին Մալաթիա, Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն համայնքներում: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն։ «Ընտրատեղամասերում մեր դիտորդներն աշխատել են երկուսով: Առաջին անգամ մենք դիտորդական առաքելություն ենք իրականացրել նաև sms համակարգով, նաև օնլայն տարբերակով և յուրաքանչյուրը կարող էր անմիջապես տեղեկանալ, թե մեր դիտորդները ինչ խախտումներ են արձանագրել: Մենք արձանագրել ենք 570 խախտում տարբեր տեղամասերում, սակայն դա չի նշանակում, որ այլ խախտումներ չեն եղել: Պարզապես որոշ դիտորդներ ավելի ակտիվ են եղել, մի շարք տեղամասերում մեր աշխատողներին խոչընդոտել են, ունեցել ենք 92 ահազանգ` ընտրատեղամասերում մարդկային կուտակումների վերաբերյալ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանը: «Արձանագրվել են նաև չլիազորված վստահված անձինք: Ժողովրդին բերում էին միկրոավտոբուսմներով, կամ մի անձ բերում էր մի քանի հոգու, եւ այդ բոլոր ռեսուրսները ներդրված էր նրա համար, որպեսզի ապահովվեր Հանրապետական կուսակցության հաղթանակը: Մալաթիա-Սեբաստիա համայնքում մենք ունեցել ենք հղի դիտորդ, ում նկատմամբ սպառնալիքներ են հնչել: Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպությունը կողմից կանխատեսված էր ընտրությունների կեղծումը, բայց ոչ նման մասշտաբով»,- հայտարարել է Սոնա Այվազյանը:
«Թրանսփարենսի Ինթերնեյշընլ» հկ-ն արձանագրել է 570 խախտում
Mardik.am
Երևանի ավագանու ընտրությունների օրը «Թրանսփարենսի Ինթերնեյշընլ» հկ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել չորս ընտրատարածքում` 7,8, 12,13:
ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց դիտորդները տեսանկարահանել են ողջ ընտրական գործընթացն` առաջին անգամ կիրառելով ընտրախախտումները գրանցելու sms համակարգ:
Նա հայտարարեց, որ ամենուր ակնհայտ է եղել իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործում` ընտրակաշառքի բաժանում, կուտակումներ` «թաղի կամ քուչի» տղերքի ներկայություն ընտրատեղամասերում, ընտրացուցակների անճշտություններ, գազելներով ընտրողների տեղափոխում ընտրատեղամաս, քվեարկության գաղտնիության խախտում, գունավոր գրիչների կիրառում:
Ս.Այվազյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ ընտրությունների օրը «Թրանսփարենսի Ինթերնեյշընլ» հկ-ն արձանագրել է 570 խախտում:
Նա նշեց, որ ընտրատեղամասերում դիտորդները հիմնականում արձանագրել են լարված մթնոլորտ, բազմաթիվ սպառնալիքներ են եղել նաև հկ-ի դիտորդների նկատմամբ` մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում մի կնոջ, ով հղի է եղել, սպառնացել են, որ ընտրություններից հետո «հարցերը կլուծեն»:
«Ընտրությունների ոչ լավ անցկացումը Հայաստանում պայմանավորված է ոչ թե Ընտրական օրենսգրքի թերի կիրառմամբ, այլ այդ օրենսգրքի թերի լինելով»,- ընդգծեց Ս.Այվազյանը:
Որոշ տեղամասերում պարզապես խայտառակություն էր. դիտորդ
www.zham.am
Ի տարբերություն փետրվարին կայացած նախագահական ընտրությունների, Երևանի ավագանու ընտրություններում առկա էր մրցակցություն, ինչով էլ պայմանավորված էր լարված մթնոլորտը: Ասուլիսում նման դիտարկում արեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը:
Նշենք, որ կենտրոնը մի քանի այլ ՀԿ-ների հետ դիտորդական առաքելություն է իրականացրել:
Նրա գնահատմամբ, այս անգամ քվեարկության գործընթացը քիչ թե շատ ավելի հաջող, խաղաղ էր այն տեղամասերում, որտեղ ներքին վերահսկողություն է եղել, սակայն եղել են տեղամասեր, որտեղ պարազապես խայտառակություն է եղել:
Նրանց արձանագրած խախտումներից են. նախ խախտվել է իրենց դիտորդների իրավունքները, սպառնացել են դիտորդներին, ընտրատեղամասերում շատ են եղել կուտակումները, կողմնակի անձանց մուտքը տեղամասեր, հանրային տրանսպորտով ընտրողների տեղափոխություն, ավագանու թեկնածուները, «թաղային հեղինակունները» շատ ազատ են իրենց զգացել` ցանկացած պահի մտել ու դուրս են եղել տեղամասեր և այլն: 80 բողոք են ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողովներին ու ակնկալում են պարզաբանում: Ս. Այվազյանն ասաց, որ խախտում արձանագրելիս չեն դիմել ոստիկանությանը, քանի որ, ըստ նրա, անարդյունք է:
Դիտորդն ասաց, որ կանխատեսելի էր ընտրությունների արդյունքները` կեղծվելու են, բայց կարծում էին, որ ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաև ԲՀԿ-ն, ավելի շատ ձայն կհավաքեին:
Ս. Այվազյանի խոսքով, իրենք ունեն բազմաթիվ փաստեր, տեսանյութեր ու պատրաստ են տրամարդել այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստվում են որոշ տեղամասերի արդյունքները բողոքարկել:
«Հերթական խայտառակ ընտրություններ, որոնք չէին տարբերվում նախորդներից»,- իր խոսքի վերջում այսպիսի գնահատական տվեց Երևանի ավագանու ընտրություններին Սոնա Այվազյանը:
Մայիս 08, 2013
