Երևանում ոչնչացել է ավելի քան 33 մլն դրամի ծառ, իսկ մեղավորները մնում են անպատիժ…

Երևանում ոչնչացել է ավելի քան 33 մլն դրամի ծառ, իսկ մեղավորները մնում են անպատիժ…

Արթուր Հովհաննիսյան, Irakan.info

Ընդհանրապես, անպատիժ թալանը, հափշտակությունը` հսկայական խոշոր և առանձնապես խոշոր գումարների յուրացման, վատնման տեսքով, Հայաստանում շարունակվում են` չնայած երկրի ղեկավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի առջև բոլորի հավասարության, երկրում վերջապես կարգուկանոն հաստատելու, անպատժելիության մթնոլորտին վերջ տալու և նմանաբնույթ այլ հավաստումներին: Հավաստումներ, որոնք հիմնականում ցինիզմի հասնող կեղծիքներ են: Իրենց սուտ ու դատարկ լինելով, դրանք էլ ավելի են մեծացնում Հայաստանում ապրողներից շատ-շատերի հուսահատությունն ու հուսալքությունը, սպանում ու թաղում նրանց առանց այն էլ կուչ եկած, մի բուռ մնացած հավատը:

 Այն, ինչը շատ ուրիշներ վաղուց կորցրել են արդեն, պարզապես ճար չունեն այս երկրի վայ իշխանավորների կառավարումից փախչելու, կամ էլ այդ ճարի փնտրտուքի ճանապարհին են և առաջիկայում պարզապես համարելու են երկրից հարկադրաբար արտագաղթած բազմահազարների շարքերը: Իր արդյունքներով պետական դավաճանության հավասարազոր այս հանցանքի մեղքը երկրի նախորդ ու ներկա իշխանությունների պարանոցին է (դժվարանում եմ խիղճ բառն օգտագործել, որովհետև խիստ կասկածում եմ, թե ունեն):

 Ստորև բերվող փաստերն առանձնապես խոշոր գումարների անպատիժ վատնման օրինակ են, առնվազն` վատնման, որի հեղինակները, սակայն, մնում են անպատիժ: Բացահայտումները ՀՀ վերահսկիչ պալատինն են (ՎՊ): Հիշյալ պալատը նախ պարզել է, որ «Նոր Բարեկարգուm» ՓԲ ընկերութունը (առևտրային կազմակերպություն հանդիսացող տնտեսական ընկերություն է, նրա միակ բաժնետերը Երևան համայնքն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը) 2011թ. Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրել է 2782 հատ տարբեր տեսակի և չափերի թույա (մշտադալար ծառ), որոնց համար վճարել է 45 մլն 010 000 դրամ: «Նոր Բարեկարգում» ՓԲԸ-ում առկա բաշխման ցուցակների համաձայն` 2011թ. ստացված թույաներից Երևանի վարչական շրջանների կանաչապատման հիմնարկներին բաշխվել են 43 մլն 399 800 դրամի չափով 2679 հատ թույաներ:

 Ըստ Երևանի վարչական շրջանների կանաչապատման հիմնարկների հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, որ 2679 հատ թույաները նրանք ստացել և կատարել են ծառերի տնկման աշխատանքներ: Տեղերում ՎՊ-ի կատարած ուսումնասիրությունից պարզվել է, որ 2011թ. տնկված թույաներից առկա են միայն 1523 հատը, իսկ ցրտահարվել և չորացել են 18 մլն 581 400 դրամ արժողությամբ 1147 հատ թույաներ: Այն կազմում է ընկերության կողմից ՀՀ ներկրված և տնկված ծառերի 43%-ը: ՎՊ-ն անհրաժեշտ է համարել նշել, որ ըստ մշտադալար թույա ծառի տեխնիկական բնութագրի, այդ ծառի կպչողականությանը և աճման պայմաններին նպաստում է օդի բարձր հարաբերական խոնավությունը, ինչպես նաև պահանջվում է շատ խնամք: Մինչդեռ, Երևանը գտնվում է կիսաանապատային չոր գոտում, որտեղ օդի հարաբերական խոնավությունը ցածր է: Ծառի ձմեռացումը կատարվում է զրոյից ցածր, ոչ ավելի քան 18-20 աստիճանի պայմաններում: Նշված ջերմաստիճանից ցածրի պայմաններում Թույան չի դիմանում և ցրտահարվում է: Նույնը կատարվել է նաև հաջորդ տարի` 2012 թվականին:

Երևանի վարչական շրջանների կանաչապատման հիմնարկների հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նրանք ստացել են 4002 հատ թույա և կատարել են ծառերի տնկման աշխատանքներ: ՎՊ-ի կողմից տեղերում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ 2012թ. առաջին վեց ամիսների ընթացքում տնկված 4002 հատ թույաներից առկա են միայն 3101 հատը, իսկ ցրտահարվել և չորացել են 14 մլն 776 400 դրամ արժողությամբ 901 հատ թույա, որը կազմում է ընկերության կողմից ՀՀ ներկրված և տնկված ծառերի 30%-ը: Այսպիսով, ՎՊ-ի տեղեկացմամբ, 2011թ. ընթացքում և 2012թ. առաջին վեց ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից նշված ծառերի ձեռքբերման համար հայտարարվել են մրցույթներ, իսկ ‹‹Նոր Բարեկարգում›› ՓԲԸ-ի կողմից Իրանից ձեռք են բերվել և Հայաստան ներկրվել ընդհանուրը 110 մլն 779 000 դրամի 6679 թույաներ: Ստուգման օրվա դրությամբ նշված ծառերից ցրտահարվել կամ չորացել են 33 մլն 357 800 դրամ արժողությամբ 2048 հատ թույաներ:

 Նկատենք, որ եթե ոչ 2011թ. ներկրված, ապա 2012թ. առաջին կիսամյակում ներկրված թույաները ցրտահարված և ստուգման պահի դրությամբ (ՎՊ-ի վոերահսկողությունը կատարվել է 2012թ. սեպտեմբերի 13-ց նոյեմբերի 2-ի ընթացքում) այդ պատճառով շարքից դուրս եկած չէին կարող լինել, քանի որ ձմռանը ծառատունկ չի կատարվում, իսկ 2012թ. մարտից մինչև նոյեմբեր Երևանում -18-ից ցածր ջերմաստիճան չի եղել: Հետևաբար դրանք չորացել են օդի ցածր հարաբերական խոնավության, հնարավոր է նաև` վատ խնամքի պատճառով:

 Սակայն, անկախ ծառերի ոչնչացման պատճառից, այդ պատճառը պատասխանատուների համար արդարացում չի կարող լինել, քանի որ անհեթեթ է նույնիսկ պատկերացնելը, թե թույաները Հայաստան ներկրելու որոշում կայացրածներն անտեղյակ են եղել այդ ծառի տեխնիկական բնութագրին կամ մասնագիտական պահանջներին: Անձը «Բրաբիոն ֆլորա սերվիսից» մի 8-10 հազարանոց հողամանով ծաղիկ կամ բույս գնելու դեպքում, եթե այն անծանոթ է իրեն, վերցնում է դրա տեխնիկական բնութագիրը կամ հետաքրքրվում դրանով, մոտ 111 մլն դրամի ծառ գնողներն ինչպե՞ս կարող էին տեղյակ չլինել տվյալ ծառի տեխնիկական բնութագրին:

 Տեղեկացնենք նաև, որ 03.02.2011թ. փետրվարի 3-ից մինչև 05.12.2011թ. դեկտեմբերի 5-ը «Նոր Բարեկարգում» ՓԲԸ տնօրեն է աշխատել Ա. Գելազարովը, իսկ 2012թ. հունվարի 27-ից տնօրենը Վ. Դալլաքյանն է: Չնայած վերը նշված անժխտելի փաստերին, Երևան համայնքի միջոցները քամուն տված անձինք պատասխանատվության չեն ենթարկվել, ընդ որում, նրանց պատասխանատվության մասին խոսք չկա նույնիսկ ՎՊ-ի բացահայտումներից հետո, քանի որ պալատի խորհուրդը համապատասխան նյութերը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու որոշում չի կայացրել:

Լուսանկարի հեղինակն է Տիգրան Սարգսյանը

Հունիս 03, 2013 at 13:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր