

ԷկոԼուր
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը ստորագրահավաք է սկսել ընդդեմ հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների: Ինչպես նշված է ստորագրահավաքի տեքստում, այդ հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման գործընթացում հաշվի չի առնվել մեղրեցիների դիրքորոշումը: Ստորագրահավաքը նախաձեռնած «Կայուն զարգացում» ՀԿ-ն պատրասվում է մեղրեցիների դիրքորոշումը ստորագրությունների հետ միասին հանձնել ՀՀ կառավարություն եւ Ազգային ժողով:
Ինչպես գրում www.meghrinews.com կայքի լրագրող Աննա Օհանջանյանը. «…բնակչությունն սկսել է ստորագրահավաք, բայց անկեղծ ասած քաղաքակիրթ այդ գործընթացին քիչ է հավատում, ինչպես նաև զայրույթով նշում են, որ պատրաստ են ավելի կոնկրետ ու կոշտ քայլերի»:
Հիշեցնենք, որ օրերս Մեղրիի բնակիչները նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ահազանգելով իրենց տարածաշրջանում հանքարդյունաբերության ծանր հետեւանքների մասին:
Մեղրու տարածաշրջանում շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու,Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի. Այգեձորի պղինձ-մոլիբդենի /Թխկուտի և Կենտրոնական տեղամասեր/ հանքավայրերը: Երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում:
Հունիս 05, 2013 at 15:27
