Ոստիկանների հետ բախում Նախախորհրդարանի հանրահավաքի ավարտին

Ոստիկանների հետ բախում Նախախորհրդարանի հանրահավաքի ավարտին

ԷկոԼուր

Հուլիսի 12 – ին Ազատության հրապարակում անցկացվող Նախախորհրդարանի հանրահավաքի ավարտին բախում է տեղի ունեցել հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ: Այս մասին ԷկոԼուրի բլոգում գրում է բլոգեր Մոնիկա Երիցյանը: Բանն այն է, որ Նախախորհրդարանի նախաձեռնող Գարեգին Չուգասզյանը կոչ է արել հավաքվածներին իրենց հետ միասին շարժվել դեպի Փակ շուկա: Սակայն ոստիկաններն անմիջապես փակել են Մաշտոցի պողոտա տանող ճանապարհները, եւ տեղի է ունեցել բախումը: Գարեգին Չուգասզյանին ոստիկանները նստեցրել են մեքենան և տարել առանց որևէ բան ասելու:

Իսկ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողներն անդրադարձել են մի շարք խնդիրների: «Հանրահավաքի ընթացքում բնապահպան, ակտիվիստ Եղիա Ներսեսյանը իր ելույթում անդրադարձավ բնապահպանության ոլորտում   տեղի    ունեցող աղետին և քաղաքականության մեջ տիրող ամենաթողությանը: Եղիա Ներսեսյանը նշեց, որ սա իրենց վերջին պայքարը չէ. «Մենք չենք պայքարում սերժիկների դեմ, մենք պայքարում ենք հանուն Հայաստանի», – ասաց նա:

Նախախորհրդարանի անդամ, բանասեր Սյուզան Սիմոնյանը կոչ արեց կանանց շարժում սկսել և նպատակադրվել  համակարգափոխության: Իսկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն էլ Արցախի բնակչությանը կոչ  արեց միանալ իրենց շարժմանը: «Եթե իշխանություններն այս անգամ էլ բիրտ ուժ կիրառեն, ապա բիրտ ուժին կստանան բիրտ ուժ, ուրիշ ձև չկա», –  հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը»,- գրում է բլոգերը:

Հուլիս 13, 2013 at 15:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր