

ԷկոԼուր
Թուրքիայի Թաքսիմ հրապարակի Գեզի այգում մայիս ամսին սկսված անօրինական շինարարությունը դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց քաղաքացիական հասարակության շրջանում: Նախատեսվում էր այգում առևտրի կենտրոն և մզկիթ կառուցել: Մայիսի 28-ին բնապահպանները նստացույց սկսեցին հրապարակում: Ոստիակնությունը ուժով հեռացրեց ակտիվիստներին, ինչի արդյունքում բողոքի ալիքը նոր թափ ստացավ: Բախումների ընթացքում զոհվեց 5 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվեցին: Թեմայի շուրջ ԷկոԼուրը հարցազրույց ունեցավ ազգությամբ թուրք, վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռեժիսոր, սոցիոլոգ Զեյնեպ Գյուզելի հետ:
ԷկոԼուր.
-Ինչպե՞ս է Թուրքիայում էկոլոգիական շարժումը արտահայտվումն ընդհանրապես եւ Թաքսիմ հրապարակի շարժումը՝ որպես բողոքի ակցիա մասնավորապես:
Զեյնեպ Գյուզել.
-Որքան գիտեմ, այն, թե ինչ էր տեղի ունենալու, ինչ ծրագիր էր նախագծվում հրապարակում և այգում, սկսվել էր դեռևս մի քանի տարի առաջ: Տարբեր մասնագետներ կային, որ հետևում էին այդ բոլոր շարժումներին՝ ինժեներներ, ճարտարապետներ, որոշ հասարակական կազմակերպություններ, տարբեր մարդիկ: Վերջին 10 տարում Թուրքիայում` հատկապես Ստամբուլում, շեշտը դրվել է նրա վրա, որ քաղաքը վերածվի տուրիստական կամ ֆինանսական կենտրոնի: Շատ մարդիկ դեմ են դրան դուրս գալիս, որովհետև կարծում են, որ դա բնական պաշարների շահագործում է, սպառում է իրականում: Անտառներն ու գետերը գնալով քչանում են, որովհետև այս պրոցեսները գնալով արագանում են: Ինչպես գիտեք, Ստամբուլը մեծ, բազմաշերտ քաղաք է: Տարբեր մարդիկ գալիս են այնտեղ, աշխատանք են գտնում ու բնակելի տարածքները շատ վատ են այնտեղ կազմակերպվում ու բացի նրանից, որ նրանք շեշտը դնում են բնական պաշարների պահպանման վրա, շատ կարևոր է նաև մշակութային ժառանգության պահպանումը, որովհետև այնտեղ կինոթատրոնները քանդում են ու տեղում առևտրի սրահներ են կառուցում կամ կա հին գնացքի կայարան, որը քանդում են, որպեսզի կառուցեն նոր հյուրանոց: Բոսֆորի ափերին շատ տեղեր կան, որ փակում են, որ հյուրանոցներ կառուցեն կամ նավերի համար առանձին նավամատույցներ և դա այնքան ակնառու է բնակչության համար, որ թե բնակիչների կողմից, թե քաղաքացիական կազմակերպությունների կողմից շեշտը դրվում է դրա վրա, ուշադրություն են դարձնում ու բարձրաձայնում: Շատ մարդիկ բողոքում են, որ այս ամեն ինչին չկա մասնագիտական մոտեցում, ավելի շատ կապիտալիստական, համակարգի զարգացման համար է սա արվում: Կարծում եմ, որ վառելիքի պատճառով արդեն քաղաքում շնչելու օդ չի մնացել:
Գեզի այգու այս ըմբոստությունները մարդկանց համբերության վերջին կաթիլը եղան, որովհետև այդ անարդարությանը էլ չէինք դիմանում: Գեզի այգում կային մարդին, ովքեր ինչ-որ չափով հսկում էին տարածքը, ու իրենք շատ խաղաղ ցույց սկսեցին կանաչ տարածքների պահպանման համար, իսկ պետության կողմից դա սխալ ընկալվեց, և նրանք շատ կոպիտ ձևով էին վարվում այն մարդկանց հետ, ովքեր այնտեղ էին, ու ուղղակի ավելի լայն տարածում ստացավ այդ անարդարության պատճառով:
ԷկոԼուր.
-Իրո՞ք քաղաքական ուժերը չէին մասնակցում այդ հասարակական շարժմանը, որովհետև ոչ ադեկվատ արձագանք եղավ, շատ կոշտ դիմադրություն եղավ իշխանությունների կողմից: Դա հասարա՞կ ցույց էր, թե՞ այդ հասարակական ցույցը ամեն դեպքում փորձվեց օգտագործվել քաղաքական ընդդիմադիր ուժերի կողմից:
Զեյնեպ Գյուզել.
-Զարմանալիորեն ոչ մի քաղաքական ուժերի կողմից, ոչ մի քաղաքական նպատակներով այս ամեն ինչը չօգտագործվեց: Պարզապես մարդիկ ձայն բարձրացրեցին նման անհավասար վերաբերմունքի համար: Կան մարդիկ, ովքեր ծառերն են պաշտպանում, կանաչ գոտիներն են պաշտպանում, բայց նրանց նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում: Մեզ համար նույնպես շատ զարմանալի էր, որ մարդիկ, ովքեր ծառերն են պաշտպանում, նրանց շարժումը կարող է նման արձագանքի արժանանալ պետության կողմից:
ԷկոԼուր.
- Իսկ հիմա ի՞նչ իրավիճակ է:
Զեյնեպ Գյուզել.
- Ես 10 օր է, ինչ Ստամբուլում չեմ, բայց որքանով գիտեմ, այգին բաց է, մարդին հանգիստ կարող են այնտեղ մտնել, ու չկան այլևս այն պայքարները, որ կային մի քանի շաբաթ առաջ: Բայց հիմա արդեն մարդիկ տարբեր շրջաններում հավաքվում են իրենց այգիներում ու խոսում են իրենց միջավայրի մասին, իրենց ծառերի մասին, իրենց կանաչ գոտիների մասին, որովհետև հասկացան, որ էկոլոգիան ոչ թե կողքից մի բան է, այլ այն կապված է շատ ավելի մեծ հարցերի հետ, ինչպես օրինակ աղքատությունը կամ կապիտալիստական աճը: Ու հենց բնակիչներն էլ` իրենք, մարդիկ Ստամբուլում, չգիտեին, որ էկոլոգիան իրենց համար այսքան կարևոր է, որ իրենք այդքան հարցեր ունեն քննարկելու:
Շատ մարդիկ կային, որ նույնիսկ չէին լսել այդ այգու մասին կամ գիտեին այն որպես ամբողջ Թաքսիմ հրապարակի մի մաս, բայց մարդիկ կային, որ գիտեին և եկել, մասնակցում էին այդ բողոքին:
Հուլիս 17, 2013 at 15:22
