

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ռեիսիի հետ: Դեսպանի նշանակումից հետո սա առաջին այցն էր ՀՀ բնապահպանության նախարարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ունենք, որոնց շուրջ ակտիվ գործունեություն ենք ծավալում, մասնավորապես՝ հայ-իրանական սահմանին «Խաղաղության այգու» ստեղծման ուղղությամբ»,-նշել է նախարար Արամ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանի հետ սերտ համագործակցության արդյունքում ավելի կխորանա բնապահպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը:
Ռեիսին իր հերթին ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ հավելել, որ բնապահպանական ոլորտում եղած բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ են:
Իրանի դեսպանը նախարարին փոխանցել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության ղեկավար, ԻԻՀ նախագահի տեղակալ Մասումե Էբթեքարի բանավոր հրավերը՝ իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Իրան: Արամ Հարությունյանը ընդունել է հրավերը:
Կողմերը նպատակահարմար են գտել նաև համատեղ ընդլայնված նիստ գումարել աշխատանքային խմբերի մասնակցությամբ, որտեղ կներկայացվեն Արաքս գետից փորձանմուշներ վերցնելու լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ինչպես նաեւ քննարկվել են իրանցի մասնագետների՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Հայաստանի փորձին ծանոթանալու հնարավորությունները:
Հոկտեմբեր 12, 2013 at 12:34
