Արարատյան դաշտավայրում գույքագրվել է շուրջ 562 լուծարման ենթակա ապօրինի խորքային հոր

Արարատյան դաշտավայրում գույքագրվել է շուրջ 562 լուծարման ենթակա ապօրինի  խորքային հոր

ԷկոԼուր

Արարատի եւ Արմավիրի մարզերում գույքագրվել է շուրջ 562 լուծարման ենթակա ապօրինի խորքային հոր: Այս մասին նոյեմբերի 1-ին Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: «Մենք այստեղ ենք, որպեսզի համայնքի ղեկավարների և ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների մոտ եղած հարցերին պատասխանենք, համապատասխան պարզաբանումներ տանք, որպեսզի այս աշխատանքները համատեղ իրականացնենք և ցանկալի արդյունքներ ունենանք»,- նշել է Արամ Հարությունյանը:

Վերջինս Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանի  և ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանի  հետ ներկա է գտնվել Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ապօրինի հորի լուծարման աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, համայնքներին, ձկնային տնտեսություններին, գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվողներին առաջարկվել է իրենց անօրինական, ինքնակամ հորատած հորերն առաջին հերթին բերել փականային ռեժիմի, այնուհետև իրականացնել լուծարման և կոնսերվացման աշխատանքներ: Ինքնակամ սկզբունքով չիրականացնելու դեպքում, կիրականացվի հորերի պարտադիր լուծարում ՝ հետագայում տվյալ տնտեսվարողներից այդ գումարները՝ նաև դատական կարգով գանձելու միջոցով:  Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ոլորտի խնդիրները լուծելու համար իրականացվում են նաև համալիր օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի  ընդունման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում ապօրինի հորերի լուծարման աշխատանքները իրականացվում են նախարար Արամ Հարությունյանի հրամանով նախատեսված միջոցառումների ծրագրի շրջանակներում: ՀՀ կառավարությունը 43 հորերի լուծարումն իրականացնելու համար ՀՀ ԲՆ-ին է հատկացրել 107.5 միլիոն դրամ:

Նոյեմբեր 04, 2013 at 12:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր