

ԷկոԼուր
Երեւանում քաղաքաշինության ոլորտը գերկոռումպացված է: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակացության անդամ Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ շինարարություններն իրականացվում են առանց որեւէ հայեցակարգերի եւ հանրային իրազեկման: «Երևանում ստեղծվել է քաոսային վիճակ, և դա արվում է միտումնավոր, որովհետև սա իշխանության ներկայացուցիչների համար փող աշխատելու հնարավորություն է: Կարելի է ամեն տեղ կառուցել ամեն ինչ` վտանգելով ցանկացած նորմատիվ, կլինեն սեսմակայուն, հակահրդեհային, հումանիտար, տարրական նորմեր: Մենք տեսնում ենք Կոմիտաս 5-ի դրաման, որն ունի գրեթե 6 տարվա պատմություն, հիմա էլ` Ամիրյանն ու Սայաթ-Նովան»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Ամիրյան 24-ի բնակիչ Անի Մանդալյանը նշեց, որ Ամիրյանի բնակիչները պատրաստան են գնալ ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան.«Ինձ բակում կանգնած ձերբակալում են միայն նրա համար, որ ես կանգնած եմ իմ բակում, թույլ չեմ տալիս զավթել այն: Ինձ երեք ժամ պահել են ոստիկանությունում, որպեսզի հասցնեն ամբողջապես վերցնել բակը: Կիրակի օրով կտրեցին ծառերը: Օդ չկա, շենքը լրիվ զրկվում է արևից, ոչ մի նորմատիվ հաշվառված չէ: Իբրեւ թե կառուցում են բարեկարգ Երևան: Ո՞րն է բարեկարգ Երևանը, բնակչին տեղահանելը և ստիպելը, որ արտագաղթի՞»:
«Այլ երկրում քաղաքապետն իմանար, որ մարդիկ ներքևում` նիստի ժամանակ, բողոքում են, կհրավիրեր նիստի: Այստեղ ասում են` տեղ չկա դահլիճում: Դահլիճում ավելի շատ մարդ են նստեցնում, քան ավագանու տեղերն են: Միտումնավոր փորձագետներին, բոլոր վարչության պետերին բերում են նիստի. մարդիկ ձանձրույթից նկարում են, քնում են, միայն նրա համար, որ հանկարծ քաղաքացին չմասնակցի նիստին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Երեւանի ավագանու նիստի ժամանակ Ամիրյանի 24 շենքի բակում տեղի ունեցող շինարարության հարցը բարձրացրել է «Բարեւ Երեւան» խմբացության ղեկավար Անահիտ Բախշյանը: «Ամիրյանի վերաբերյալ իմ հարցին քաղաքապետը տվեց շատ տարօրինակ պատասխան: Ասաց, որ բնակիչներն ութ տարի է` տեղյակ էին, որ այնտեղ պետք է շենք կառուցվի,- ասաց Անահիտ Բախշյանը եւ հավելեց,- Այնտեղ, որտեղ որևէ օլիգարխի շահ հակադրվում է քաղաքացիների շահերի հետ, այնտեղ միանշանակ պաշտպանվում են օլիգարխի շահերը: Թե դատարանը, թե ոստիկանները մի մարդու նման պաշտպանում են կառուցապատողին` վկայակոչելով անհիմն, անօրեն թույլտվությունը»:
Մանրամասները` տեսանյութում:
Նոյեմբեր 11, 2013 at 16:46
