

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը կմշակի մի շատ կարեւոր օրենքի նախագիծ` «Շրջակա միջավայրին հասցված վնասը կանխարգելելու և վերացնելու մասով բնապահպանական պատասխանատվության մասին» անվանմամբ: Օրինագծի նպատակն է լինելու բնական ռեսուսրների և շրջակա միջավայրի աղտոտման արդյունքում պատճառված վնասի գնահատման համակարգի կատարելագործումը: Սակայն այն ՀՀ կառավարությանը կներկայացվի 2018թ. երկրորդ եռամսյակում եւ այն էլ այն դեպքում, եթե գործադիրը 2013թ. նոյեմբերի 14-ի նիստում հավանության արժանացնի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած «Բնապահպանության ոլորտի նորարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգերից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրի մասին» որոշման նախագիծը: Հենց այս ծրագրով է նախատեսված օրինագծի մշակումը: Ծրագրով նախատեսված է նաեւ 2014-2018թթ. մի շարք որոշումների նախագծերի, օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի եւ առաջարկության ներկայացում ՀՀ կառավարությանը: Դրանք են`
- «Էկոհամակարգային ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակը «Էկոհամակարգային ծառայությունների» հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումն է:
- «Բնական կապիտալի և Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական (արժեքային) գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակն է ներդնել բնական կապիտալի և Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական (արժեքային) գնահատման համակարգ:
- «Կանաչ տնտեսության ներդրման սկզբունքների հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակն է ներդնել «կանաչ» տնտեսության զարգացումն ապահովող տնտեսական մեխանիզմների և ցուցանիշների պլանավորման համակարգ:
- «Կանաչ ներդրումների սխեմա»-ի օրինակով քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ՀՀ կառավարությանը առաջարկությունների ներկայացում: Նպատակն է ներդնել կլիմայի փոփոխության դեմ (ջերմոցային գազերի արտանետուների կրճատում և կլանիչների զարգացում), այնպես էլ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարման (կլիմայի փոփոխությանը հարմարվելու) գործողությունների իրականացման համար համապատասխան ֆինանսական մեխանիզմ:
- «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակն է` 1. ապահովել աղտոտման (բնապահպանական) վճարների խթանող դերը, արդիականացնել հարկման բազան և ավելացնել այդ վճարների դրուքաչափերը, կատարելագործել բնապահպանական վճարի հաշվարկման (այդ թվում` դրույքաչափերի) հաշվարկման մեխանիզմները, 2. հստակեցնել «թափոններ», «արտադրական լցակույտեր», «տեխնածին հանքավայրեր» հասկացությունները, թափոնների դասակարգման (վտանգավոր և ոչ վտանգավոր), դրանց հաշվառման և բնապահպանական վճարի հաշվարկման (այդ թվում` դրույքաչափերի) հետ կապված հարցերը:
- «Արտադրատեսակների համար արտադրողի պատասխանատվության ընդլայնման համակարգերի վրա հիմնված վճարների համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ներկայացում: Նպատակն է ներդնել վտագավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման համակարգ:
- «Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում: Նպատակն է Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում, ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվության պայմանների չիրականացնելու հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծում արտաբյուջետային երաշխիքային գումարների հաշվին:
Ինչպես նշված է որոշման նախագծում, որոշման ընդունումը կնպաստի բնապահպանական միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցության մեխանիզմների ընդլայնմանը, ինչպես նաև բնապահպանական նորարարական ֆինանսատնտեսական համակարգի ստեղծմանը:
Նոյեմբեր 13, 2013 at 12:34
