Աբովյանի հասարակական զուգարանի տեղում պիցերիա չի կառուցվի

Աբովյանի հասարակական զուգարանի տեղում պիցերիա չի կառուցվի

ԷկոԼուր

Նոյեմբերի 14-ին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն տարածեց, որով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրում էր սուտ խոսելու մեջ: «Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել«Զուգարանը՝ պիցերիա» անվանմամբ հաղորդագրության մեջ նախաձեռնությունը գրել է. «2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից և շինաշխատանքներից հետո երևանցիների բողոքին ի պատասխան Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարեց. «Այնտեղ հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրեք, որպեսզի քաղաքացիները իմանան»։

Մեկ տարի անց Աբովյան փողոցի ճեմուղին այլանդակող բետոնապատ կառույցի վրա հայտնվել է պիցերիա ցուցանակը։ Ընդ որում բետոնի մեջ տառապում են մի քանի երկարամյա սլացիկ ծառեր։

Փաստորեն, Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել կամ էլ նա չի կարողանում վերահսկել քաղաքաշինական գործողությունները։ 
Հայտարարում ենք, որ Աբովյան փողոցի ճեմուղին պետք է ազատագրվի աջ ու ձախ կողմում հայտվող ուռուցքներից՝ իսկ պաշտոնյաների պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։

Յուրաքանչյուր որոշման համար պետք է պատասխանատվություն կրի տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը։ Լինի դա ստախոս պաշտոնյա, թե պարզապես օրինախախտ»։

Երեւանի քաղաքապետարանն արձագանքեց այս հաղորդագրությանը` տեղեկացնելով հետեւայալը. «Աբովյան փողոցում գտնվող ստորգետնյա շինության առնչությամբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված հայտնում ենք, որ Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան: Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ ստորգետնյա կառույցը հասարակական այլ գործունեության նպատակով օգտագործելու համար չի տրվել որևէ թույլտվություն, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, որի արդյունքում ապօրինի գովազդ տեղադրելու և ոչ նպատակային նշանակության գործնեություն ծավալելու փորձի համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, իսկ տեղադրված գովազդային վահանակն ապամոնտաժվել է»:

Լուսանկարը` Վաղարշ Ղահրամանյանի

Նոյեմբեր 15, 2013 at 13:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր