

ԷկոԼուր
Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է համագործակցել միջուկային անվտանգության ապահովման բնագավառում: Հայաստանը դեմ չէ: Սույն թվականի նոյեմբերի 21-ի նիստում ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև միջուկային անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության համաձայնագրի» կնքման առաջարկությանը: Համաձայնագրի դրույթներն իրականացնելու են հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, իսկ ռուսական կողմից` «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան և էկոլոգիական, տեխնիկական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայությունը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա համագործակցել միջուկային էներգաբլոկների անվտանգ շահագործման, ՀՀ տարածքում ռուսական նախագծով նորատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակներում Հայաստանում միջուկային անվտանգության ենթակառուցվածքի զարգացման, ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկներում հնարավոր ճառագայթային վտանգներից արդյունավետ պաշտպանության միջոցների ստեղծման և դրանք պատշաճ վիճակում պահպանման, միջուկային անվտանգության բնագավառի մասնագետների համար համաձայնեցված ուսումնական ծրագրերի մշակման, մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերում:
Համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է, որ երկու երկրների միջև համագործակցությունը կծառայի ատոմային էներգիայի միայն խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործմանը:
Նոյեմբեր 22, 2013 at 12:21
