Նախարար Արամ Հարությունյանի 2013 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը

Նախարար Արամ Հարությունյանի 2013 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը

ԷկոԼուր

«Ըստ 2013 թվականի  հաստատված միջոցառումների ծրագրի՝  Բնապահպանության նախարարությունը իրականացրել է շուրջ 20 ծրագրեր:  Նախարարության բյուջեն արդեն բավական երկար ժամանակ տատանվում է 2 միլիարդ 300 միլիոն դրամի շրջանակներում, և մենք մեր ծրագրերը իրականցրել ենք 2,3 միլիարդ դրամի շրջանակներում»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին` ՀՀ բնապահպանության նախարարությունում, անցկացված  2013 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: 

Նախարարը տարվա արդյունքների ամփոփումը սկսեց նախարարության՝ Սևանա լճի հետ կապված աշխատանքներից.  «5-6 սմ ջրի մակարդակի աճ: Մակարդակի բարձրացմանը զուգահեռ կատարված են նաև նախարարության 2013 թվականի ծրագրերը՝ կապված ջրի թափանցելիության խնդրի, էնդեմիկ ձկնատեսակների համալրման աշխատանքի, անտառապատ տարածքների մաքրման աշխատանքների հետ: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե մանրաձկան համալրման աշխատանքները, այլ ինքնավերարտադրման գործառույթը, որը դեռևս մեզ չի հաջողվում, և մենք գտնում ենք, որ այս աշխատանքները անհրաժեշտ է շարունակել, որպեսզի կարողանանք ապահովել բնական վերարտադրողական գործընթաց:  Հաստատված են ծրագրեր 40 և ավելի միլիարդ դրամի շրջանակներում: Սա վերաբերում է և ճանապարհներին, և ենթակառուցվածքներին, և ինժեներական հանգույցներին»,-  ասաց նախարարը: 

Արամ Հարությունյանը ջրային ռեսուրսների համար նշեց. «Հայաստանի Հանրապետությունում կա 6 ջրավազանային մարմին՝ ըստ մեր ունեցած ջրային հնարավորությունների: Առավել խոցելի խնդիրներ ենք տեսնում Արարատյան դաշտավայրում:  Ունենք լուծարման ենթակա բավականին շատ խորքային հորեր, տիրազուրկ, կոնսերվացման ենթակա, և արդյունքում տեղի է ունեցել նաև ջրային հորիզոնների իջեցում:   Արարատյան դաշտավայրում այսօրվա դրությամբ արդեն իսկ լուծարվել, կոնսերվացվել և բերվել են փականային ռեժիմի շուրջ 45  խորքային հորեր: Առաջին անգամ Արարատյան դաշտավայրում մենք գույքագրման աշխատանքներ ենք իրականացրել 2008 թվականին, այնուհետև 2011-ին և վերջին գույքագրումը` 2013 թվականի ամռանը՝ հուլիս, օգոստոս ամիսներին: Բացառապես աշխատել ենք բոլոր անօրինական խորքային հորերը տեղադրել քարտեզի վրա համապատասխան կոորդինատներով և հայտարարել ենք, որ այստեղ լուրջ աշխատանք ունենք կատարելու: Սկսել ենք հաշվիչների տեղադրման աշխատանքներից, փոխվել են օգտագործվող հողերի կատեգորիաները, տրվել են թույլտվություններ: Անօրինական խորքային հորեր ունեցող տնտեսությունները հենց իրենց միջոցների հաշվին հիմնականում իրականացրել են լուծարման աշխատանքները: Այստեղ մենք խնդիր ունենք համայնքների հետ և մենք սկսել ենք այդ աշխատանքները: Համայնքներում իսկապես կան նախկին տարիներից կուտակված լուծարման ենթակա խորքային հորեր,  որոնք չունեն փաստաթղթեր, անօրինական են և այլն: Այստեղ մենք ծավալուն աշխատանք ենք իրականացնելու ոչ միայն ձկնային տնտեսություններում, այլև համայնքներում, և պետական բյուջեից հատկացված է միջոցներ՝ կոնսերվացման և լուծարման աշխատանքները իրակացնելու համար՝ այս գումարների հետ գանձման պայմանով»: 

Արամ Հարությունյանը անդրադարձավ նաև կենսաբազմազանությանը. «Կենսաբազմազանության տեսանկյունից 2013 թվականը եղել է բավականին խոսուն: 2012 թվականին  մենք ավելացրել ենք պահպանվող տարածքների, ազգային պարկերի և արգելավայրերի թիվը և կշարունակենք նաև այս տարի այդ աշխատանքները` մասնավորապես Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծմամբ:  Վերջին երեք տարիների ընթացքում մեր ներդրումները, բացի պետական բյուջեից, շուրջ 3-4 անգամ աճել է: Կովկասի բնության հիմնադրամի կողմից մեր պահպանվող տարածքներին հատկացվել է լրացուցիչ 180 միլիոն դրամ՝  պահպանության ռեժիմները հստակեցնելու, անհրաժեշտ նյութատեխնիկական բազան համալրելու նպատակով»: 

Ըստ Արամ Հարությունյանի՝ բնապահպանության նախարարությունն ունի նաև նախաձեռնություններ հաջորդ տարվա համար. «աջորդ տարի մեր այս ծրագրերը շարունակվելու են, ունենք շատ նոր նախաձեռնություններ, մասնավորապես «Եղջերուների ծրագիրը» Դիլիջանում, որտեղ  մենք ստեղծում ենք եղջերուների բազմացման կենտրոն»: 

Բացի նշված թեմաներից, մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացվեցին նաև լայն հասարակությանը հետքրքրող այլ հարցեր և խնդիրներ, որոնց վերաբերյալ նախարարի դիրքորոշումը ԷկոԼուրն առանձին կներկայացնի իր հաջորդ հրապարակումներում: 

Դեկտեմբեր 28, 2013 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր