Հայտնի են ՀՀ բնապահպանության նախարարության 2014թ. գերխնդիրները

Հայտնի են ՀՀ բնապահպանության նախարարության 2014թ. գերխնդիրները

ԷկոԼուր

2014թ. ՀՀ բնապահպանության նախարարությունը երկու գերխնդիր ունի` Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրումը եւ «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացումը: Առաջին գերխնդիրը լուծելու համար նախատեսվում է  366.667 հազար հատ գեղարքունու և ամառային իշխանի կենսունակ մանրաձկների աճեցում և 2014թ. 4-րդ եռամսյակում դրանց բացթողումը Սևանա լիճ: Այս նպատակով պետբյուջեից կհատկացվի 60 միլիոն դրամ:

Վերջին չորս տարիներին լիճ է բաց թողնվել 1 միլիոն 292 հազար հատ  ամառային իշխան  և գեղարքունի տեսակների  մանրաձուկ, իսկ 2013թ-ին՝  366.6 հազար հատ մանրաձուկ:

Հիշեցնենք, որ կառավարության սեղանին է դրված նաեւ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի հաստատման դեպքում  մինչեւ 2023 թվականը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով տարեկան կաճեցվի մոտ 50 000 տոննա ձուկ, որոնցից միայն 1.5%-ը ամեն տարի բաց կթողնվի լիճ:  2013թ. դեկտեմբերի 19-ի կառավարության  որոշմամաբ ծրագիրն ուղակվել է  բնապահպանական պետական եւ տնտեսագիտական անկախ փորձաքննության: Նշենք, որ բնապահպանական հասարակայնությունը դեմ է այս ծրագրին, ինչի պատճառով հայտարարվել է S.O.S. Սեւան բնապահպանական քարոզարշավը:

Մյուս գերխնդիրը լուծելու` «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագիրը կյանքի կոչելու նպատակով, ըստ պաշտոնական տեղեկատվության, կիրականացվեն բնական ռեսուրսների և պահպանվող տարածքների կառավարման բարելավմանը, հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպատակաուղղված միջոցառումներ, որոնք են`

  • ծրագիրն իրականացնող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի կազմակերպում
  • «Արևիկ» ազգային պարկի սահմանների ճշգրտում  և քարտեզագրում
  • հարակից համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի ուսումնասիրություն և գնահատում:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ստեղծելու մասին, որի մեջ են մտնելու Սյունիքի մարզում գտնվող «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ստեղծումը մտահոգում է բնապահպաններին, քանի որ հստակ չէ, թե որքանով կպահպանվի  «Շիկահող»-ի արգելոցային  ռեժիմը:

Հունվար 14, 2014 at 13:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր