

ԷկոԼուր
Մեկնարկել է «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ)-ԳԷՖ հետ համատեղ՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել էներգախնայողությանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը` ներդրումային ծրագրերի և ազգային քաղաքականության իրականացման ճանապարհով: Հիմնական բաղադրիչն է` Երևանի արտաքին լուսավորման համակարգը:
ՀՀ ԲՆ նախարար Արամ Հարությունյանը կարեւորել է ծրագրի մեկնարկը: «Կլիմայի փոփոխության պայմաններում մենք խրախուսում ենք այն ծրագրերը, որոնք վերաբերում են էներգիայի խնայողությանը, վերականգնվող էներգետիկային և շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով ստանանք մի արդյունք, որը ոչ միայն տեսանելի և շոշափելի կլինի, այլ էներգետիկ տեսակետից՝ արդյունավետ և կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը»- նշել է նախարարը «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ժամանակ` հավաստիացնելով, որ ծրագիրը կնպաստի մայրաքաղաքի բնակիչների համար հարմարավետ և ժամանակին համահունչ միջավայր ստեղծելուն : Նախարարի խոսքով` պիլոտային փուլը կիրագործվի արդեն այս տարի:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաեւ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն նշել է, որ ծրագիրը առաջիններից է, ոչ միայն ազգային, այլ նաև տարածաշրջանային և գլոբալ առումով: Բանախոսը նկատել է, որ ՀՀ կառավարությունը չափանիշներ է ստեղծում բնապահպանության՝ մասնավորապես էներգախնայողության բնագավառում:
Կամո Արեյանն էլ իր խոսքում նկատել է, որ արտաքին լուսավորության խնդիրը վաղուց էր գերակա և ուրախալի է, որ կան այլընտրանքային միջոցներ համակարգը արդիականացնելու համար՝ այն դարձնելով էկոլոգիապես ավելի անվտանգ, բարետես և հուսալի:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ գերատեսչությունների և համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԶԾ-ի միջազգային փորձագետներ և խորհրդատուներ, որոնք ներկայացրել են Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում և Ուկրաինայում քաղաքային լուսավորության բնագավառում էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանն ուղղված ծրագրերի իրականացման փորձը, քաղված դասերը և հիմնական եզրակացությունները:
Ծրագրի հիմնական ֆինանսավորումն իրականացնելու է ԳԷՖ-ը: Ֆինանսական ներդրումներ են արվելու նաև համայնքային բյուջեներից: Տեւողությունը 4 տարի է:
Հունվար 16, 2014 at 13:20



