

pastinfo.am, Նելլի Դանիելյան
2014թ դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք է տրված 119 հանքավայրերի համար: Այլ կերպ ասած՝ ճիշտ այդքան տարածքներում ուսումնասիրվում է օգտակար հանածոների առկայությունը` հետագայում դրանք արդյունահանելու համար:
Դրանցից 37-ը տրվել են 2013թ., 23-ը` 2012թ., իսկ մնացած 49-ը`նախորդ տարիներին (2007-2011թթ), ինչը պարզ վկայությունն է այն բանի, որ, ինչպես բազմիցս ահազանգել են բնապահպանները, վերջին տարիներին ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման գործընթացն էլ ավելի է ակտիվացել:
Նշենք, որ հայաստանյան ընդերքի պարունակությամբ հետաքրքրված գործարարներն այնտեղ փնտրում են տարբեր մետաղներ, այդ թվում՝ մեծ մասամբ ոսկի, շինարարական ու թանկարժեք քարեր և ավազ:
Մեկ ընկերություն` «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը, Սյունիքի մարզում ուրան է փնտրում: Կազմակերպությանը, ի դեպ, նման թույլտվություն է տրվել դեռևս 2009թ.: Արտոնագրի ժամկետն ավարտվում է այս տարի՝ հուլիսի 23-ին:
Երկրաբանական ուսումնասիրություների ու հետախուզական աշխատանքների թույլտվություններ ամենից շատ տրվել են Սյունիքի (33 թույլտվություն) և Գեղարքունիքի (22 թույլտվություն) մարզերում: Ընդ որում, դրանց գերակշիռ մասը տրվել է հատկապես վերջին 1-2 տարիներին, մինչդեռ նախկինում թույլտվություններ ավելի շատ տրվել են Արարգածոտնի, Վայոց Ձորի, Լոռու և Արարատի մարզերի համար:
3 ընկերություն ավազ ու գիպս են փնտրում մայրաքաղաքի տարածքում, 1-ը` Արմավիրի:
Երկրաբանական ուսումնասիրությունների՝ 119 գործող լիցենզիաներից 25-ի ժամկետն ավարտվում է այս տարվա ընթացքում, թեև չի բացառվում, որ դրանք հետագայում կերկարացվեն, ինչպես արդեն արվել է որոշ գործարարների դեպքում:
Իսկ թե լիցենզավորված ընկերություններից որին ի՞նչ կհաջողվի գտնել ընդերքում ու որքանո՞վ կարդարանան նրանց ակնկալիքները, պարզ կդառնա հետագայում, երբ վերջինները կդիմեն կառավարություն` արդեն շահագործման իրավունք ձեռք բերելու համար:
Փետրվար 13, 2014 at 13:12
