

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը Մեղրու սահմանամերձ տարածքներում քարտեզագրել է 6 էկոլոգիական միջանցք: Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված «Բարեկամության և խաղաղության այգի» գործընթացի շրջանակներում ծրագրվում է առանձնացնել միգրացիոն ուղիներ, սահմանել համապատասխան պահպանության ռեժիմ, որը կապահովի կենդանիների անարգել միգրացիան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակյնության հետ կապերի վարչությունը, այս մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառման ժամանակ:
Արամ Հարությունյանը նաեւ ԻԻՀ Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հետ քննարկել է երկու պետություններում այլընտրանքային էներգիայի զարգացման հեռանկարներին և Արաքս գետի աղտոտվածությանը վերաբերող հարցեր: Արձանագրվել է, որ 2005 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ստեղծված հայ-իրանական փորձագետների համապատասխան աշխատանքային խմբերը պարբերաբար արդյունավետ ուսումնասիրություն են իրականացնում` համաձայն Արաքս գետի ջրի համատեղ և միաժամանակյա նմուշառման մշակված պլան-ժամանակացույցի և ջրի լաբորատոր ուսումնասիրության մեթոդաբանության:
Իրանի Մեջլիսի բնապահպանության խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռեզա Թաբեշի հետ հանդիպման ժամանակ էլ ՀՀ բնապահպանության նախարարը քննարկել է բնապահպանական խնդիրների լուծման օրենսդրական մեխանիզմները:
Փետրվար 18, 2014 at 15:45
