

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը «Պատասխանատու հանքարդյունաբերություն» համաժողովից հետո հանրությանն է ներկայացնում վերջին տարիների իր գործունեությունը։
Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։
« Ի լրումն մարտի 25-ին «Պատասխանատու հանքարդյունաբերություն» համաժողովում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ լրագրողներին տված պատասխանների, ներկայացվում է լրացուցիչ տեղեկատվություն 2007-14 թթ. ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ուղղությամբ կատարված և ընդերքօգտագործման բնագավառում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ուղղությամբ 2007-2014 թթ. կատարված աշխատանքների վերաբերյալ
1.Համակարգի զարգացմանն ուղղված գործողություններ
Հայաստանի անկախության տարիներին ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացը պլանավորված էր Հայաստանի Հանրապետության կառավարության 26.12.2002 թ. № 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագրով»: 2002-2007 թվականներին, չնայած պլանավորված լինելուն, որևէ կատեգորիայի ԲՀՊՏ չի ստեղծվել: 2007 թվականից ստեղծվել են «Խոր վիրապ», «Զանգեզուր», «Զիկատար», «Խուստուփ», «Հանքավանի» ջրաբանական և «Ջերմուկի» ջրաբանական արգելավայրերը և «Արփի լիճ», «Արևիկ» ազգային պարկերը, ընթացքի մեջ են «Գնիշիկ» համայնքային պահպանվող լանդշաֆտի ստեղծման աշխատանքները:
Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման կարևոր առաջընթաց էր Հայաստանի Հանրապետության կառավարության 18.01.2007 թ. № 204-Ն և № 205-Ն որոշումներով «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի 2007-2011 թվականների կառավարման պլանների հաստատումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2009 թ. № 500-Ն որոշմամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների և Հայաստանի Հանրապետության կառավարության 22.12.2011թ. № 1854-Ա որոշմամբ «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թվականների կառավարման պլանների հաստատումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 14.08.2008 թ. № 967-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի բնության հուշարձանների ցանկը, որում ընդգրկվել են 230 բնության հուշարձաններ: Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեի շրջանակներում իրականացվել է «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում գտնվող բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրման աշխատանքներ» ծրագիրը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 02.05.2013 թ. № 473-Ն որոշմամբ հաստատվել է բնության հուշարձանների նոր ցանկը` 232 անվանումով:
Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի զարգացմանը նպաստող կարևոր արդյունքներից են.
- «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի պատրաստումը (ընդգրկված է Ազգային ժողովի օրակարգում),
- «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագրի» մշակում (գտնվում է կառավարություն ներկայացնելու փուլում),
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 27.10.2008 թ. № 364-Ա հրամանով «ԲՀՊՏ-ների կառավարման պլանների կազմման մեթոդական ցուցումների» հաստատումը.
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 12.02.2008 թ. № 60-Ա հրամանով «ԲՀՊՏ-ի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների համազգեստի ձևի, այն կրելու կարգի և պայմանների» հաստատումը.
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմին արժանացնելը (Եվրոպայի նախարարների կոմիտեի 2013 թ. հուլիսի 10-ի CM/ResDip (2013)2 հատուկ որոշում):
- «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցները և «Արևիկ» ազգային պարկը «Պանպարկի» դիպլոմի ներկայացնելը:
2. Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրեր.
ԲՆ–ի և միջազգային կազմակերպությունների համագործակցության արդյունքում նշանակալի ներդրում է կատարվել Հայաստանի Հանրապետության ԲՀՊՏ-ների համակարգի ընդլայնման, զարգացման և պահպանության ուղղությամբ, իրականացվել են ծրագրեր հետևյալ հիմնական ուղղություններով՝
ա. ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում ստեղծվել են նոր ԲՀՊՏ-ներ.
բ. ծրագրեր, որոնց իրականացումը նպաստել է ԲՀՊՏ-ների կառավարման համակարգի և կարողությունների հզորացմանը.
գ. ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում բարելավվել է ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրությունը:
Առավել խոշոր ֆինանսական ներդրումներ իրականացվել են Համաշխարհային բանկի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի, Բնության Համաշխարհային Հիմնադրամի, ՄԱԶԾ-ի, Կովկասի Բնության Հիմնադրամի, Անդսահմանային Միացյալ Քարտուղարության կողմից:
3.Ընթացքի մեջ գտնվող ծրագրեր
Հայաստանում ստեղծվում է «Էմերալդ ցանցը», որում ներառված 12 տարածքներից 8-ը ընդգրկված են Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ», ազգային պարկեր, «Խոր Վիրապ», «Սոսու պուրակ», «Արագածի ալպյան», «Իջևան» արգելավայրեր): «Էմերալդ ցանց»-ի ստեղծումը «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկն է և ինչը նախադեպ է Հայաստանում էկոլոգիական ցանցի ստեղծման ու միջազգային էկոլոգիական ցանցերին ինտեգրման: Այդ թվում`
- Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի (այսուհետ` ԿՊ) ձևավորումը, Համաեվրոպական էկոլոգիական ցանցին (ՀԷՑ) միանալու ուղղությամբ: Այդ տեսակետից Հայաստանում ԿՊ-ների ստեղծման պոտենցիալ տարածքներ են հանդիսանում «Շիկահող» պետական արգելոցը, դրա պահպանման գոտին և նրան հարակից «Սոսու պուրակ», «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրի տարածքները: Ծրագիրը ֆինասավորվում է գերմանական KFW բանկի կողմից:
- «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը», որը դարձյալ ֆինանսավորվում է գերմանական KFW բանկի կողմից:
- «Խաղաղության այգի» ազգային պարկի ստեղծման» ծրագիրը` Հայաստանի Հարավում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
- «Արքայական եղջերուի վերարտադրություն Հայաստանում» ծրագիրը` Բնության Համաշխարհային Հիմնադրամի և ԱՄՔ-ի աջակցությամբ:
Ընդամենը պահպանվող տարածքների ավելացում` 111 138.8 հա, որից` 2054 հա կազմում է Արփի լճի հայելին:
Հայաստանի ԲՀՊՏ-ների ընդհանուր մակերեսը կազմում է 387 054.4 հա: 2007-2014 թվականներին ստեղծված ԲՀՊՏ-ների մակերեսը կազմում է դրա 29 %-ը:
Եթե նկատի ունենանք, որ Հայաստանի Հանրապետությունում ԲՀՊՏ-ի ստեղծման գործընթացն սկիզբ է առել դեռևս խորհրդային տարիներից` 1958 թվականից, պահպանվող տարածքների մեջ ներառված է նաև Սևանա լիճը, որի հայելու մակերեսը կազմում է շուրջ 125.000 հա, ապա պետք է արձանագրել, որ 2007-2014 թվականներին ստեղծված հատուկ պահպանվող տարածքների ցամաքային մակերեսը կազմում է հանրապետության պահպանվող ցամաքային տարածքների շուրջ 42 %-ը:
2007-2014թթ.-ում ընդերքօգտագործման բնագավառում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ
1.2012 թվականին ուժի մեջ մտած նոր Ընդերքի մասին օրենսգրքի նշանակությունը օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման ոլորտի բնապահպանական կարգավորման հարցում դժվար է գերագնահատել: ՀՀ ընդերքի մասին նոր օրենսգրքով սահմանվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվեցին ընդերքն օգտագործելիս բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև ընդերքօգտագործման ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Օրենսգրքի դրույթների պահանջներից բխող՝ կիրառման ենթակա մի շարք առանցքային միջոցառումների իրականացումն ՀՀ տարածքում կարելի է դիտարկել որպես կարևորագույն բնապահպանական նորարարություն:
Ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով օրենսգրքով նախատեսվել է ընդերքօգտագործման արգելում ընդերքի առանձին տեղամասերում (հոդված 26): Մասնավորապես, ընդերքօգտագործումը արգելվում է բնության, պատմության և մշակույթի հուշարձանների տարածքում, այն տարածքներում, որտեղ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր են աճում կամ կենդանիների բնակատեղիներ են, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
Նորարարությունները վերաբերվում են շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա ընդերքօգտագործման ազդեցության գնահատմանը օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման փուլերում, բնապահպանական կառավարման պլանների մշակմանը, բնության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի ներկայացմանը (հոդված 49), արտադրական լցակույտերի՝ որպես օգտակար հանածոների այլընտրանքային աղբյուրի, ուսումնասիրությանը (հոդված 14):
Առանձին հիշատակման արժանի նորարարություն է «հանքի փակման ծրագիր» հասկացության սահմանումը: Նշված փաստաթղթում ընդերքօգտագործողները պետք է ամրագրեն սկզբունքային տեղեկատվական ռեսուրսներ հանքավայրի շահագործման ավարտից հետո կատարվելիք գործողությունների վերաբերյալ՝ ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը, օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիան, աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը և օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը (հոդված 49): Վերջինիս հետ փոխկապակցված, նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության 10.01.2013թ.-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին» թիվ 22-Ն որոշումը:
Մշտադիտարկումների իրականացումը լեռնահանքային արդյանաբերության համալիրի բաղկացուցիչ մաս հանդիսացող արտադրական լցակույտերի տարածքներում Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով ամրագրված բնության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նոր մոտեցումներից է: Նման մշտադիտարկումների իրականացումը հնարավորություն կընձեռի ժամանակին արձանագրել փակված հանքի, արդյունահանման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերի տարածքի երկրաբանական միջավայրի, հիդրոերկրաբանական և ինժեներարերկրաբանական պայմանների փոփոխությունը, միջոցներ ձեռնարկել հնարավոր վնասը կանխելու, վերացնելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Սահմանվել է մշտադիտարկումների կատարման համար հատկացումների վճարման մեխանիզմը, համաձայն որի ընդերքօգտագործողները շահագործմանը զուգընթաց Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» արտաբյուջետային միջոցների բանկային հաշվում ըստ ընդերքօգտագործողների` նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով բացված ենթահաշիվներում կուտակում են հատկացումներ հանքի փակումից հետո մշտադիտարկումները կատարելու նպատակով:
Այս պահի դրությամբ շուրջ մեկ տասնյակ ընդերքօգտագործող ձեռնարկություններ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացրել հանքի փակման ծրագրերը:
2.ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի միջոցառումների շրջանակներում մշակվել է «Հայաստանի Հանրապետության տարածքի պոչամբարների անվտանգ կառավարման ձեռնարկը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների համատեղ հրամանը, որի նպատակն է ուշադրություն սևեռել պոչանքային տնտեսությունների էկոլոգիական անվտանգության հիմնահարցերի վրա, անդրադառնալ լքված և փակված պոչամբարների հարցերին, ինչպես նաև կարևորել պոչամբարները շահագործող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրերի կառավարումը (հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարի 16.12.2011թ.-ի թիվ 284-Ա հրամանով):
3.Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման ու հողերի խախտման հետ կապված այլ աշխատանքներ կատարելիս հանված հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով 2011թ.-ին մշակվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը (ՀՀ կառավարության 08.09.2011թ.-ի թիվ 1396-Ն որոշում): Տվյալ կարգով սահմանվել է, որ հողի բերրի շերտը կարող է հանվել քաղաքաշինական գործունեության իրականաց¬ման, օգտակար հանածոների արդյունահանման դեպքերում, ինչպես նաև այն գյուղա¬տնտեսական նշանակության հողամասերից, որոնց հզորությունը կազմում է 1,5 մետր և ավելի:
4.Հայաստանի համար լեռնահանքային արդյունաբերությամբ խախտված հողերի բիոռեմեդացիայի ոլորտում ծառացած խնդիրները ավելի քան օրակարգային են: Այս հիմնահարցի հետ սերտորեն փոխկապակցված է լեռնահանքային զարգացած արդյունաբերություն ունեցող շրջանների հողերի տեխնածին աղտոտվածության մասին պաշտոնական տեղեկատվության բացակայությունը: Հարցին լուծում տալու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել է ՀՀ կառավարության «ՀՀ տարածքում տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 1192-Ն և «ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 24-ի թիվ 1277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1188-Ն որոշումները, որոնց կիրարկումը հիմք կհանդիսանա հողերի նմուշարկման դիտացանցի ստեղծման համար: Դա կնպաստի Հայաստանի Հանրապետության հողերի աղտոտվածության վիճակի վերաբերյալ մոնիթորինգային շարքերի լրացման համար տվյալների ստացմանը, հողերի աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանը, աղտոտման հետևանքների գնահատմանը: Բացի այդ մեթոդաբանությամբ նախատեսվում է ուսումնասիրել նաև դեգրադացված հողերը, որը թույլ կտա ստեղծել ամբողջական պատկեր հանրապետության հողային ծածկույթի արդի վիճակի վերաբերյալ:
5.Նոր օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել է «Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի թիվ 1128-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 23-ի թիվ 1079-Ն որոշմամբ: Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում կուտակված է շուրջ 433 մլն.դրամ գումար:
6. Ընդերքօգտագործման բնագավառում բնապահպանական ռիսկերը և վնասները նվազեցնելու նպատակով շրջանառության մեջ է գտնվում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսում է լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների համար, ներկայումս կիրառվող 0-ական դրույքաչափի փոխարեն, սահմանել համապատասխան վճարներ:
7.Մշակվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի նախագիծ, որում շտկվել և լրացվել են գործող օրենքի բացթողումները և թերությունները, հաշվի են առնվել Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջները, գործընթացը մոտեցվել է միջազգային բնապահպանական նորմերին և ստանդարտներին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հանրության դերի բարձրացմանը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության փուլերում կարևորվել է հանրության ծանուցումը, լսումների իրականացումը, որոշումների ընդունման մասով հանրության դերի բարձրացումը, ինչը հնարավորություն կստեղծի հանրությանը սկզբնական փուլից մասակցելու նախատեսվող գործունեության և հիմնադրույթային փաստաթղթերի վերաբերյալ իրականացվող գործընթացներին: Այժմ հասարակական կազմակերպությունների կողմից մշակվում է հանրային քննարկումների իրականացման կարգը:
8. Միայն վերջին մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված հանքավայրերի արդյունահանման նախագծերից 5-ին տրվել է բացասական եզրակացություն»:
Մարտ 28, 2014 at 12:41
