

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն մայիսի 12-ին ընդունել է KfW բանկի տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Գերմանական բանկի ներկայացուցիչը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հանրապետության կարևորագույն ոլորտում ստանձնած պատասխանատու առաքելության իրականացման մեջ:
Լարս Օերմանը նորանշանակ նախարարին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում KfW բանկի իրականացրած ծրագրերը: Կարևորելով Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման խնդիրը՝ Օերմանը տեղեկացրել է, որ Բանկը տարածաշրջանում իրականացնում է 70 մլն եվրոյի բնապահպանական ծրագրեր, որից 1/3-ը՝ Հայաստանում:
Կողմերը հատուկ անդրադարձել են «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրին, որի բյուջեն կազմում է 8.25 մլն եվրո: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը կարևորելով դրամաշնորհային ծրագիրը՝ հատկապես շեշտել է այն հանգամանքը, որ 8.25 մլն եվրո դրամաշնորհից 2 մլն-ը ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի /որի մեջ ներառվել են «Արևիկ» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար», «Սև լիճ» պետական արգելավայրերը/ հարակից համայնքների սոցիալ- տնտեսական խնդիրների լուծմանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով շրջափակման մեջ, անկախության այս տարիներին ստիպված օգտագործել է իր բնական ռեսուրսները: Այն վերականգնելու համար շատ կարևոր է սոցիալ տնտեսական խնդիրների լուծումը, ինչը թույլ կտա ազգաբնակչությանը զերծ մնալ համայնքներին հարակից վայրի բնության ռեսուրսները օգտագործելուց և կնպաստի հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը:
Բնապահպանության նախարարը հայտնել է, որ Հանրապետությունում իրականացվող բոլոր միջոցառումներում կներգրավվեն հասարակական կազմակերպություններ, ինչը կնպաստի դրանց իրագործման թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը:
Արամայիս Գրիգորյանը շեշտելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բոլոր բնապահպանական ծրագրերը՝ վստահեցրել է, որ Բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ դրանք արդյունավետ իրագործելու և ոլորտի խնդիրները լուծելու համար: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց պահպանելով երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցության դրական փորձն՝ այն որակական նոր մակարդակի վրա բարձրացնել:
Մայիս 14, 2014 at 12:46
