

ԷկոԼուր
Մայիսի 15-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ ներկայացվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նոր ճանապարհահատվածի ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: 42 կմ երկարությամբ ճանապարհահատվածը ձգվում է Քաջարանից մինչև Ագարակ: Ծրագիրն արժանացել է Խորհրդի հավանությանը:
Հաստատվել է նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի և ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի կառուցման տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս. Ա.» ընկերության հետ ստորագրված Փոխըմբռնման համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները՝ միանալով վրացական ճանապարհի ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք՝ Թբիլիսի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը` 2009-2017թթ: Վարկն ապահովում է Ասիական զարգացման բանկը: Վարկի ընդհանուր աժեքը 500 միլիոն դոլլար է: Կառավարության կողմից համաֆինանսավորումը պետք է կազմի 462 միլիոն դոլլար: Այսինքն` հարկատուներին այդ շինարարությունը կարժենա մոտ 1 միլիարդ դոլլար:
Մայիս 15, 2014 at 15:04
