

ԷկոԼուր
Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220Կվ էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի համաձայն՝ 720 հենասյուների մոնտաժման համար օտարվելու է 7.2 հա հողատարածք, որի առնվազն 50%-ը, ըստ կանխատեսումների, մասնավոր է:
ԷկոԼուրը զրուցեց Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայքնի բնակիչների հետ, որոնց հողատարածքով անցկացվելու է էլեկտրոհաղորդակցման գիծը: Պարզվեց, որ Աղնջաձորում հողի չափումներ արվել են դեռևս 1-2 տարի առաջ:
«Մոտ 2 տարի առաջ եկել, չափումներ են արել: Ինձ ասացին, որ տարածքը, որը ընդգրկելու են սյուների համար, վաճառեմ: Պետք է գնայինք, տեղում տեսնեինք, թե ինչ կարժենար: Բայց հետո գնացին և այլևս չեկան: Տարածքս կազմում է 4900 ք/մ: Եթե կարգին գումար տան, համաձայն եմ վաճառել հողս»,- ասաց Վանուշ Սարգսյանը՝ նշելով, որ իր հողը ժամանակին վարելահող է եղել, սակայն ջուր չլինելու պատճառով ինքն այլևս չի կարողանում այնտեղ գարի և ցորեն ցանել:
Աղնջաձորի մեկ այլ բնակիչ՝ Շողեր Սիմոնյանը, նույնպես համաձայն է վաճառել իր հողը, ասում է, միևնույն է, ոչ մի եկամուտ չի բերում: «Մի տարի առաջ եկան, ասեցին՝ գնանք, տեղը տեսնենք և որոշենք փոխհատուցման չափը: Մենք էլ խոստացանք, որ կտանք: Գնացին, այլևս չեկան: Իմ հողը նախկինում վարելահող էր, գարի և ցորեն էինք ցանում, բայց հիմա խոտհարք է»,- ասաց Շողեր Սիմոնյանը:
Բնակիչները նշում են, որ տվյալ ծրագրի իրականացումից իրենք դրական ոչինչ չեն տեսնում: Շատ կցանկանային, որ գոնե իջներ էլեկտրաէներգիայի սակագինը, բայց հակառակն է լինում: Այս կարծիքին է նաև «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի անդամ Աշոտ Խալաթյանը, ում անհանգստացնում է ևս մեկ հանգամանք. «Մեզ ուրախացնում են՝ ասելով, որ 870-ից հենասյունների քանակը նվազելու է մինչև 720, բայց չեն ասում, որ մի անորոշ ժամանակ այդ 870 և 720 գումարվելու են իրար: Տվյալ համայնքում միաժամանակ լինելու է 2 հենասյուն՝ մի քիչ հեռու, մի քիչ մոտիկ: Ես կցանկանայի լսել, թե այդ հենասյունները երբ են դուրս գալու: Բայց լսումների ժամանակ ես իմ հարցի պատասխանը չլսեցի»,- ասաց Աշոտ Խալաթյանը:
Սալիի համայնքապետ Սամվել Ղազարյանն էլ նշեց, որ իրենց գյուղի տարածքում գտնվող օտարման ենթակա հողերը համայնքային սեփականություն են: «Այն տարածքները, որտեղ պետք է տեղադրվեն հենասյունները, իրենք գնել են: Հողերը հանդիսացել են համայնքային սեփականություն, տրված են եղել վարձով հողագործությամբ զբաղվելու համար՝ մոտ 2-3 հա։ Այդքան մեծ վնաս չենք կրում, քանի որ մեր գյուղում հող էլ չեն մշակում, որովհետև ջուր չկա, բացի դրանից ամեն ինչը թանկ է՝ վառելանյութեր, սերմացու, պարարտանյութ: Արդեն 10-րդ տարին է՝ վար ու ցան չենք անում: Մեզ մոտ հողագործությունը եկամտաբեր չէ»,- ասաց Սամվել Ղազարյանը՝ հավելելով, որ քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի հետ տվյալ ծրագիրը կապ չունի, ուրեմն այն իրենց վրա ոչնչով էլ չի ազդելու:
Հունիս 16, 2014 at 17:32




