Չի կարելի թույլ տալ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների միացումը

Չի կարելի թույլ տալ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների միացումը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը միացնելու մտադրության մասին: Այս տեղեկությունն առաջացրել է բուռն արձագանք սոցիալական ցանցերում և բնապահպան հասարակության շրջանում:

Բնապահպանության նախարարի նախկին տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը հիշեցրեց, որ 2000թ. կատարվել է այս նախարարությունները միացնելու փորձ: «Եթե դա կրկնվի, ապա ազգային անվտանգության ոլորտի մի մասը կփոշիացվի և կոչնչացվի», - գրում է նա Facebook սոցիալական ցանցում:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը կարծում է, որ առանց այդ էլ բնապահպանության նախարարությունը թուլացած է և մատնված է կառավարության անուշադրությանը: «Եթե այդ մտադրությունն իրագործվի, մենք պետք է խաչ քաշենք բնապահպանական պետական քաղաքականության վրա», - կարծում է Գալստյանը:

Ցանցի որոշ օգտատերեր կարծում են, որ նախարարությունների հնարավոր միացումը պարզապես անմտածված քայլ է, իսկ որոշներն էլ կարծում են, որ դա բնապահպանական ոլորտի գիտակցված կործանում է:

«Կանաչ» սոցիալական խմբերում տարածված է կոչ` թույլ չտալ այդ միացումը, որը կարող է աղետալի դառնալ ոչ միայն բնապահպանական բոլոր ծրագրերի, այլ ողջ երկրի համար:

ԷկոԼուրը հիշեցնում է, որ կառավարությունը վերջին տարիների ընթացքում զրկել է բնապահպանության նախարարությանը այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են ընդերքը, անտառը և մասամբ ջուրը` փոխանցելով այդ ոլորտները էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության և տարածքային կառավարման նախարարություններին:

Դեկտեմբեր 15, 2014 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր